Անդրադարձ «Առավոտում» տպագրված «Արի տուն» ծրագիրը տապալվում է» հոդվածին («Առավոտ»,10.07.09)
«Արի տուն» ծրագիրը մշակվել եւ ՀՀ կառավարության ծրագրերում ներառվել է դեռեւս 2008-ի նոյեմբերին եւ նախատեսվել է լայն ժամանակահատվածի համար՝ մայիս-հոկտեմբեր: Սփյուռքի նախարարությունը իրավասու չէ ղեկավարելու սփյուռքյան կառույցները, անհատներին, որ Սփյուռքի համայնքներն են որոշում երեխաներին եւ երիտասարդներին հայրենիք ուխտագնացության ուղարկելու ժամկետները՝ հաշվի առնելով նախարարության առաջարկած ժամանակացույցը: Դպրոցական արձակուրդները, հիմնականում բոլոր երկրներում, հուլիս-օգոստոս ամիսներին են, այդ իսկ պատճառով նախարարություն ներկայացված հայտերը հիմնականում վերաբերում են հենց այդ ամիսներին, իսկ ներկայացված հայտերի ընդհանուր թիվը առայժմ 305-ն է, որից առաջին հոսքում, հուլիսի 15-ից սկսած, «Արի տուն» ծրագրով Հայաստան կժամանեն 154 սփյուռքահայ պատանիներ եւ երիտասարդներ: Հարկ ենք համարում նշել, որ «Արի տուն» ծրագրի նախապատրաստական փուլը մեկնարկել է դեռեւս փետրվար ամսին եւ իր մեջ ներառել այնպիսի մանրակրկիտ ուսումնասիրություններ, ինչպիսիք են՝ ընտանիքների ընտրություն, հանդիպումներ այդ ընտանիքների հետ (Երեւանում, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի մարզերում), աշխատանքային հանդիպումներ, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համակարգված աշխատանք, հասարակական կազմակերպությունների ընտրություն, նրանց կողմից ներկայացված ծրագրերի համադրում, ծրագրի կազմկոմիտեի բազում նիստեր եւ բազմաթիվ այլ բաղադրիչներ:
«Արի տուն» ծրագրի արժեքը գաղտնի չի պահվում: Սփյուռքի երիտասարդության՝ դեպի Հայաստան պարբերական այցելությունների կազմակերպման եւ անցկացման «Արի տուն» խորագրով 2009 թվականի ծրագիրը իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» N ՀՕ 197-Ն ՀՀ օրենքի Հավելված N1-ի բաժին 08-ի խումբ 04-ի դաս 01-ի 04՝ «Սփյուռքի երիտասարդության այցելություններ Հայաստան» կետով նախատեսված միջոցներով, որի մասին տեղեկատվությունը հասանելի է https://www.
arlis.am/DocumentView.
aspx?docid=42432 հասցեով՝ էջ 25-28, ինչպես նաեւ պետական բյուջեի մասին պաշտոնական տեղեկագրում:
Ինչ վերաբերում է ՀՀ Սփյուռքի նախարարի «հանկարծակի» այցելություններին, ապա տեղեկացնենք, որ դրանք կարող են լինել եւ հանպատրաստից, եւ նախօրոք ծրագրված: Նաեւ մեկ հավելում. նախարարները արտասահման պաշտոնական կամ աշխատանքային գործուղումների են մեկնում ՀՀ նախագահի եւ ՀՀ վարչապետի գիտությամբ եւ թույլտվությամբ: Նաեւ պետք չէ մոռանալ, որ նախարարի պաշտոնական այցերի նպատակներն ու արդյունքները լուսաբանում են ոչ միայն տեղական, այլ նաեւ արտասահմանյան լրատվամիջոցները: Նախարարության գործունեության թափանցիկության ապահովումը գերխնդիր է, քանի որ դրան հետեւում է ողջ Սփյուռքը, առհավատչյան՝ վերջին 5 ամիսների ընթացքում նախարարի 3 մամուլի ասուլիսներն են, որոնք հեռարձակվել են ինտերնետով, ինչը հնարավորություն է ընձեռել աշխարհի տարբեր երկրների տասնյակ լրագրողների, հայաստանյան լրագրողների հետ հավասար մասնակցել ասուլիսին, տալ հարցեր եւ պատասխան ստանալ:
Ինչ մնում է ՀՀ Սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթի ինտերնետային հասցեի վերաբերյալ «Առավոտի» մտահոգություններին, խնդրել ենք «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթի թողարկող՝ Պետական գնումների գործակալությունում կայացած մրցույթում հաղթած «Նոյյան տապան» լրատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Գայանե Առաքելյանի պարզաբանումը, որը ներկայացվում է ստորեւ. «Ցավում եմ, որ մեր գործընկերները նույն հարցի հետ կապված արդեն երկրորդ անգամ իրենց ընթերցողներին գցում են թյուրիմացության մեջ: Բանն այն է, որ «Առավոտ» օրաթերթի հուլիսի 10-ի համարում տեղ գտած հրապարակման «պատմությունը» սկսվել է դեռ ս.թ. մայիսի 15-ի «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթի շնորհանդեսից, երբ «Առավոտի» թղթակցի (16.05.2009) «բացահայտումների» թիրախը դարձավ ոչ թե շնորհանդեսին հայտարարված եւ այդ օրվանից ի վեր գործող թերթի hayernaysor.am կայք-էջը, այլ www.hay.spyurq.am հասցեն, որը երբեւէ հայտարարված չի եղել եւ չի գործել. դա եղել է թերթի նախնական աշխատանքների փուլում ստեղծված հասցե՝ նախատեսված ներքին օգտագործման համար, սակայն չհայտարարված եւ չգործող հասցեի տեխնիկական աշխատանքային «թերությունները» հոդվածում վերագրվել էին իրական «Հայերն այսօր» կայքին, ուր դրանք իրականում ինքնըստինքյան բացակայում էին:
Ելնելով ստեղծված իրավիճակից, որ «Առավոտը» «Հայերն այսօր»-ի վերաբերյալ սխալ տեղեկատվություն է տարածել եւ մտավախություն ունենալով, որ սխալ հասցե նշելու արդյունքում «Հայերն այսօր» նորաստեղծ կայքը կարող էր կորցնել բազմաթիվ պոտենցիալ ընթերցողներ, նախարարության տեղեկատվության եւ հեռահաղորդակցության վարչությունն այդ ժամանակ դիմեց «Նոյյան տապան» լրատվական գործակալությանը, որը, ինչպես նշեցինք, պատրաստում է «Հայերն այսօր» թերթը, եւ որի ինտերնետային սերվերի վրա է տեղադրված այն, խնդրելով, որ ի լրումն hayernaysor.am հասցեի, ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» թերթին վերագրի նաեւ ha.spyurq.am, armenianstoday.
spyrq.am, եւս մի քանի նմանատիպ հասցեներ, որոնք բոլորը կբերեն դեպի պաշտոնական hayernaysor.am: Իրականում հրապարակումից հետո աշխատանքային վիճակում գտնվող hay.spyurq.am-ը դարձավ դեպի hayernaysor.am տանող հավելյալ (alias) հասցեներից մեկը:
Այս համակարգը աշխատել է մինչեւ անցյալ շաբաթ, երբ «Հայերն այսօր» թերթի նոր դիզայնի անցնելու կապակցությամբ «Նոյյան տապան»-ի ցանցային ադմինիստրատորները սկսեցին որոշ փոփոխություններ անել: Այդ ընթացքում տեղի է ունեցել սերվերի խաթարում, որի պատճառով իրար են խառնվել նույն՝ «Նոյյան տապան»-ի սերվերի վրա գտնվող մի քանի այլ կայքեր, այդ թվում նաեւ «Հայերն այսօրը»: Խաթարումը վերականգնվել է 15 րոպեի ընթացքում, սակայն ցանցային ադմինիստրատորի աչքից վրիպել է վերականգնել ավելացված վերոնշյալ լրացուցիչ հասցեների միացումը եւ այդ հասցեներով թյուրիմացաբար սկսել է բացվել նույն սերվերի վրա գտնվող եւ «Հայերն այսօրը» սպասարկող «Նոյյան տապանի» կայքը:
Ինչ վերաբերում է Սփյուռքի նախարարության համապատասխան վարչության ղեկավարի՝ այլ կառույցի (ակնարկվում է, որ՝ «Նոյյան տապանի») ղեկավարի պաշտոնը համատեղելու հարցին, ապա վերջին 2 տարիների ընթացքում «Նոյյան տապան» լրատվական-վերլուծական կենտրոնի տնօրենը վաղուց արդեն Գայանե Առաքելյանն է»:
ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակազմի՝ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
Բնականաբար, այս պատասխանի ամեն մի կետին «Առավոտն» էլ իր պատասխանն ունի, սակայն չցանկանալով մեր հարաբերություններին հակամարտության տեսք տալ, զերծ ենք մնում մեկնաբանություններից: