Լրահոս
Օրվա լրահոսը

Վստահության հիմքը դրվե՞լ է

Հուլիս 14,2009 00:00

ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը դա չի բացառում

Կիրակի օրը՝ հուլիսի 12-ին, տեղի ունեցավ օտար լեզուներից լրացուցիչ միասնական քննություն: Անգլերեն լեզվի համար ՀՀ-ից եւ ԼՂՀ-ից հայտագրվել էր 155, գերմաներենի՝ 15, ֆրանսերենի՝ 8 դիմորդ: «Առավոտը» կրկին այցելեց Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի քննակենտրոն՝ հետեւելու քննության ընթացքին: Դիմորդներից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ են լրացուցիչ քննություն հանձնում: Մայրաքաղաքի՝ մեզ հետ զրուցած դիմորդների մեծ մասը լրացուցիչ քննության էր մասնակցում՝ հիմնական քննությանը հիվանդության պատճառով բացակայելու հետեւանքով: Օրինակ՝ Արմեն Պետրոսյանն ասաց. «Քննության նախորդ օրվանից բարձր ջերմություն ունեի, ոչ մի կերպ հնարավոր չէր քննության մասնակցել: Բժշկի թուղթ ներկայացրի ԳԹԿ, որպեսզի թույլ տան այսօր մասնակցել քննության»: Արփինե Սողոմոնյանն էլ ասաց. «Քննության նախորդ օրը ջերմություն ունեի, գիշերը վիճակս ավելի վատացավ, դրա համար էլ քննության չեկա»: Արեգնազ Լուլուկյանն էլ Ջավախքից էր եկել. «Մեր դասերն ավելի ուշ են ավարտվում, դրա համար էլ չհասցրինք մասնակցել քննությունների առաջին փուլին: Ինչ վերաբերում է օտար լեզուների դասավանդմանը, ապա մեզ մոտ հիմնականում մասնագետներ չեն դասավանդում լեզուները, բայց մասնավոր պարապելու համար կարող ենք գտնել մասնագետներ»: «Առավոտը» մի քանի հարցեր հղեց նաեւ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանին: Քանի որ քննությունների հիմնական փուլի ժամանակ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր օտար լեզուներից, հետաքրքրվեցինք՝ բնական կհամարի՞, եթե լրացուցիչին էլ գրանցվեն բարձր միավորներ, թե՞, այնուամենայնիվ, ինչպես մյուս առարկաների գծով լրացուցիչ քննություններին, այս անգամ էլ կգրանցվեն ցածր արդյունքներ: Մ. Մկրտչյանը պատասխանեց. «Արդյունքները համեմատաբար ցածր կլինեն, բայց դրանք բարձր կլինեն մաթեմատիկայի, հայոց լեզվի քննությունների համեմատ: Օտար լեզվի արդյունքների բարձր լինելու պատճառը նաեւ թեստերի ակնհայտ թույլ առաջադրանքներն են, որ հնարավորություն տվեցին բարձր միավորներ ստանալ»: Հետաքրքրվեցինք՝ այն դիմորդները, որոնք հիմնական քննության ժամանակ հեռացվել են ծածկագիր օգտագործելու համար, հնարավորություն կունենա՞ն մասնակցել լրացուցիչ քննությանը: Փոխնախարարը պատասխանեց. «Եղել են տարբեր դեպքեր, օրինակ՝ երբ ծածկագիրը հայտնաբերվել է հենց սկզբից, երեխայից վերցրել են այն եւ թույլ տվել շարունակել քննությունը, նույնիսկ բարդ է եղել գուշակել՝ դա ծածկագիր է, թե՝ այլ բան: Եղել է դեպք, երբ երեխայի մոտ վերջում է ինչ-որ բան հայտնաբերվել: Ուստի ում հեռացրել էինք քննությունից, նրանց հնարավորություն է տրվել մասնակցել քննությանը»: Հայոց լեզու եւ գրականություն առարկայի թեստ կազմողներն ասում էին, թե ԿԳՆ-ն է իրենց պատվիրել՝ համապատասխան միջին միավորներ ապահովող թեստ գրել: Փոխնախարարից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այդ սկզբունքը չի տարածվել օտար լեզուների թեստերի վրա: Մ. Մկրտչյանը պատասխանեց. «Այս տարվա դեպքերը մեզ համար դաստիարակչական նշանակություն ունեցան: Տհաճ երանգներ չպիտի դնել. պատվեր՝ ոչ մեկը ոչ մեկին չի տալիս: Սակայն ամեն տարի ԿԳՆ-ն, հաշվի առնելով տվյալ տարվա առանձնահատկությունները, փորձը, խնդիրները, մշակում է համապատասխան քաղաքականություն. կա կրթական քաղաքականություն, որի մեջ ներառվում է նաեւ, թե միասնական քննությունները ինչ ոճի, բնույթի պիտի լինեն եւ ինչի համար»: Հետաքրքրվեցինք՝ ընդհանուր քաղաքականությունը չտարածվե՞ց օտար լեզուների վրա: Մ. Մկրտչյանը պատասխանեց. «Սա արդեն վարպետության, կարողության հարց է, ամեն դեպքում, երբ թեստ կազմողներն անփորձ են լինում, կարող է թեստերը կազմեն, իրենց թվա՝ սկզբունքները պահպանել են, բայց պարզվի՝ հակառակը: Դա թեստ կազմողների մասնագիտական մակարդակի խնդիրն է: Հուսով եմ՝ տարիներ հետո կլինեն թեստաբանական լուրջ սկզբունքներ, գիտությունը կզարգանա, կլինեն համապատասխան մասնագետներ»: Նա խոսեց նաեւ այս տարվա՝ իրենց քաղած «դասերից». «Անցյալ տարվանից մի հարցի վրա էի ուշադրություն դարձրել. հասարակության հետ աշխատանքը չպիտի սահմանափակվի միայն թափանցիկ տեղեկատվական պրոցեդուրաներով: Հանրային պատկերացումները դեռ քննություններից առաջ լրիվ ձեւավորված պիտի լինեն, ոչ թե հենց քննությունների ժամանակ պետք է դրա վրա աշխատել: Բայց լուրջ մասնագիտական հարցերում ոչ թե պիտի զիջել հասարակական կարծիքին, այլ հասարակությունը պիտի գնա մասնագետների հետքերով եւ աստիճանաբար իր ընկալումն ավելի արդյունավետ կայացնի»: Մեր դիտարկմանը, թե դրա համար վստահություն է պետք, Մ. Մկրտչյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ այս երկու տարում դրա հիմքերը կան»:

Հ. Գ. Դպրոցի բակում իրենց երեխաներին անհամբեր սպասող ծնողների բազմության մեջ մի երիտասարդ սիրահար զույգ կրքոտ համբուրվում էր, ինչի արդյունքում մի պահ ընդհատվեցին ծնողների՝ քննությունների մասին խոսակցությունները եւ սկսեցին ծայր առնել ամոթանքներ այդ զույգի զգացմունքների անբռնազբոս դրսեւորման մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել