Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհասցե» հիվանդանոցի հոգսերը

Հուլիս 14,2009 00:00

Թալինի հիվանդանոցում անառողջ մթնոլորտ է, որից տուժում են թե՛ բուժանձնակազմը, թե՛ թալինցիները

\"\"
Առողջական խնդիրներ ունեցողները պետք է ենթադրեն,
որ սա հիվանդանոց է:

Մի քանի տարի շարունակ, մինչեւ 2007 թվականը, Թալինի հիվանդանոցում վիճակը վիճակ չէր: Երկիշխանություն, տարբեր առաքելություններով երկու գլխավոր բժիշկ, պառակտված աշխատակազմ, նրանց նկատմամբ անվստահությամբ լցված, հանրապետության այլ հիվանդանոցներին դիմող թալինցիներ:

2007 թվականին հիվանդանոցի տնօրեն նշանակվեց Մկրտիչ Ուրղանջյանը: Մինչ այդ՝ նախկին տնօրենի ջանքերով մարվել էին հիվանդանոցի պարտքերը, ու նոր տնօրենը կարծես ազատվել էր գլխացավանքից: Սակայն սա միայն ենթադրություն էր: Հենց սկզբից ակնհայտ էր դժգոհությունը բուժանձնակազմի կողմից: Այսօր արդեն թաքուն ու բացահայտ խոսվում է տնօրեն Ուրղանջյանի անօրինություններից:

Այսպես, ըստ տնօրենի՝ կենսաթոշակային հիմնադրամին պարտքեր չունեն, փոխանցվում են արհմիության գումարները: Սակայն, երբ փորձեցինք կապվել կենսաթոշակային ծառայության հետ, տնօրենը խոստովանեց, որ 2 միլիոն դրամից ավելի կենսաթոշակային պարտք ունեն: Նույն կերպ վարվեց, երբ հարցրինք արհմիության գումարների փոխանցման մասին: Երբ զրուցում էինք արհմիության նախագահ Մերուժան Մարտիրոսյանի հետ, ու երբ նա արդեն իր դժգոհությունն էր արտահայտել տնօրենից՝ գումարները չփոխանցելու վերաբերյալ, տնօրենը մեր ներկայությամբ զանգեց նրան, խնդրեց՝ չբողոքի, շուտով գումարը կփոխանցվի:

Հունվար ամսից բարձրացել է բուժաշխատողների նվազագույն աշխատավարձը, սակայն դա չի վերաբերում Թալինի հիվանդանոցին: Տնօրենի ասելով, այդ չարաբաստիկ 5 հազար դրամ հավելումներն արդեն վճարվում են, մինչդեռ աշխատողները պնդում են հակառակը: Հիվանդանոցում մեզ տեղեկացրին, որ դեռ գործում է սուտ կանչերի մեխանիզմը, իսկ սա նշանակում է թե՛ հավելյալ վառելիք, թե՛ գումար:

Ըստ տնօրենի՝ բժիշկների միջին աշխատավարձը կազմում է 80-100 հազար դրամ, իրենը՝ 180 հազար դրամ: Ըստ բժիշկների՝ 80-100 հազար ստանում են մի քանիսը, մնացածի աշխատավարձը 45 հազար դրամ է: Այստեղ հատկանշական է երկու հանգամանք. տնօրենը հիվանդանոցում զբաղվում է միայն վարչարարությամբ, մասնագիտությամբ վիրաբույժ է, սակայն ո՛չ մասնակցում, ո՛չ էլ միջամտում է վիրահատություններին: Երկրորդ՝ տնօրենը ծառայողական ավտոմեքենայով ամեն օր աշխատանքի է գնում-գալիս Երեւանից՝ օրական անցնելով 150 կմ, ուրեմն, մի բան էլ պետք է ավելացնի իր պատկառելի աշխատավարձին՝ հոգալու վառելանյութի ու պահեստամասերի ծախսերը:

Հիվանդանոցի մուտքի մոտ չգտանք ցուցանակ, որտեղ գրված լիներ «Թալինի բժշկական կենտրոն», որը կծանուցեր, թե ինչ շենքի մատույցներում ես կանգնած:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել