Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ակուտագավան՝ հայկական մեկնաբանությամբ

Հուլիս 14,2009 00:00

Ճապոնական ստեղծագործության հայկական բեմադրությունը

Օրերս առաջին անգամ հայ հանդիսատեսի դատին ներկայացվեց ճապոնացի գրող Ռ. Ակուտագավայի «Թավուտում» ստեղծագործության բեմադրությունը: Նախաձեռնությունը Երեւանի թատրոնի ու կինոյի ինստիտուտի ուսանողներինն էր:

«Թավուտում» ավազակը հարձակվում է ճանապարհին շրջող ամուսինների վրա, տիրանում կնոջը եւ սպանում ամուսնուն: Թվում է՝ դատական արձանագրությունները բավարար են հանցանքի համար իրավական վճիռ կայացնելու, սակայն ամեն ինչ այլ հունով է ընթանում. իրադարձության յուրաքանչյուր մասնակից կատարվածը ներկայացնում է իրավացիության իր տեսանկյունից: Իսկ թե, ի վերջո, հերոսներից ո՞վ է իրավացի, ճապոնացի գրողը թողնում է հանդիսատեսի դատին: Հանցավորին մինչեւ վերջ չբացահայտելու հանգամանքը, ներկայացման ռեժիսոր Գուժ Թադեւոսյանի համոզմամբ, յուրաքանչյուրին ճշմարտությունը գտնելու եւ վերահաստատելու հնարավորություն է ընձեռում. «Իմ կարծիքով, այս գործը գեղարվեստական բարձր արժեք ունի. այսօր ճշմարտությունը ներկայացնելու խնդիր կա, այն ամեն ոք ներկայացնում է իր շահերից»:

«Թավուտում» պատմվածքի բեմադրական աշխատանքները սկսվել էին նախորդ տարվա սեպտեմբերից: Գ. Թադեւոսյանի խոսքով, ողջ տարվա ընթացքում դերակատարները փորձել են ծանոթանալ ճապոնական մշակույթին եւ ուսումնասիրել շփման ու վարվելաձեւի կանոններ: Երիտասարդների այս նախաձեռնությունը հետաքրքրել է նաեւ Մոսկվայում Ճապոնիայի դեսպանությանը, որտեղ էլ Գ. Թադեւոսյանը հանդիպել է «Ճապոնական ֆոնդ» կազմակերպության ներկայացուցիչների հետ ու ներկայացրել բեմականացման նախագիծը. առայժմ, շնորհավորանքներից բացի, ճապոնացիները լուրջ առաջարկներ չեն արել: «ՀայՖեստ» միջազգային փառատոնի ղեկավար Արթուր Ղուկասյանի խոսքով` ներկայացումը անսպասելի լավն էր. «Ես որոշակի թերություններ եմ տեսնում դերասանական խաղի մեջ ու ներկայացումը հաջողված էր լավ ռեժիսորական աշխատանքի շնորհիվ եւ Ստվերների թատրոնի առանձնահատկություններով»: Նրա խոսքով, «Թավուտում» ներկայացումն այս տարի որոշակի շտկումներից հետո կընդգրկվի «Հայ Ֆեստ» փառատոնում: Նախատեսվում է նաեւ Ճապոնական դեսպանատան ներկայացուցիչների ներկայությունը փառատոնին: «Եթե ճապոնացիները հավանեն ներկայացումը, ապա մեր երիտասարդ ստեղծագործական խումբը հյուրախաղերով կմեկնի Ճապոնիա, եւ, որ ամենակարեւորն է, ճապոնացիները կսկսեն հետաքրքրվել հայկական ներկայացումներով»,- ասաց Արթուր Ղուկասյանը:

Թատերագետ Նվարդ Ասատրյանն էլ ողջունեց երիտասարդների համարձակ նախաձեռնությունը. «Եթե հաշվի առնենք, որ դերասանական կազմում ուսանողներ էին եւ չունեին հոգեբանական խորքային դերակատարման եւ բեմի փորձ, ապա, ավելի մեղմ դատելով ներկայացումը, նշենք, որ այնտեղ կար եւ՛ միջավայրը, եւ՛ ստվերների թատրոնի ուշագրավությունը, եւ՛ ճապոնական կոլորիտը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել