Ասում է Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը
– Պարոն Շահբազյան, հուլիսի 1-ին Ալավերդիում հրազենից սպանվեց հանցավոր աշխարհում հայտնի Կարեն Սոխակյանը: Ի՞նչ քայլեր եք կատարել՝ սպանությունը բացահայտելու համար:
– Հուլիսի 1-ին, գիշերվա ժ. 2-ի սահմաններում, Ալավերդու հիվանդանոցից հաղորդում ստացվեց, որ իրենց մոտ է տեղափոխվել «Սոխ» մականունով տեղի բնակիչ Կարեն Սոխակյանի դիակը՝ հրազենային վնասվածքներով: Անմիջապես դեպքի վայր ենք մեկնել ես, Թումանյանի ոստիկանության քննչական բաժնի օպերատիվ խումբը, ոստիկանության Լոռու մարզի ոստիկանության պետն ու քննչականի պետը: Տեղում համագործակցված աշխատանքների արդյունքում մինչեւ լուսադեմ հանցագործությունը բացահայտվեց: Պարզվեց, որ հուլիսի 1-ի գիշերը, ժ. 01.20-ի սահմաններում, Ալավերդու Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 18 շենքի դիմաց նույն շենքի բնակիչ, նախկինում դատված Սպարտակ Մանուչարյանն իր մոտ եղած ապօրինի ինքնաձիգից, նախկինում ունեցած անբարյացակամ հարաբերություններից ելնելով, կրակել է Կարեն Սոխակյանի մեքենայի վրա եւ սպանել ղեկին նստած Սոխակյանին, դիմել փախուստի: Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, իսկ Սոխակյանի ավտոմեքենայի վրա՝ 17 վնասվածք:
Անմիջապես դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: Մանուչարյանը կալանավորված է:
– Դուք ասացիք, որ գտնվել եք դեպքի վայրում, որի իրավունքը, որպես դատախազ, չունեիք:
– Ես իրավունք ունեմ գնալ տեսնելու՝ սկսվե՞ց նախաքննությունը, թե՞ ոչ, կատարվու՞մ են անհետաձգելի միջոցառումներ: Ես գնում եմ կազմակերպելու: Իրոք, մեծ ծավալի աշխատանք է: Պատկերացրեք՝ չբացվեր:
– Երբ հսկողություն է լինում, ոստիկանները բացահայտում են: Ունե՞ք դեպքեր, երբ ոստիկանները չեն արձանագրել հանցագործությունը:
– Չունենք նման դեպք, երբ ոստիկանները տեղեկացվել են, բայց չեն գրանցել:
– Ինչպիսի՞ն է Լոռու մարզում հանցավորության վիճակը 1-ին կիսամյակում:
– Լոռու մարզում այս տարվա 1-ին կիսամյակում գրանցվել է հանցագործության 623 դեպք՝ նախորդ տարվա 366-ի դիմաց (257 դեպքով ավելի): Բացահայտման առումով արձանագրվել է 566 դեպք, նախորդ տարվա 328-ի դիմաց՝ 238 դեպքով աճել է: Առանձնապես ծանր հանցագործություններով գրանցվել է 9 դեպք, նախորդ 4-ի դիմաց, ծանր հանցագործություններով՝ 180 դեպք, նախորդ տարվա 154-ի դիմաց: Սպանության դեպքերը 3-ն են:
– Ինչո՞վ է պայմանավորված աճը:
– Նախ, չկա մի հաղորդում, որը չգրանցվի, անկախ այն հանգամանքից, թե այն կվատթարացնի՞ ցուցանիշը, թե՝ ոչ: Մենք ունեինք մասնավոր հետապնդման դեպքեր, որոնք հաշվառվեցին այս տարվա հունվարի 1-ից:
– Պարոն Շահբազյան, միջազգային կառույցների կազմակերպած միջոցառումներում, ցուցադրված տեսանյութերում, զեկույցներում սեռական շահագործման առումով առաջատարը հանրապետությունում ձեր մարզն է: Արդյոք, ճի՞շտ են այն տեղեկությունները, որ հսկողության տակ եք վերցրել ժամանցային օբյեկտները, շոգեբաղնիքները:
– Մարզում շահագործման նպատակով պոռնկության ներգրավելու դեպքեր չունենք: Միգուցե ծնունդով լոռեցի են՝ հավաքագրվում են այլ վայրում: Մեկ ամիս է՝ իմ հանձնարարությամբ ակտիվ պայքար ենք սկսել մարզի հանգստյան վայրերում: Կալանավորվել են «Կամար» շոգեբաղնիքի ադմինիստրատորը, «Պրիստ» տաքսի ծառայությունից 2 վարորդներ, որոնք նպաստել են մարմնավաճառությանը: Բոլոր շոգեբաղնիքներում այս պահին նախապատրաստվում են նյութեր:
– Կա՞ն պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցված քրեական գործեր:
– Այս պահին ապօրինի անտառահատման գործերն են. Ստեփանավանի անտառապահի՝ 19 մլն եւ Գուգարքի անտառապահի՝ 21 մլն դրամ վնասով գործերը:
– Դուք քաղաքացիների ընդունելության օր ունե՞ք:
– Իմ աշխատանքը սկսվում է առավոտյան ժ. 9-ից ու ավարտվում գիշերը ժ.12-ին: Սահմանված է հերթապահություն: Ցանկացած ժամի ես ստանում եմ ահազանգեր: Օրեր առաջ, գիշերը ժ.12-ին ստացել եմ անանուն հաղորդում՝ Վանաձորում տեղի ունեցած միջադեպի մասին: Բանավոր տեղյակ եմ պահել ոստիկանության վարչության պետին, ահազանգն անմիջապես գրանցվել է որպես հանցագործության դեպք: Հաղորդումը հաստատվեց: Իրոք, տեղի էր ունեցել խուլիգանության դեպք Վանաձորում, այնուհետեւ՝ Գուգարք գյուղում, այն զուգորդվել էր հրազենային կրակոցով եւ կար վիրավոր անձ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ տուժողին եւ հանցագործության մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկանության վարչությունում այդ դեպքի կապակցությամբ ընթանում է ծառայողական քննություն (ի դեպ, այս դեպքը կապ ունի գործող քաղաքապետի եղբորորդու հետ-Ռ. Մ.):
– Պարոն Շահբազյան, Լոռու եւ Շիրակի մարզերում կան հեղինակություններ՝ «նախկին օրենքով գողեր», «ներկա օրենքով գողեր»: Չե՞ք վախենում: Մանավանդ, եթե հաշվի առնենք այն, որ չի բացահայտվել նաեւ Ձեր նախորդի՝ Ալբերտ Ղազարյանի սպանությունը:
– Մարզում չկան հանցավոր խմբավորումներ, որոնք եղանակ ստեղծեն: Արտերկրներում լոռեցի հեղինակություններ կան, որոնք դրսից փորձում են եղանակ ստեղծել մարզում: Դատախազի վրա, հատկապես հանցավորները, չեն կարող ազդել: