Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոսկե ծիրանի» անակնկալները

Հուլիս 14,2009 00:00

\"\"Կրկին կինոյի «տիրապետության» ներքո

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը հյուրընկալել է անվանի կինոգործիչների եւ արդեն երկու օր է, բացի կինոդիտումներից, նրանց հետ հանդիպումներ են կազմակերպվում:

«Ոսկե ծիրանը» դարձավ պատճառ, որ ես եկա Հայաստան»,- անկեղծանում է ֆրանսահայ անվանի կինոգործիչ, Կաննի կինոփառատոնի ղեկավարներից, «Ալտեր ֆիլմս» պրոդյուսերական ընկերության, «Սեզար» ակադեմիայի նախագահ Ալան Թերզյանը: Լրագրողներին նա ասաց, որ Հայաստանում առաջին անգամ լինելու պատճառը զբաղվածությունն է. «Դեռ 6 տարի առաջ պետք է գայի: Իրականում ժամանակս չի բավականացնում, ինչի համար ցավում եմ: Հայաստան վայրէջք կատարելուց սկսած, ականջումս հնչում էին մեծ մամիս խոսքերը, իսկ աչքիս առաջ կյանքիս պատմությունն էր՝ թե ինչպես 50 տարի առաջ ընտանիքով ճանապարհ ընկանք Ֆրանսիա»:

Հայկական կինոյի մասին նա այսպես ասաց. «Այդքան ծանոթ չեմ հայկական կինոյին, պատճառը կրկին զբաղվածությունս է: Սակայն «Ոսկե ծիրան» կինոփառատոնն ամեն ինչ ասում է: Այն համարժեք է այլ համաշխարհային կինոփառատոներին: Եթե մի պետություն ունի այսպիսի փառատոն, դա նշանակում է՝ կինո գոյություն ունի»: Հարցին՝ պատրաստվու՞մ է հայաստանցի կինոռեժիսորներից որեւէ մեկի հետ համատեղ ծրագրով հանդես գալ, Ա. Թերզյանը խուսափեց պատասխանել: Քիչ ուշ ավելացրեց. «Մոտ ապագայում չի ծրագրվում: Երեւի ոչ, քանի որ կարճ ժամանակով եմ այստեղ: Տեսնենք ինչպես կստացվի»:

Ժամանակակից հայկական կինոյի մասին բանավիճեցին նաեւ փառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթի մասնակիցներ, «Լռություն» ֆիլմի հեղինակ Տիրան Կարապետյանը, «Զատիկի ոտքից բռնած» 19 րոպեանոց նկարի հեղինակ Արեգ Ազատյանն ու «Տաքսի, էլի լավա» ֆիլմի պրոդյուսեր Արմեն Համբարձումյանը: Ըստ Տիրան Կարապետյանի. «Ժամանակակից կինոյի զարգացման մասին ո՞վ է մտածում, ո՞վ պետք է նկարի կինո, թատերական ինստիտուտի ուսանո՞ղը: Այդ ինստիտուտը պետք է առնվազն վաճառել կամ վառել: Այն ոչ մի օգուտ չի տալիս: Ինչպե՞ս եք հիմա այստեղ նստած խոսում հայկական կինոյի մասին, երբ չունենք մասնագետներ, մասնագետ դասախոսներ, ով՝ ինչ-որ ֆիլմ է նկարում, մտածում է միայն գրպանը լցնելու մասին, իսկ թե ինչ որակի կլինի եւ ինչ կտա հանդիսատեսին, նրան չի հետաքրքրում»: Ասուլիսին ներկա լրագրողները անորակ ֆիլմ արտադրելու մեջ մեղադրեցին «Տաքսի, էլի լավա» ֆիլմի հեղինակներին: Ֆիլմի պրոդյուսեր Արմեն Համբարձումյանը ֆիլմի մասին ասաց. «Ֆիլմը բաղկացած է 12 յոթ րոպեանոց նովելներից: Չեմ ժխտում՝ 12 ֆիլմիկներն էլ կատարյալ չեն, կան նաեւ վատերը, միջինները: Ֆիլմն այնքանով է ստացված, որ 10 ռեժիսոր համախմբվեցին, ինչու չէ, նաեւ գումար վաստակեցին: Այսօր փող աշխատելը ո՞ւմ համար է ամենավերջինը»: 3 ֆիլմի եւ 4 գրքի հեղինակ, ներկայումս զինծառայության մեջ գտնվող «Զատիկի ոտքից բռնած» ֆիլմի ռեժիսոր Արեգ Ազատյանը գտնում է, որ յուրաքանչյուր արված գործ արդեն իսկ քայլ առաջ է տվյալ ասպարեզում. «Չարժե վատ վերաբերվել այն ամենին, ինչ ստեղծվում է: Ես ինքս Թատերականի շրջանավարտ եմ: Այժմ գտնվում եմ ծառայության մեջ եւ փառատոնին մասնակցելու հնարավորություն ունենալու համար շնորհակալությունս եմ հայտնում պաշտպանության նախարարությանը, այսինքն՝ անգամ պաշտպանության նախարարությունն է խրախուսում կինոյի զարգացմանը»:

«Ոսկե ծիրանի» շրջանակներում երեկ կայացավ «ԱՍՍԱ-2» լեգենդար կինոնկարի երեւանյան պրեմիերան: Ըստ tert.am-ի, նախքան սեանսը, ֆիլմի ռեժիսոր Սերգեյ Սոլովյովը եւ գլխավոր դերում հանդես եկող Տատյանա Դրուբիչը հանդիպեցին հայ լրագրողների հետ: Ռեժիսորը պատմեց, թե ինչպես է հասունացել կինոնկարը շարունակելու մտահղացումը: Ըստ ռեժիսորի, իր երեք ֆիլմերը՝ «ԱՍՍԱ»-ն, «ԱՍՍԱ-2»-ը եւ «Աննա Կարենինան», հարկ է դիտարկել որպես եռերգություն: Նշենք, որ Դրուբիչից բացի, գլխավոր դերերում են Սերգեյ Շնուրովը՝ «Լենինգրադ» խմբից եւ Յուրի Բաշմետը: Պատասխանելով այն հարցին, թե Շնուրովը, որը նկարահանվել է «ԱՍՍԱ»-ում, իր ժամանակների Ցո՞յն է, Սոլովյովը պատասխանեց, որ «Վիտյային ոչ ոք չի փոխարինի»: Միեւնույն ժամանակ, նա մյուս կողմից էլ հավելեց, որ ոչ ոք չի կարող ռոք լսարանի հետ նման մայրենի լեզվով շփվել, ինչպես Շնուրովը: Խոսելով Յուրի Բաշմետի մասին՝ ռեժիսորը հայտնեց, որ նա ոչ միայն մեծ երաժիշտ է, այլեւ «պատրաստված է նույն խմորից, ինչ Շնուրովը»:

Հ. Գ. «Ոսկե ծիրանի» բացման ժամանակ մշակույթին ամենաշատն ուշադրություն դարձնելու եւ մասնավորապես փառատոնը մշտապես հովանավորելու համար՝ փառատոնի գլխավոր հովանավոր «ՎիվաՍել ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը պարգեւատրվեց «Մանթաշյան ասպետ» շքանշանով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել