Ի՞նչ գիտենք այդ մասին…
Բժիշկ-գիտնականների հետազոտությունները պարզել են, որ մարդուն տարվա ընթացքում առողջ, առույգ լինելու եւ զգալու համար անհրաժեշտ է ստանալ բավարար քանակությամբ լույս եւ գույն: Այդքան անհրաժեշտ «գունային թերապիան», ինչպես համոզված են բժիշկները, մարդիկ կարող են նաեւ «ընդունել» ինքնուրույն. օրինակ՝ հնարավորինս շատ զբոսնելով մաքուր օդում կամ օգտագործելով հատուկ լուսային լամպեր…
Այս մեթոդը շատ օգտակար է վերքերի, այրվածքների շուտափույթ ապաքինման համար, նույնիսկ բարձրացնում է մարդու իմունիտետը: Տնային պայմաններում այդպիսի սեանս ընդունելու համար անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ ընդամենը համապատասխան գունային երանգներով լուսային լամպեր կամ, վատագույն դեպքում՝ ձեզ շրջապատեք համապատասխան գույն ունեցող իրերով:
Իսկ այժմ ծանոթանանք առաջարկվող «գունային թերապիայի» առանձնահատկություններին. յուրաքանչյուր գույն ե՞րբ եւ ո՞ր դեպքերում է խորհուրդ տրվում օգտագործել:
Երկնագույն.- Խորհուրդ է տրվում օգտագործել սթրեսների եւ անհանգստության ժամանակ: Այս գույնը օժտված է արյան ճնշումը իջեցնելու հատկությամբ, նպաստում է ջերմության իջեցմանը եւ կանխարգելում ինֆեկցիայի տարածումը:
Կապույտ.- Ինչպես համոզված էր ռուս զինվորական բժիշկ Ա. Մինինը՝ հենց այս գույնն է հանդիսանում ամենաակտիվ ցավազրկող միջոցը. ակնաբույժներն այն օգտագործում են որպես աչքերի բուժման միջոց:
Մանուշակագույն.- Այս գույնն ընդունակ է հանգստացնելու նյարդերն ու պահպանելու իմունային համակարգը, օգտակար է նաեւ աչքի ցավերի եւ հոգնածության դեպքերում, բայց չպետք է մոռանալ, որ մանուշակագույնի առավելագույն քանակությունը կարող է դառնալ դեպրեսիայի պատճառ:
Կանաչ.- Բուժում է սրտանոթային հիվանդությունները, օգնում է ազատվել գլխացավերից, նաեւ կարգավորում է արյան ճնշումը եւ հանգստացնում նյարդերը: Հոգեբանները կանաչ գույնը խորհուրդ են տալիս խրոնիկ հոգնածության զգացումի դեպքերում:
Կարմիր.- Այս գույնը տաքացնող հատկություն ունի, հետեւաբար՝ խորհուրդ է տրվում մրսածության ժամանակ: Բարերար ազդեցություն է ունենում սրտի կանոնավոր աշխատանքի վրա եւ կարգավորում նյութափոխանակությունը: Սակայն մի՛ մոռացեք, երբ դուք արյան բարձր ճնշում ունեք՝ այն կարող է վնաս հասցնել ձեր առողջությանը:
Դեղին.- Դրական է ազդում մաշկի եւ նյարդային համակարգի վրա։ Այս գույնի օգնությամբ նույնիսկ կարելի է հավասարակշռության բերել մարմնի քաշը… Դեղինը վանում է վատ մտքերը, բարձրացնում մարդու տրամադրությունը, նրան «ստիպում» լինել ինքնավստահ եւ լավատես: