«Մանկական ոչ վաղ տարիքից նոպաներ ունեցել եմ, որոնք պարբերաբար անհանգստացնում էին ինձ, բայց երբ ամուսնացա ու Հայաստանից մեկնեցի՝ նոպաները դադարեցին: Ես դա կապում էի կլիմայական փոփոխությունների հետ, բայց որոշ ժամանակ անց պարզվեց, որ իմ հիվանդությունը ինչպես որ եղել է, այնպես էլ մնացել է»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց 22-ամյա Աննան: Նա ի ծնե պարբերական հիվանդություն ունի, որը ավելի շատ հայտնի է երեւանյան հիվանդություն անունով: Պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցի թերապիայի կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Ալեքսանդր Այվազյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հիվանդությունը կապված չէ արտաքին միջավայրի գործոնների հետ. «Հիվանդությունը փոխանցվում է ժառանգաբար եւ կապվում է գենի՝ «աշխատելու» ու «չաշխատելու» հետ: Այն, թե հիվանդությունը կոնկրետ որ տարիքում կդրսեւորվի, կախված է կյանքի ընթացքից: Նոպաները կարող են սկսվել ցանկացած տարիքում, բայց մեծամասնության մոտ դրանք սկսվում են մանկական տարիքում: 11 հազար հիվանդից ընդամենը 4-ի դեպքում են պարբերական հիվանդության առաջին նոպաները սկսվել նույնիսկ 70 եւ ավելի տարեկանում»: Նշենք, որ երեւանյան հիվանդությամբ, բացի հայերից, աշխարհում հիվանդանում են հրեաները եւ շատ քիչ տոկոս՝ թուրքերը. «Նոպաները, որպես կանոն, ուղեկցվում են նաեւ ջերմությամբ, սակայն այն պարտադիր նախապայման չէ: Հիվանդությունը կարող է միանգամից դրսեւորվել բարդություններով՝ ամիլոդիոզով, ինչը ներքին օրգաններում շատ դժվար լուծվող, բարդ կազմությամբ նյութի կուտակումն է, որը, գտնվելով այդ օրգանում, ախտահարում է այն: Մեծամասամբ պարբերական հիվանդության պարագայում ախտահարվում են երիկամները»: Բժշկի խոսքերով, վիճակագրորեն հայերը հիվանդության տարածվածության առումով առաջինն են աշխարհում. «Հայերի 2%-ը տառապում է պարբերական հիվանդությամբ, իսկ 2-րդը հրեաներն են, որոնց 1%-ն է միայն հիվանդ այդ հիվանդությամբ, իսկ 3-րդը թուրքերն են՝ 0.1%, որը, թերեւս, նույնպես կարելի է կապել հայերի ժառանգական գենի հետ: Կարելի է ասել, որ հայերն ու հրեաներն ունեն ընդհանուր ժառանգական հիվանդություն»:
Ա. Այվազյանի խոսքերով՝ այժմ կա դեղամիջոց, որը համարյա լիովին կանխում է հետագա բարդություններն ու նոպաները, նույնիսկ՝ անպտղությունը: