ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոս յանի գործերը «խառն» են: Դեռ նոր են հրապարակվել Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները՝ նախարարությունում կատարված եւ առկա չարաշահումների ու խախտումների մասին, հիմա էլ, մեր տեղեկություններով, դատախազությունն է ստուգումներ սկսել: Սովորաբար «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացմանը մշակույթի նախարարը ողջույնի խոսք է ասում, ինչը կիրակի օրը տեղի չունեցավ: Փաստորեն, տիկին Պողոսյանը կա՛մ «Ոսկե ծիրանի» հավես չուներ, կա՛մ «վերեւից» զգուշացված էր ավելորդ անգամ աչքի չընկնել: Պատահական չէր, որ հանրահայտ կինոգործիչ Ալան Թերզյանին ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալը հանձնեց փոխնախարար Դավիթ Մուրադյանը եւ կարդաց նաեւ նախարարի ուղերձը, այն դեպքում, երբ Հ. Պողոսյանը անտրամադիր նստած էր դահլիճում: Հաստատ փայլուն չէ նախարարի նորանշանակ վարչության պետերից մեկի տրամադրությունը նույնպես. Հ. Պողոսյանի պաշտոնազրկվելու դեպքում նա այլեւս չի կարողանա պետական միջոցներով զանազան գործուղումների ու որակավորման դասընթացների մեկնել Իտալիա: Այդ պետը չի կարողանա նաեւ իր՝ Սարյան փողոցում գտնվող խմորեղենի արտադրամասի արտադրանքը «սաղացնել» նախարարության ընդունելությունների եւ տարատեսակ միջոցառումների ժամանակ: Մեր տեղեկություններով, արդեն ձերբակալվել են Քոբայրավանքն ու Հնեավանքը այլանդակած «Գուգարք» ընկերության պատասխանատուները: Օրերս կայացած ասուլիսում ՎՊ նախագաh Իշխան Զաքարյանը փաստել էր, որ ամենատխուր պատկերը հուշարձանների վերականգնման ծրագրում էր: «Գուգարք» ընկերությունը պետք է վերականգներ 10-րդ դարի Քոբայրավանքն ու Հնեավանքը, մինչդեռ 4-5 գույնի քարերով վերականգնել են Հնեավանքի համալիրը, սկսած՝ հղկված տրավերտինից, բազալտից ու տուֆից: Մի այլանդակ պատկեր է ստացվել…»,- ասել էր նա: