Կապանի կոմբինատի աշխատողները կրկին դժգոհում են, իսկ տնօրենը նորամուծություն է առաջարկում
«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի կամ Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի աշխատակիցներին՝ կոմբինատի ապրիլի 1-ի վերագործարկումից հետո հուզող հարցերից մեկը նաեւ այն է, թե համաշխարհային շուկայում գունավոր մետաղների գների բարձրացումից հետո սպասվու՞մ են աշխատավարձերի բարձրացումներ, թե՞ պետք է շարունակեն աշխատել բարձր նորմատիվներով եւ ցածր աշխատավարձով, որի պատճառով էլ աշխատակիցները մի քանի անգամ գործադուլ էին հայտարարել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետան ասաց, որ չեն պատրաստվում աշխատակիցների աշխատավարձերը ուղղակիորեն բարձրացնել՝ գումարները կներդրվեն նոր մշակված բոնուսային ծրագրում, որից կշահի ինչպես ընկերությունը, այնպես էլ աշխատակիցները: «Այս նորամշակ ծրագիրը, որը հիմնված է այլ ծրագրերի վրա, որոնք իմ աշխատանքային փորձում արդարացրել են, այժմ զուտ տեղայնացրել եմ մեր ձեռնարկության համար: Ծրագիրը կտա իր արդյունքը, ձեռնարկությունը կհասնի իր նպատակին, իսկ աշխատողների աշխատավարձը կախված կլինի իրենց աշխատանքից: Ըստ այդ ծրագրի՝ աշխատողները բոնուսներ կստանան ամենակարեւոր՝ անվտանգության կանոնների պահպանման, ինչպես նաեւ նախատեսված նորմատիվների գերազանցման եւ ծրագրում նախանշված այլ կետերի համար: Այս դեպքում արդեն, աշխատողները բոնուսների շնորհիվ կկարողանան վաստակել ավելի բարձր աշխատավարձ»,- պարզաբանում է պարոն Ֆալետան եւ նշում, որ մետաղների գների բարձրացումը, որը տեղի է ունեցել համաշխարհային շուկայում, կտրականապես չի փոխել ձեռնարկության վիճակը, եւ աշխատողներն այնքան էլ չեն գիտակցում, որ ձեռնարկությունը յուրաքանչյուր ամիս կորցնում է միլիոնավոր դոլարներ, միջազգային տնտեսության այս պայմաններում իրենք կարողանում են անել այնքան, որքան կարող են: Իսկ աշխատողները չեն համարում իրենց այդ ամենի մի մասը եւ ուզում են միայն աշխատավարձերի բարձրացում, բայց պետք է գիտակցեն իրավիճակը:
Ծրագիրը ձեռնարկության տնօրենը պատրաստվում է ներկայացնել ստորգետնյա աշխատողներին, նմանատիպ ծրագրեր են կազմվում նաեւ մյուս աշխատողների համար: «Բոնուսային ծրագիրը որպես բազային վճար ընդունում է այս ամսվա միջինը, որը ավելի բարձր է, քան առաջ, քանի որ այն ընդգրկելու է թե՛ ցերեկավարձը, թե՛ գիշերավարձը: Բանվորների մեծ մասն աշխատում է ե՛ւ ցերեկային, ե՛ւ գիշերային հերթափոխով: Ըստ ծրագրի, եթե աշխատողը չի կատարում իր նորման՝ կպարզվի, թե ինչքանով է այն նորմայից ցածր: Նույն հաշվարկը կատարվելու է նաեւ նորմաների գերազանցման դեպքում: Ծրագրում հավասարեցվել է միանման աշխատանք կատարողների վարձատրությունը: Մնացած խմբերի համար մոտեցումը եւս նույնն է լինելու: Արդյունքում՝ որոշ մարդիկ բավականին բարձր աշխատավարձ են ստանալու»,- հավելում է տնօրենը:
Ինչ վերաբերում է գիշերային հերթափոխի պարտքերին, ապա պարոն Ֆալետայի հավաստմամբ, կառավարության հետ պայմանավորվածության համաձայն՝ այս տարվա հուլիսից կսկսեն մարել այդ գումարները:
Հաջորդ ամենացավոտ խնդիրը «Դինո գոլդ մայնինգ քամփնիում» սպասվելիք աշխատատեղերի կրճատումն է: Որքան որ ցավալի է՝ լինելու են նոր կրճատումներ: Ձեռնարկությունում այժմ աշխատում է 1200-ից ավելի մարդ: Ռոբերտ Ֆալետան հրաժարվեց հստակ նշել՝ քանի աշխատատեղ կկրճատվի, եւ առաջիկայում ովքեր կհամալրեն գործազուրկների շարքը, քանի կապանցի ընտանիք կզրկվի եկամտի միակ աղբյուրից, փոխարենը նշեց. «Միշտ ասել ենք, որ մեր ձեռնարկությունում աշխատում է ավելի շատ մարդ, քան անհրաժեշտ է: Արդյունավետ աշխատանքի համար մեզ 950 աշխատողն էլ բավարար է, մինչդեռ այսօր աշխատում է 1200-ից ավելի մարդ: Մասսայական կրճատումներ չեն լինի: Դա կկատարվի առաջիկա 6 ամիսների ընթացքում: Փաստ է, որ այսօր կան աշխատողներ, որոնք վճարվում են, բայց նրանց համար ձեռնարկությունը աշխատանք չունի»:
Ձեռնարկության գլխավոր տնօրենը խոսեց նաեւ առաջիկա ծրագրերից: Նախատեսվում է առաջիկա մի տարում բացել Շահումյանի բաց հանքը, ինչը նշանակում է, որ նոր աշխատատեղեր էլ կբացվեն: Գործընթացը սկսված է, բայց դեռ շարունակվում են նշված վայրի ուսումնասիրությունները: Ժամանակավորապես դադարեցվել են Շահումյան բանավանի բնակիչների տների եւ այգիների դիմաց փոխհատուցումը, ինչպես նաեւ հետախուզության ծրագիրը: Ֆալետայի խոսքերով, դա խոշոր ներդրումների հետ է կապված:
Ծրագրված է ավելացնել արտադրական ծավալները, տարեկան 400 հազար տոննայից դարձնել 600 հազար: «Եթե մենք պահպանենք ներկայիս արտադրական ծավալները, ապա չենք կարողանա գոյատեւել մետաղների նման ցածր գների պայմաններում: Հարկադիր պարապուրդից հետո հարստացուցիչ ֆաբրիկան մի փոքր նվազեցրել է հանքաքարի արդյունահանման ծավալները, բայց հիմա աշխատում ենք վերականգնել այն»:
Վերջերս կառավարության որոշմամբ պետական բյուջեից $44 միլիոնի վարկ է տրամադրվել Սյունիքի մարզի հանքարդյունաբերական 3 ձեռնարկություններին՝ «Արմենիա մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ եւ «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ: «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերությունը չկար այդ ցուցակում: Ռոբերտ Ֆալետան ասում է, որ իրենք այդ խնդրանքով կառավարությանը չեն դիմել, սեփականատերն է այդպես որոշել. այդ վարկի կարիքը այլ ձեռնարկություններ ավելի շատ ունեն, քան «Դինո գոլդ մայնինգ քամփնին»:
Անդրադառնալով բնապահպանական տեսչությունների ստուգումներին, որոնց արդյունքում ընկերությունը բավական խոշոր տուգանքներ պետք է վճարի՝ պարոն Ֆալետան ասաց միայն, որ վերջերս հանդիպել է բնապահպանության նախարարին եւ եկել ընդհանուր հայտարարի: Պայմանավորվածություններից մեկի համաձայն, այդ գումարները ընկերությունը կտրամադրի Կապան համայնքում բնապահպանական եւ սոցիալական ծրագրերի իրականացմանը: Իսկ տուգանքի ստույգ գումարը չասաց: «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի ապրիլի 1-ի վերագործարկումից հետո ոչ բոլոր աշխատողների հետ են կնքվել նոր պայմանագրեր, շատ աշխատակիցներ էլ դժգոհ են պայմանագրերում սահմանված նախկինից բարձր նորմատիվներից, ինչպես նաեւ ցածր աշխատավարձերից: Երեկվանից՝ հուլիսի 13-ի առավոտվանից, կոմբինատի աշխատակիցները գործադուլ են հայտարարել, հրաժարվելով աշխատել այդ պայմաններով, իսկ Ռոբերտ Ֆալետան պատրաստվում է նրանց ներկայացնել բոնուսային ծրագիրը, հույս ունենալով, որ դրանից հետո կհաջողվի զերծ մնալ հերթական «խռովություններից»: Տնօրենը գտնում է, որ նախկին նորմատիվները ցածր ու ծիծաղելի էին, աշխատողներին քիչ աշխատանքի դիմաց էին վարձատրում: