Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԿԱՊԱՆՑԻ ԼԱՈՒՐԱՆ Է

Հուլիս 14,2009 00:00

Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2009» մրցույթին Հայաստանը կներկայացնի 11-ամյա կապանցի Լաուրա Հայրապետյանը:

Մեծ մասսայականություն վայելող մանկական մրցույթին հայաստանցի փոքրիկ երգչուհին կներկայանա իր հեղինակած «Բարսելոնա» երգով, որը հուլիսի 10-ին Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում նախընտրական փուլն անցած յոթ երգերից եզրափակչում հաղթող ճանաչվեց: Բացի Լաուրայից, եզրափակիչ էին դուրս եկել նաեւ «Ճերմակ ամպիկներ», «Ուրախ ղողանջներ» «Զանգակ» խմբերը, Ջուլի Բերբերյանն ու Լիկա Մուշեղյանը, Ռազմիկ Աղաջանյանը:

«Բարսելոնա» երգի գործիքավորման հեղինակը «Դո Ռե Մի» կենտրոնն է, իսկ Լաուրա Հայրապետյանը՝ Նադեժդա Սարգսյանի սանը: Տիկին Սարգսյանն արդեն հայտարարել է, որ Լաուրան օժտված է թե՛ վոկալ եւ թե՛ դերասանական տվյալներով: Լաուրան չորս տարեկանից զբաղվել է վոկալով: 2003 թվականին Վոլգոգրադում՝ «Ռադուգա» միջազգային փառատոնի ժամանակ «Փոքրիկ հրաշք» անվանակարգում նա արժանացել է Գրան-պրիի: 2006 թվականին Տուապսեում՝ Էստրադային երգի համառուսական մրցույթի ժամանակ արժանացել է Գրան-պրիի: «Սլավյանսկի բազար 2008» միջազգային մանկական մրցույթի հաղթող է Լաուրան, իսկ 2006-ին մասնակցել է Ռուսաստանում կայացած «Մանկական Եվրատեսիլ-2006» մրցույթի ընտրական փուլին եւ զբաղեցրել երկրորդ տեղը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել