Խոսք՝ Սասուն Միքայելյանի մասին
Եվ նրանց ասաց. «Ջանացեք
մտնել նեղ դռնով, ասում եմ
ձեզ, որ շատերը կուզենան
մտնել, բայց չեն կարող»:
Կասկածից վեր է, որ ազգերի մշակույթն է որոշում նրանց հասունության չափը, ապագան գուշակելու տեսանկյունն ու զարգացածության մտահորիզոնը, որոնցից էլ նախագծվում է ժողովուրդների պատմական քարտեզը:
Խորենացուց արդեն լավ գիտենք, որ երկրների մեծության չափը քաջերի սուրն է որոշում։ Ճիշտ է, այդպես է, բայց սուր վերցնելու համար մի կարեւոր բան էլ է անհրաժեշտ՝ ձեւավորված աշխարհայացք, որ զենք վերցնելու ամենախոշոր հոգեկան գործոնն է:
Պատերազմի ժամանակ ազատամարտիկներն ապացուցեցին, որ առաջին օրերին անպաշտպան ժողովրդին հաղթող, մեր փորը թափող դարավոր հակառակորդն ամենեւին էլ այն մարտունակ եւ բազմաքանակությամբ անպարտելի կռվողը չէ, ոչ էլ արցախյան ժողովրդի՝ նրանցից ազատագրվելու երջանիկ ապագային հավատալու ցանկությունն է պատրանք կամ թվացյալ երազանք: Երբ զենք ենք վերցրել, ամենահզոր հակառակորդին անգամ հաղթելն անհնարին չի եղել:
Ամենահին դարերում էլ այդպես է եղել. մինչեւ նախարարությունների անկումը, Հայոց աշխարհը երբեք անելանելի դրության մեջ չի ընկել, որ սահմաններից ներս մտած թշնամու առաջ խոնարհվեր եւ նրա թելադրած պայմաններն ընդուներ:
Հազար յոթ հարյուր տարի առաջ, ազնվականության օրոք էր, որ զենքի ուժով դրվեց մեր պատմական գոյության իրավունքի բարոյական խարիսխը։ Երբ այրուձին էր կանգնած արտաքին վտանգների դեմ, տարբեր ժամանակաշրջաններում, փոխնեփոխ երկիր ներխուժած՝ ոչ հռոմեացի ստրատեգները, ոչ արաբ խալիֆները, ոչ պարսից Արքայից արքաները, ոչ էլ բյուզանդացիները պարծենալու իրավունք չունեն, թե երբեւէ պատահել է, որ մինչեւ վերջ հնազանդեցրել են Հայոց աշխարհը եւ բազուկներին շղթա են դրել:
Դա հետո եղավ, նախարարների՝ զենքը վայր դնելուց հետո էր ներխուժումը, երբ հայրենիքի դուռ-լուսամուտ բաց մնացին դարերով կրնկակոխ մեզ հետապնդողների, տափաստաններից եկող քամիների առաջ:
Մարդկությանը հայտնի դարվինյան «Տեսակների ծագումը» ապացուցում է, որ տեսակը երբեք չի փոխվում: Իսկ ի՞նչ է, հրաշք է կատարվել, հակառակորդն այսօր բնո՞ւյթն է փոխել, թե՝ մութ նպատակները նրան արդեն ամոթալի են թվում: Մինչեւ հիմա էլ, ամեն հողմակոծությունից հետո, անապատներում ավազների տակից ջրաշուշանների պես բացվող ճերմակ ոսկորներից դեռ ներողություն չխնդրած, Հայաստանը շրջանցող՝ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղին է կառուցվում: Պատմական հայրենիքից զրկելուց հետո՝ ամբողջ մի ժողովրդի հավերժական շրջափակման մեջ վերցնելով, հիմա էլ՝ մշտական սովով է սարսափեցնում. 21-րդ դարին խաբելու նոր մեթոդներ են, գուցե այդպես եղել է, գուցե՝ չի եղել: Օրհան Փամուկն էլ մինչեւ հիմա չի ասել՝ ցեղասպանություն է եղել կամ ներողություն է խնդրում կատարվածի համար: Իսկ ինչքա՞ն ժամանակ է անցել 15-ից՝ բուդապեշտյան ողբերգության մեջ կրկին գլխավոր գործոնը կացնի շեղբն էր եւ ինչպես միշտ՝ ազգային հերոս է հռչակվել մարդասպանը:
Չգիտեմ՝ էլ ինչ նշան է ցույց տալու երկինքը, որ հավատանք՝ մեր ապահովության միակ երաշխիքը մշակույթն ու բռունցքն են, դարերի փորձառությունն է այդպես ապացուցել: Կարծում եմ՝ պաշտպանված լինելու համար, անկախ ժամանակներից ու իշխանություններից, ամեն տուն իր զենքը պիտի ունենա:
Քաղաքականության ոգին, նրա բնույթը աղետն է՝ անսպասելի տեղաշարժ, փլուզում…
Ոգին եւ որոտները դուրս եկան այնքան խորքից, որ նրանց երես ելնելը շատ նման էր աղետի, նոր քաղաքական երկրաշարժի, պատմական իրադարձության։ Նրանց ձայնը պիտի լսել կարողանանք, որ հասկանանք՝ ի՞նչ է կատարվում մեզ հետ, ի՞նչ է ասելու ապագա օրը եւ մեր նախնիների այդ ո՞ր իմաստնությունն է, որ առաջ պիտի մղի մեզ։ Սակայն ինչպես միշտ, դարձյալ անզոր եղանք հասկանալ նրան, ինչի համար հայտնվել էր, ինչի համար ղողանջում էր եւ գուրգուրանք էր պահանջում:
Ազատության եւ Մյասնիկյան հրապարակների ամբողջ տասն օրերի կյանքը միայն երազ էր, հազարավոր դարերի երփներանգ գույներով թեւերը տարածած, պերճանքով անցնող մի սիրամարգ կամ նախշազարդ ծաղիկներով հյուսածո մի գորգ, որ անդունդի խորխորատների վրա էր փռված, իսկ շուրջբոլորը հորձանուտ էր տալիս հայկականության քաոսը, հենց Հայրենիքի, Տան, Ճրագի քաոսը, որը ջղաձիգ ուղեգիծն էր երկու ուժերի կամ մեր դարավոր հանրահայտ պատմության կրկնությունն էր՝ քաղաքական ազատության մահվան ճամփեքով։ ՓՈՐՁԻՉԸ դարձյալ ազգային փրկության համար մեկից ավելի համոզմունքներ էր հրապարակ հանել եւ կրկին մղկտացնող հոսանքը կտրելով անցավ հայոց միաբանության միջով, այս անգամ էլ, հինավուրց մշակույթը՝ լեզուն, կրոնը, տեսակն ու ավանդույթը դարձյալ չփրկեցին։ Այնուամենայնիվ, պատահեց 1-ի գիշերը՝ ՆԵՂ ԴՈՒՌ էր, որ տասը զոհերն էլ մեզ հետ անցան, բայց հիմա մի՞թե քաղաքում աղոտ չի գուշակվում տասն ուրվականների գոյությունը, ինչքան էլ նրանցից վախենալով փախչենք՝ բակերի, փողոցների, մեր երազների մութ անկյուններում հանդիպելու ենք նրանց, քանի դեռ չեն բացահայտվել մեղավորները. այդպիսին են ոգիների՝ երկրի վրա մնալու, իրենց տեղերը չվերադառնալու օրենքները:
Վերստին խռովյալ, հակառակվող միտքը մեզ հանեց վտանգների եւ դառնությունների մառախլապատ ճամփեքին:
Իսկ ինչո՞ւ անցյալի դասերը գնահատելու ցանկություն չեղավ: Ինչո՞ւ է միմյանց լսելը բացառվում, իսկ իրար դեմ կռիվն այդչափ ծայրահեղության հասնում: Իրադարձությունները քանի գնում, այնպես են կծվանում, ասես՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը յոթ տարի միասին աշխատած չլինեն, ի՞նչ է, երկրի կենաց մահու օրերին իրար չե՞ն հասկացել, բա ինչպե՞ս է դիմակայվել չորս կողմից թափվող արհավիրքը, ի՞նչ է, այդ ընթացքում անհամաձայնություն, վեճ չի՞ եղել. չէ՞ որ փորձությունների ժամանակ է՝ մածունը նաեւ սեւ լինում: Այդ ինչպես է, որ այն ժամանակ գտնվել են հաշտության եզրեր, հիմա՝ ոչ:
Մինչդեռ, կրկին աշխարհի չորս ծագերից արեւելքում, ի հեճուկս մեզ, նավթի պաշարներից ու մեր վեճերից օր օրի զորանում է հակառակորդը։ Իսկ Եվրոպան 27 միավորված պետությունների հակասական շահերով է մտածում, միշտ էլ ուշացած են լինելու նրա՝ մեզ նեցուկ լինելու գործողությունները՝ սկսած հին դարերից (պատմությունն այդ մասին վկայություններ է թողել): Իսկ Եվրոպայի երկու մեծությունն ունեցող, իրեն մահմեդական ազգերի եւ երկրների մերան համարող Ռուսաստանը, արեւելքի ու արեւմուտքի միջեւ անընդհատ հակասական քաղաքականություն վարելով, միայն իմպերիայի շահերով է առաջնորդվել։ Երբեմն սահմռկեցնող հազարոտնուկ որդի նման է եղել, որը հետո բոժոժն ուտելով՝ գեղեցկուհի թիթեռ է դառնում: Այս ելեւէջների մեջ է, որ մեր հայրենիքը միայնակ է՝ անապատում քարավանից ետ ընկած մենավոր ուղտի նման:
Սասուն Միքայելյանի քաղբանտարկության մի տարի չորս ամիսը մարմանդ վառվող հրդեհի պես անցավ ու դեռ վառվելով է անցնում: Երկրի համար ինչքանով է շահավետ Սասունին դատապարտելը, երբ այդ զինամթերքը (ոչ թե զենք է եղել, այլ՝ զինամթերք) պատերազմի սկզբնական օրերին ջոկատի անդամների հավաքած գումարով է գնվել, շատ դեպքերում տղաներն իրենց ունեցվածքն էին պարպում. ունեցվածք եմ ասում, որովհետեւ կանխիկ դրամ չունենալու պատճառով շատերն իրենց կով ու ոչխարն էին ծախում: Այդ զինամթերքի մի մասն էլ Արցախ էր ուղարկվում: Ուրեմն զինամթերքն ամբողջ ջոկատին է պատկանում, հետեւաբար՝ քառասուն հոգին էլ պիտի դատվեն: Հատկապես՝ ես: Ինքս պատրաստ եմ խոստովանելու եւ դատվելու, որովհետեւ փամփուշտները (հատը երեքից-հինգ ռուբլի) եւ այլ զինամթերք, ԲՄՊ մեքենաների «Նարսեր», որը հետագայում Վազգեն Սարգսյանի գիտությամբ հանձնվեց նորաստեղծ բանակին, գնել էի Ախալքալաքի ռուսական բանակի սպաներից, որ ջոկատը Սասուն Միքայելյանի առաջնորդությամբ կարողանար Երասխ-Բաղանիս-Ոսկեպար՝ հակառակորդի առաջին հարձակումներին դիմակայել:
Զինամթերք ասածի մյուս մասն էլ, ամեն գնալ-գալուց, հակառակորդից է ավար վերցվել, նաեւ ավելցուկ էր գոյանում՝ մեկ կամ երկու նռնակ, երեք տուփ (ցինկ) փամփուշտ, մի քանի ական եւ այլն… Դրանք որեւէ կազմակերպության չհանձնելու պատճառը ոչ թե 15-20 տարի հետո հեղափոխություն կամ իշխանազավթություն կազմակերպելու նպատակադրությունն էր՝ ինչպես Սասուն Միքայելյանի մեղադրականում իրավապահ մարմիններն են ձեւակերպել, այլ՝ քանի որ Հրազդան քաղաքն աշխարհագրական դիրքով երկրի կենտրոնում է եւ բոլոր սահմանամերձ գոտիներին ավելի մոտիկ էր գտնվում, գիշեր լիներ, թե ցերեկ, եթե որեւէ տեղից օգնություն էին կանչում, ջոկատի մի մասը պահեստավորած սպառազինությունը վերցրած՝ հասնում էր Տավուշ կամ Օմար, մինչեւ մյուս կեսն այդ ընթացքում կգնար Երեւան՝ ալարկոտ, դանդաղաշարժ նախարարությունից զինամթերք ստանալու։ Սա էր իրավապահների՝ իբրեւ զինամթերք գտնելու մյուս պատճառը: Այդ ամենի մասին գրեցի, որ երեւա՝ անարդարություն է Սասունի հետ կատարվածը: Ամբողջ ջոկատը՝ քառասուն հոգին հավասարապես, եւ հատկապես՝ ինքս, պատրաստ ենք անցնելու նեղ դռնով:
Քանի որ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը կռվել է, ուրեմն գիտի պատերազմով անցած մարդկանց միաբանության օրենքները՝ չի կարելի հրամանատարին բանտարկել եւ մնացած քառասուն հոգուն մեղքի զգացումով թողնելով դրսում: Ջոկատի ոգին ու մարտունակությունն է կոտրվում՝ հակառակորդի հոխորտանքի եւ ապագա պատերազմների դեմ:
Այդ զորավոր ոգին, ազգովի հերոսությունը մենք այլեւս չենք ունենալու՝ դա մի սերունդ էր, որին կոմունիստական միաբեւեռ կուսակցության տիրապետության ժամանակ էր տրվել, երբ հայրենասիրությունը որպես ազգայնականություն էր դիտվում: Տարեգիր Եղիշեի Կարմիր Վարդանով, Բուզանդի Սամվելով դաստիարակված, արգելված պոետների ոգեկոչ բանաստեղծություններով արթնացած սերունդ էր: Այն ժամանակ հայի համար արգելված գրականությունը՝ կորցրած պատմական հայրենիքի մասին սերն էր, Չարենցի, Շիրազի, Թումանյանի խոսքերով՝ Մասիս ասելն էր։ Եվ դարերի խորքից եկող այդ ինչ խիզախում էր, ինչ ոգի, որ հերիքեց՝ մեր բազմամիլիոնանոց հակառակորդին դիմակայել:
Սասունի հայրենասիրությունն ու նվիրվածությունը տղաների համար արդեն ապացուցված է, ամենավտանգավոր փորձություններով անցնելով՝ զոհված ընկերոջը չի թողել հակառակորդի ձեռքը, որ դիակը չծաղրեն: Նրա համար դիակը սոսկ դիակ չէր, ետ վերցնելը, ինչպես գյուղի, քաղաքի, լեռան, գետի, հայրենիքի համար կռվելու՝ պատվախնդրություն էր։ Սա այն ոգին էր, որ հայրենիքը, հողը եւ մահը կապում էր իրար:
Շուշին վերցնելու օրերին վիրավորվել էր ու դեռ պառկած էր շտապօգնության 3-րդ հիվանդանոցում, իսկ ջոկատը կռվում էր Ջանյաթաղում: Լսել էր մարտակերտյան ծանր օրերի, քաղաքին սպասվող փորձությունների մասին, թաց վերքերով փախել էր հիվանդանոցից: Դա ինքն էր՝ պատերազմական ավերների, փլուզումների, մարդասպանությունների մեջ՝ լինել բոլորի հետ: Ազնվությունը, մարմնից դուրս ապրելը Սասունին բնորոշ առաքինությունն է:
Ջոկատի անդամներին կապող անկյունաքարերից մեկն էլ մարմնալվայի արարողությունն էր: Բոլորն էլ ուսապարկերում սպիտակեղեն էին պահում: Ամեն մարտից առաջ, հնարավորության դեպքում, անձրեւաջրով, թե առվի մեջ լողանում էին, որ զոհվելիս, երբ ընկերը սպիտակեղենը հագցներ, իր դիակը՝ Աստծո եւ հայրենական հողի համար մաքուր լիներ:
Ահա մարդկային չգրված օրենքներ. ուրիշ ժամանակ գուցե անհնար համարեի նրանց մասին այսքան բացեիբաց խոսել, բայց ցանկացա տեղյակ պահել, թե ինչու Սասունի քաղբանտարկության մեկ տարի չորս ամիսները ՆԵՂ ԴՈՒՌ են նաեւ քառասուն հոգու համար եւ մարմանդ բռնկված հրդեհի պես է վառվում…