Ճապոնական ձեռարվեստն ու բեմադրված քնարերգությունը՝ հայերի մատուցմամբ
«Նոր քայլ» նախագծի շրջանակներում օրերս Գեղագիտական ազգային կենտրոնի (ԳԱԿ) ցուցասրահում բացվեց ճապոնական օրիգամիի ցուցահանդես, որին հաջորդեց «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ…» խորագրով դասական ճապոնական քնարերգության թատերականացված բեմադրությունը: Ցուցասրահում ներկայացված էին կենտրոնի սաների աշխատանքները: Դեկորատիվ կիրառական արվեստի ստուդիայի ձեռարվեստի խմբի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ աշխատանքները հավաքվել են մի քանի տարիների ընթացքում, իսկ ճապոնական բեմադրության վրա երեխաներն աշխատել են մի քանի ամիս: Ճապոնական ամբողջ արվեստը բնության, կենդանական աշխարհի, ծաղիկների ներբող է, որը հայ մանուկները ներկայացրել էին՝ բացի թղթից, օգտագործելով նաեւ փոքր քանակությամբ կտոր: Ձեռարվեստի խմբի ղեկավարի խոսքով՝ դրանով փորձել են ճապոնական արվեստին ավելացնել նաեւ հայկականը, փորձ է արվել նյութականացնել, կերպավորել եւ տեսանելի դարձնել ճապոնական պոեզիայի ներքին գեղեցկությունն ու խոհականությունը:
Ցուցահանդեսը կազմված էր ինչպես օրիգամիի դասական նմուշներից, այնպես էլ օրիգամիի հիմքի վրա ստեղծված կոմպոզիցիաներից: Կազմակերպիչները ցուցահանդեսով նպատակ են հետապնդում ներկայացնել եւ պրոպագանդել ձեռարվեստի այս տեսակը Հայաստանում: «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ…» ծրագրի նպատակն է՝ հայ հասարակությանը ներկայացնել դասական ճապոնական քնարերգության միջնադարի պոետներ՝ Բասյոյի, Իսսայի, Օնիցուրայի եւ այլոց՝ տարվա եղանակներին նվիրված եռատող բանաստեղծությունների, բնության ու մարդու հավերժական ներդաշնակության ակտուալությունը մեր օրերում: Ներկաներին տրվում էին նաեւ երեխաների ձեռքով պատրաստված թղթե կռունկներ: Կ. Փիլիպոսյանը պատմեց, որ 2005 թվականին ԳԱԿ-ը Ճապոնիայի հետ համատեղ ծրագիր էր կազմել՝ նվիրված 1945-ին ճապոնական Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակին: Այս տարի էլ, ինչպես ամեն տարի, ԳԱԿ-ի սաները օգոստոսի 6-ին կպատրաստեն 1000 կռունկ, որը ճապոնական օրիգամիի սիմվոլն է եւ կոչվում է «երջանկության կռունկ»: Ճապոնական լեգենդ կա՝ կապված մի ճապոնացի աղջկա՝ Սադակո Սասակիի հետ, որը տառապում էր լեյկեմիա հիվանդությամբ: Աղջիկը գիտեր, որ հիվանդ է եւ շուտով մահանալու է: Բժիշկներից մեկը նրան սփոփելու համար ասել էր, որ եթե պատրաստի 1000 կռունկ, ապա ցանկությունը կիրականանա: Երեխան պատրաստում է իր 644-րդ կռունկը, եւ կյանքը ընդհատվում է: Ճապոնիայում, 1957 թվից սկսած, օգոստոսի 6-ը նշվում է Սադակոյին նվիրված օր եւ բոլորը 1 րոպե լռությամբ հարգում են զոհերի հիշատակը: Ամբողջ աշխարհում թեւածում է այս պատմությունը, իսկ կռունկը համարվում է պատերազմի դեմ պայքարելու խորհրդանիշ: Կռունկների հետ երեխաները Ճապոնիա են ուղարկում նաեւ լապտերներ: Կ. Փիլիպոսյանի խոսքով՝ «2005 թ. Ճապոնիայում հարցումների հեղեղ էր, թե ո՞ր ազգն է նախաձեռնել նման բան, մեզ քարտեզի վրա չէին գտել, բայց մեր ուղարկած լապտերները, մոտ 40 րոպե ձեռքերի վրա բռնած, ոտքով հասցրել էին զոհերի հուշահամալիր»: Տիկին Կարինեն հպարտանում է, որ իրենց նախաձեռնությանը միացան նաեւ Գերմանիան, Կանադան, ԱՄՆ-ն եւ շատ այլ երկրներ: Ճապոնացիները հայերին վստահեցրել են, որ հաջորդ տարի հայ մանուկներն իրենց ձեռքով լապտերները կհասցնեն զոհերին նվիրված հուշահամալիր: