Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴՈՆ ՔԻՇՈՏ ՉԵՄ»

Հուլիս 14,2009 00:00

\"\"Հայտարարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ «Առավոտի» հրապարակման հետքերով ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, արձագանքելով «Առավոտի»՝ 08.07.2009-ի համարում տպագրված «Բոլոր մտահոգությունները՝ մի նամակում» հոդվածին, երեկ հանդիպեց այդ հոդվածը հեղինակած շուրջ 30 ուսուցիչների հետ: Ուսուցիչները եւս մեկ անգամ հնչեցրին իրենց մտահոգող հարցերը, որոնց պատասխանեցին նախարարն ու ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Ուսուցիչներից մեկն ասաց. «Հարցերի հարցը ավագ-միջին դպրոց փոխհարաբերությունն է: Անկասկած է, որ ավագ դպրոց պիտի ունենանք, բայց հնարավոր չէ՞ դա անել անցավ, առանց ցնցումների: Ի՞նչ սկզբունքներով են ընտրվում ավագ դպրոցները, ի՞նչ չափորոշիչներ կան: Հնարավոր չէ՞ անցումն անել այնպես, որ միջին դպրոցը չտուժի: Տնօրենները չգիտեն՝ ո՞ւմ կրճատեն: Հնարավոր չէ՞ պետությունը ուսուցիչներին ատեստավորի, որ տնօրենը առաջին հերթին վատ ուսուցչին ազատի դպրոցից: Հնարավոր չէ՞ ավագ դպրոցի ուսուցչական կազմը համալրել մրցույթով»: Ուսուցիչներից մեկն էլ առաջարկեց. «Լավ կլինի, որ ավագ դպրոցների 5-րդ դասարանները տեղափոխվեն միջին դպրոցներ: Ուսուցչի ավելցուկ է առաջանում միջին դպրոցում, այդ դեպքում մեր միջինը դառնում է 12 ժամ եւ ոչ մի ֆինանսիստ քաղաքապետարանում մեզ չի հաստատի: Օրինակ՝ եթե դպրոցում կա 4 ուսուցիչ, որոնք բոլորն էլ երիտասարդ են եւ լավ մասնագետ, տնօրենն ինչպե՞ս նրանցից մեկին ազատի, նրանք կդիմեն դատարան, կվերականգնվեն»: Մեկ այլ ուսուցիչ վրդովված ասաց. «Մեկ դրույքն ինչո՞ւ է դարձել 22 ժամ: Հայոց լեզվի ժամերը կրճատվել են բոլոր դասարաններում»: Ուսուցիչները խոսեցին նաեւ դասագրքերի անկատարության մասին. «Դասագրքերից շատերը չեն համապատասխանում երեխայի տարիքային առանձնահատկություններին: Օրինակ՝ պատմության դասագրքերում քիչ են քարտեզները, շատ՝ տերմինները, որոնք անհասկանալի են երեխաների համար»:

Նախարարի հետ հանդիպման եկած ուսուցիչները խոսեցին նաեւ Կրթության ազգային ինստիտուտում (ԿԱԻ) իրենց անցած վերապատրաստումից. «Մենք հիմնական դպրոցի ուսուցիչներ ենք, որ վերապատրաստվում էինք ավագ դպրոցի համար: Ինչո՞ւ էինք վերապատրաստվում, եթե ավագ դպրոցում չենք դասավանդելու, կամ զուգահեռաբար անցկացվում էր նաեւ դասագրքերի փորձարկում, ինչը անարդյունավետ էր, քանի որ մեր դիտարկումները տեղ հասնելու համար ժամանակ արդեն չէր մնացել»:

Ֆ. Նանսենի անվան թիվ 150 դպրոցի ուսուցչուհին խնդրեց, որ իրենց դպրոցում ներառական կրթություն ստացող 3 աշակերտները շարունակեն կրթությունը նույն դպրոցում՝ չնայած տվյալ դպրոցը ավագ չէ: Ուսուցիչներից մեկն էլ խոսեց այն արատավոր երեւույթի մասին, որ հաճախ գերազանց առաջադիմություն ունեցող երեխաներն ավելի ցածր միավորներ են ստանում ընդունելության քննություններից, քան բարձրաստիճան պաշտոնյաների զավակները:

Հարցերի տեղատարափից հետո նախարարը պատասխանեց դրանց: Մինչ այդ հայտարարեց, որ 3 օր առաջ ընդունվել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը, եւ աշնանը դպրոցներում տեղի կունենան օրենքի հետ կապված լուսավորչական աշխատանքներ: Անցնելով ավագ դպրոցների հիմնախնդիրներին՝ նախարարն ասաց. «Համաձայն եմ, որ գուցե լավ պատրաստված չենք եղել, երբ մտել ենք ավագ դպրոցների բարեփոխումների դաշտ, այս տարի էլ լավ պատրաստված չենք: Գործընթացը սկսված էր 2008-ից, այն անգամ քննադատվում էր իմ կողմից՝ ԱԺ-ում: Թիվ մեկ խնդիրը թերտեղեկացվածությունն է. անգամ դպրոցի տնօրենները եւ մանկավարժները, էլ չեմ խոսում ծնողների մասին, թերտեղեկացվածության պատճառով տագնապի մեջ են, քանի որ նրանց այս ամենի իմաստը մինչեւ վերջ չի բացատրվել, ինչը ԿԳՆ մեղքն է: Մյուս կողմից ցանկացած բարեփոխում պահանջում է լուրջ ֆինանսական ներդրում: Ցավոք, ճգնաժամը առաջին հերթին խփում է ամենախոցելի ոլորտներին, որոնցից մեկը կրթությունն է: Բայց արդեն մտել ենք գետը եւ ստիպված ենք սովորել լողալ, ետդարձի ճանապարհ չկա»: Դասագրքերի մասին Ա. Աշոտյանն ասաց. «Ընթացակարգն այնպիսին է, որ վերջին պահին նախարարը, կամ ԿԱԻ-ին ստիպված հավանություն են տալիս ինչ-որ դասագրքի՝ որեւէ դասագիրք ունենալու համար, հակառակ դեպքում այդ դասարանում այլ դասագիրք չի լինի: Այս տարի էլ հազիվհազ հասցնում ենք ավագ դպրոցի դասագրքերը: Ինչո՞ւ չեք ստեղծում հեղինակային խմբեր եւ մասնակցում մրցույթներին»: Ուսուցիչները խմբովին պատասխանեցին. «Երբ դիմում ենք, ասում են՝ ուշացել եք կամ կոմպետենտ չեք»: Պատասխանելով դժգոհությանը, թե պաշտոնյայի որդուն հաճախ առավելություն է տրվում, ԿԳ նախարարը պատասխանեց. «Ինքս շարքային ընտանիքից եմ, բայց ինձ համար ճանապարհ եմ հարթել: Ուստի այդ ճանապարհը հարթելի է, անկախ նրանից՝ մրցակիցը նախարարի որդի, պատգամավորի դուստր, թե մարզպետի թոռ է: Մեր իրականությունից դա արմատախիլ անել այս պահին անհնար է, ես չեմ ուզում հասարակության եւ ձեր վրա Դոն Կիշոտի տպավորություն թողնել: Եկեք ռեալ նայենք՝ պիտի պայքարենք, ստեղծենք քննական ավելի կատարյալ մեխանիզմներ»: Այստեղ ուսուցիչներից մեկը հիշեցրեց 9-րդ դասարանի հայոց պատմության ավարտական քննությունը, երբ երեխաները թեստերի պատասխանները գրպանում եկել էին քննության: Պարոն Աշոտյանն ասաց. «Մենք հազիվ փորձեցինք հսկել միասնական քննությունների ընթացքը, չնայած ընդամենը 44 քննակենտրոն ունեինք: 1400 դպրոցում ավարտական քննությունները ո՞նց հսկեինք, իսկ ո՞ւր մնաց տնօրենի, ուսուցչի ներքին աուդիտը»:

ԿԳ նախարարը խոստացավ, որ սեպտեմբերին կդիմեն դպրոցներին՝ խնդրելով նրանց տալ թեստային առաջադրանքների տարբերակներ, որոնք կփոխանցվեն թեստերի՝ մյուս տարվա հեղինակներին: Հարցերին պատասխանեց նաեւ Ն. Հովհաննիսյանը: Նա ավագ դպրոցներում կադրերի կրճատման մտահոգության մասին ասաց. «Որակյալ ուսուցիչը դուրս չի մնա: Ավագ դպրոցում մրցույթ չարեցինք, քանի որ շատ դաժան կլիներ՝ մեկ էլ այդտեղ խառնեինք ամեն ինչ»: Քննարկման ընթացքում որոշ ուսուցիչներ պնդում էին, թե չնայած ըստ կարգի ավագ դպրոցները պիտի առաջին դասարանցիներ չընդունեն, բայց կան խոսակցություններ, որ ընդունելու են: Վարչության պետն ասաց. «Նման բան չկա, եթե ընդունեն էլ՝ այդ երեխաները չեն ֆինանսավորվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել