Առաջին թեթեւագույն քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանի՝ պրոֆեսիոնալ ռինգում յոթերորդ չեմպիոնական գոտին նվաճելու առաջին փորձը չհաջողվեց:
Թեթեւագույն (մինչեւ 53,525 կգ) քաշային կարգում նրա մենամարտը գանացի Ժոզեֆ Ագբեկոյի հետ մրցավարների որոշմամբ՝ 116:111, 114:113, 114:113, ավարտվեց այդ քաշային կարգում IBF-ի վարկածով գործող չեմպիոնի հաղթանակով:
Սանրայզ քաղաքի «Բանկ Ատլանտիկ» սրահում մրցակիցները մենամարտեցին նախատեսված բոլոր 12 ռաունդների ընթացքում: Պայքարն ընդհանուր առմամբ անցավ հավասար պայքարում: Որոշ ռաունդներում Վիկը, որն առաջին անգամ էր հանդես գալիս Հայաստանի դրոշի ներքո, գործում էր խելամտորեն, ակտիվ աշխատում ոտքերով եւ դիպուկ հարվածներով միավորներ վաստակում, շոշափելի առավելություն էր ստանում: Սակայն, ցավոք, ռաունդներ էլ կային, եւ դրանք քիչ չէին, երբ անհասկանալի կերպով մնում էր տեղում կանգնած ու գնում հարվածների չարդարացված փոխանակման՝ հույսը դնելով մեկ հարվածով մրցակցին տապալելու վրա: Եվ այդ պարագայում առավելությունն անցնում էր Ագբեկոյին:
Մարտից հետո հրավիրված մամուլի ասուլիսում էլ Վախթանգն ընդունել է իր այս սխալները: «Այսօր ռինգում ես այլ մարտավարություն էի ընտրել,- հայտարարել է նա:- Շեշտը դրել էի նոկաուտ անող հարվածի վրա: Ես անընդհատ կրկնում էի նույն սխալները եւ դրա համար էլ պարտվեցի: Սա արդարացում չէ: Այսօր ես սխալ մարտավարություն էի ընտրել եւ բավականաչափ գրագետ չէի գործում: Ես դեռ կդիտեմ մարտի տեսագրությունը եւ սխալներս կուղղեմ»:
Տեղեկացնենք, որ մոտակա ժամանակներում Վախթանգ Դարչինյանը պետք է կողմնորոշվի. պարտադիր հավակնորդ Սիմֆիվ Նոնգկվայի հետ մենամարտում պաշտպանելո՞ւ է IBF-ի վարկածով առաջին թեթեւագույն քաշային կարգում իրեն պատկանող չեմպիոնական գոտին, թե՞ հրաժարվելու է դրանից եւ պայքարը շարունակելու է նոր քաշային կարգում:
Ագբեկոն իր հաղթանակը գնահատել է այսպես. «Դարչինյանը յոթերորդ ռաունդում հրեց ինձ եւ ռեֆերին նոկդաուն գրանցեց: Նա ինձ շարունակում էր հրել ամբողջ մենամարտի ընթացքում: Նա ռինգում կեղտոտ ու կոպիտ է գործում: Այսօր ես պայքարում էի երկու հոգու՝ Դարչինյանի եւ ռեֆերիի դեմ, բայց եթե անգամ նրանք հինգը լինեին, ինձ համար նշանակություն չէր ունենա, միեւնույն է՝ հաղթելու էի: Ես առաջվա պես չեմպիոն եմ եւ ոչ թե շիմպանզե, ինչպես նա էր պնդում»: