Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՑԱԳՈՐԾ ԵՆՔ ՈՒ ԱՀԱԲԵԿԻՉ

Հուլիս 14,2009 00:00

Ֆրանսիացի կինոգործիչները հայերին այսպես են ներկայացնում աշխարհին

\"\"
Ֆիլմի հերոսներ Միլո Մալաքյանն ու Անտոնը:

Կիրակի օրվանից մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Կազմակերպչական թերություններին ու բացման «կիքսերին» այս անգամ չենք անդրադառնա, քանի որ ավելի լուրջ թեմա կա: Փառատոնի բացման ֆիլմ էր ընտրվել մեծանուն կինոարտադրող Ալան Թերզյանի եւ ֆրանսիացի ռեժիսոր Լոան Թյուելի «Մերձավոր շրջապատը»: Այն եղեռնից փրկված ու Ֆրանսիայում ապաստանած հայ գերդաստանի, ավելի շուտ՝ Մալաքյանների մաֆիայի մասին է, որտեղ կնքահոր դերում հանդես է գալիս աշխարհահռչակ Ժան Ռենոն, մյուս դերերը կատարում են Գասպար Յուլիելը, Վահինա Ջոկանտեն, Սամի Բուաժիլան: Մալաքյանների կլանը՝ հայ գանգստերների մի ընտանիք, վերահսկում է Հարավային Ֆրանսիայի ընդհատակյա աշխարհը: Պարագլուխը անողոք Միլո Մալաքյանն է, նրա որդին ու ժառանգորդը՝ Անտոնը, կլանի այլախոհն է եւ համառորեն երազում է ազատության մասին, որպեսզի ապրի սիրած աղջկա՝ Էլոդիի հետ, իր ուզած ձեւով: Բայց հանցախմբի ներքին օրենքներին դա հակացուցված է: Էլոդին, Միլոյի կարծիքով, այլ աշխարհի հետ կապն է, հետեւաբար կարող է խանգարել իրենց գործարքներին եւ վտանգ ներկայացնել ինֆորմացիայի արտահոսքի առումով: Դրա համար էլ Միլոն հրամայում է սպանել աղջկան, որ իր որդու երեխային է կրում կրծքի տակ: Անտոնը կանխում է դա՝ սպանելով իր հավատարիմ ընկերոջը: Սա արդեն բեկում է, նշանակում է՝ Մալաքյան մաֆիան ճաք է տալիս: Մյուս կողմից էլ ոստիկանության տեսուչ Սոնյեն է որոշել տապալել Մալաքյաններին:

Մահացու պայքար է ծավալվում հայկական մաֆիայի նախաձեռնած հանդուգն կողոպուտի շուրջ, որ Մալաքյանների կլանի վերջին գործը պիտի լիներ, Անտոնն էլ զոհվում է…

Իբրեւ ֆիլմ, «Մերձավոր շրջապատը» հետաքրքիր աշխատանք է, եթե գումարենք նաեւ նրա ստեղծմանը ներդրում ունեցած հայտնի անունների բույլը: Հայերի ականջն ու աչքը գուցե կշոյի ֆիլմում հայերեն հնչող «Հայր մերը»: Մի բան, սակայն, մտահոգիչ է՝ հայի ոչ բարենպաստ կերպարը ֆրանսիացիների աչքում: Չէ՞ որ Ֆրասիայում արվեստի, բժշկության, բիզնեսի, քաղաքականության եւ այլ ոլորտներում հայտնի հայորդիներ են ապրում, ինչո՞ւ պիտի հենց ահաբեկիչը հայկական ծագում ունենար, դեռ սիցիլիական մաֆիայի շնորհներն էլ «իրենով աներ»՝ ըստ ֆրանսիացի ռեժիսորի:

«Մերձավոր շրջապատից» առաջ՝ 2004-ին, դարձյալ Ֆրանսիայում ստեղծված «Արամ» ֆիլմն էլ հայ ահաբեկիչների մասին է, կարգախոսն էլ՝ «Արյուն՝ արյան դիմաց, վրեժ՝ վրեժի»: Այստեղ էլ փարիզաբնակ Սարգսյան ընտանիքի որդին է հանցավոր կապեր ունեցող սառնասիրտ ահաբեկիչ: Եթե «Մերձավոր շրջապատում» Միլոն մյուսներին ասում է, թե հանցագործ խմբի անդամներին միավորում են իրենց արմատները, ապա «Արամում»՝ ահաբեկիչների հավաքատեղիում ավելի պատկերավոր դետալ կա՝ պատին փակցված է Լեռնային Ղարաբաղի արդեն նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի լուսանկարը: Նման փաստերը բավական են, որ ադրբեջանցիները համապատասխան դիվիդենդներ հավաքեն՝ եվրոպացիների մոտ հայկական ագրեսորությունը հաստատելու համար: Ի դեպ, իտալացի Տավիանիներն էլ մի ուրիշ ծայրահեղություն էին ներկայացրել ԵԽ փողերով նկարած իրենց «Արտույտների ագարակում». այստեղ էլ հայերը անսահման թրքասեր էին:

Դառնալով «Մերձավոր շրջապատին»՝ հավելենք, որ ֆիլմի ցուցադրությունից հետո դահլիճը գոհ չէր: Եղան վարանոտ մեկ-երկու ծափեր, բայց իսկույն էլ դադարեցին: Առանձին հանդիսատեսներ տեղներից բացականչեցին, որ սա խայտառակություն է, նման ֆիլմերը պախարակում են մեր ազգը, ավելին՝ «Մերձավոր շրջապատը» արժանի չէր փառատոնը բացելու պատվին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել