Վերջին մեկ-երկու տարիների ընթացքում մեր քաղաքի տարբեր հատվածներում կառուցվել են մի շարք անցուղիներ եւ գետնանցումներ: Չնայած այդ հանգամանքին, այսօր մեր քաղաքացիները խուսափում են օգտվել դրանցից՝ պատճառաբանելով, որ «գետնանցումները շատ աղտոտված են, գիշերները լուսավորված չեն եւ ահավոր հոտեր են գալիս»:
«Անցումներում լույս անգամ չկա, իսկ երեկոյան ժամերին էլ պատկերացնում եմ, թե ինչքան վտանգավոր կլինի այդ մութ եւ կեղտոտ վայրերում»,- մեզ հետ զրույցում ասաց Երեւանի բնակիչ Արմինե Խաչատրյանը: Այս առիթով դիմեցինք քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչություն՝ պարզելու, թե ո՞ր մարմիններն են պատասխանատու անցումների սանիտարական վիճակի համար եւ ի՞նչ հաճախականությամբ են դրանք մաքրվում: Քաղաքապետարանից հայտնեցին, որ յուրաքանչյուր անցումի մաքրության համար պատասխանատու է տվյալ համայնքի թաղապետարանը: Դիմեցինք Կենտրոն թաղապետարան: Թաղապետարանից պատասխանեցին, որ պետք է դիմեմ «Կենտրոն մաքրություն» կազմակերպությանը: Իսկ այնտեղից էլ նշեցին, որ այդ հարցերով զբաղվում է քաղաքապետարանը: Այնուհետեւ պարզվեց, որ, այնուամենայնիվ, անցումների սանիտարական մաքրությամբ զբաղվում է «Կենտրոն մաքրությունը»:
«Անցումները մաքրվում են ամեն օր, առավոտյան ժամը 4-ից մինչեւ 7-ը: Հիմնականում հավաքարարներն են մաքրում, աղբը հանում են ու լցնում աղբամանների մեջ, այնուհետեւ աղբատար մեքենաները հավաքված աղբը տեղափոխում են»,- նշեց «Կենտրոն մաքրության» տնօրեն Արմեն Խաչատրյանը: