Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդեմ մադրիդյան սկզբունքների

Հուլիս 14,2009 00:00

\"\"Ստեփանակերտում 2009թ. հուլիսի 10-11-ը գումարված համահայկական համաժողովն ընդունել է բանաձեւ, որում մասնավորապես ասված է.

«Մենք՝ աշխարհի 25 երկրներից ժամանած հայության ներկայացուցիչներս, ԼՂՀ նախագահի բարձր հովանավորությամբ կազմակերպված համաժողովի ընթացքում քննարկելով այս ժամանակաշրջանի մեր ազգային եւ պետական կարեւորագույն՝ Արցախի եւ հայ-թուրքական հարաբերությունների հիմնահարցերը՝ հաստատում ենք.

ա. Արցախյան հիմնահարցի վերջնական կարգավորման ուղին խաղաղ բանակցային գործընթացն է, որտեղ, սակայն, պետք է փոխվի խեղված ձեւաչափը, եւ ԼՂՀ-ն հանդես գա իբրեւ լիիրավ կողմ:

բ. Բանակցային գործընթացում հիմք պետք է ընդունել Արցախի ժողովրդի արդեն իսկ կայացած ինքնորոշման փաստը եւ առաջնորդվել 1991թ. անկախության եւ 2006թ. ԼՂՀ Սահմանադրության ընդունման հանրաքվեների արդյունքներով:  Բանակցությունները պետք է նպատակ ունենան առաջնահերթ լուծում տալ ԼՂՀ անկախության ճանաչման եւ նրա անվտանգության ապահովման հարցերին ու չպետք է շրջանցեն բռնազավթված Շահումյանն ու Գետաշենը, Մարտակերտի ու Մարտունիի հատվածները եւ Ադրբեջանից տեղահանված հարյուր-հազարավոր հայերի իրավունքները::

գ. Լեռնային Ղարաբաղը երբեք մաս չի կազմել անկախ Ադրբեջանին, իսկ 1991թ. հռչակել է իր անկախությունը Ադրբեջանին չպատկանող տարածքներում: Խորհրդային Միության կազմալուծմամբ ավարտվել է Խորհրդային Ադրբեջանի տիրապետությունը Արցախի վրա: Արցախյան պատերազմի նախահարձակը եւ հետեւանքների պատասխանատուն Ադրբեջանն է:

դ. Գիտակցելով, որ բանակցությունները ենթադրում են փոխզիջումներ, միաժամանակ պնդում ենք, որ փոխզիջումները, հակամարտության կարգավորման բոլոր բաղադրիչների հաշվառումով, կարող են լինել միմիայն համարժեք, հավասարաչափ, միաժամանակյա եւ տեղադրվել փաթեթային ամբողջական լուծման համակարգում: Այլապես ԼՂՀ շուրջ անվտանգության գոտու ցանկացած թուլացում, առանց ԼՂՀ տարածքային ամբողջականության վերականգնման, մեծացնելու է պատերազմի հավանականությունը եւ վտանգելու Արցախի բնակչությանը:

ե. Այս համատեքստում, այսպես կոչված, նորացված մադրիդյան սկզբունքների հիման վրա հակամարտության կարգավորումը արագացնելուն ուղղված համանախագահող երկրների նախագահների կոչը բացարձակապես չի բխում հիմնախնդրի բնույթից եւ հակամարտության ծավալման պատմությունից: Ավելին՝ այն շրջանցում եւ լիովին անտեսում է ԼՂՀ ժողովրդի օրինապատշաճ կերպով արդեն իսկ արտահայտած կամքը: Համաժողովը դատապարտելի, անթույլատրելի եւ իրավական ուժից զուրկ է համարում միջազգային որեւէ փաստաթղթի ընդունումը՝ առանց հակամարտության հիմնական կողմի՝ ԼՂՀ իշխանության անմիջական մասնակցության: Համաժողովը հաստատում է, որ Հայաստանի Հանրապետությունը Ղարաբաղի ժողովրդի համար այս կենսական հարցի լուծման մեջ իրավասու չէ փոխարինել ԼՂՀ-ին: Համաժողովը ՀՀ իշխանություններից պահանջում է չստորագրել առաջարկվող փաստաթուղթը եւ հրատապ միջոցներ ձեռնարկել ԼՂՀ-ն բանակցություններում որպես լիիրավ կողմ վերադարձնելու համար:

զ. Հայաստանը բոլոր միջոցներով պետք է երաշխավորի ԼՂՀ անվտանգությունն ու անկախությունը եւ հասնի այդ կարգավիճակի միջազգային ամրագրմանը: Առ այդ՝ միջազգային հանրության հովանու ներքո ՀՀ, ԼՂՀ եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված ուժի կիրառումը բացառող փաստաթուղթը միայն կարող է ապահովել խաղաղ բանակցային գործընթացի անշրջելիությունը:

է. Մեզ համար Արցախը Հայաստան է եւ մնալու է ադպիսին: Համայն հայության զորաշարժով մենք մեկ անգամ արդեն հաղթել ենք Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում, եւ թող ոչ ոք չկասկածի, որ նույնն է լինելու, եթե դարձյալ ազատ ժողովրդի հետ փորձեն խոսել զենքով:

Արցախի հիմնախնդրին, հայ-թուրքական հարաբերություններին նվիրված երկօրյա համաժողովի մասնակիցներս վերահաստատում ենք ազգային-պետական հարցերում մեր միասնականությունն ու վճռականությունը։ Մեզ համար գերագույն արժեքներ են Հայաստանի անկախ Հանրապետությունը, ազատ Արցախը, կազմակերպված Սփյուռքը եւ մեր ժողովրդի անժամանցելի իրավունքները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել