Աշխատանքի ու սոցիալական հարցերով ԲՀԿ-ական նախարարը որոշել է ազատվել «պարապ, ինքնահիացած» պաշտոնյաներից:
Նախարարը համտեսում է ծերերի ապուրը:
Գյումրիի ծերանոցի պայմաններն ու սանիտարահիգիենիկ վիճակը կրկին զննելու նպատակով, երեկ առանց նախազգուշացնելու Գյումրի էր այցելել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Գեւորգ Պետրոսյանը: Նա ծերանոց մտնելուն պես հատ-հատ «քրքրեց» ծերերի անկողինները, պահարանները, երբեմն արդյունքներից դժգոհ մնալով՝ դեմքի համապատասխան արտահայտություն ընդունելով: Նա անգամ համտեսեց օրվա կերակուրը՝ ապուրը, համոզվելու, թե արդյո՞ք «խալտուրա» արված չէ: «Եկա՝ տեսնեմ վիճակը ո՞նց է, եթե լավ է՝ շնորհակալություն կհայտնենք, կխրախուսենք ձեր աշխատանքը՝ բոլոր առումներով, թե նյութական, թե կարգապահական, թե վարչական, դրա համար չզարմանաք, որ ես պատահականորեն նորից ձեզ այցելել եմ, եթե ձեզ ասեի՝ 2 ամիս հետո եմ գալու, 10 օր հետո ելնեի-գայի, կասեիք՝ էս մարդը մեզ հետապնդում է»,- ծերանոցի ղեկավարությանը պարզաբանեց նախարարը:
Այնուհետեւ նա տեղի ԲՀԿ-ականների շքախմբի ուղեկցությամբ եղավ Գյումրիի «Հույս» մանկատանը, որի տնօրենի պաշտոնանկման հետ կապված՝ մեծ սկանդալ էր առաջացել քաղաքում: Հիշեցնենք, որ նախկին տնօրեն Ռուբեն Մարկոսյանը նախարարին մեղադրում է իր «գլխին սարքելու» ու կուսակցական խաղերի զոհ դարձնելու մեջ: Նախարարն այստեղ հարցազրույց տվեց լրագրողներին՝ ասելով. «Գիտեք, որ ես մեկուկես ամիս առաջ հանձնաժողով էի ձեւավորվել, որպեսզի գան ու ուսումնասիրություններ կատարեն տարբեր կազմակերպություններում, մենք բացահայտել էինք տարբեր խախտումներ, բայց ամենածանրը եղել է «Հույս» մանկատանը, դրա համար էլ տնօրենը իմ հրամանով ազատվել է աշխատանքից: Հիմա ես չանդրադառնամ այդ փաստին, դա պարզ է, ընդ որում՝ ամենավերեւների մակարդակներում, եւ մենք նշանակեցինք նոր տնօրենի փորձաշրջանով՝ Անահիտ Կարապետյանին: Եկել եմ, որպեսզի նորից ապացուցեմ, որ տիկին Կարապետյանը, որպես նորանշանակ տնօրեն, իմանա մի բան, անկախ նրանից, որ ինքը նշանակվել է իմ հրամանով, ինքը պետք է աշխատի ի շահ այս կազմակերպության: Նույնը վերաբերում է նաեւ ծերանոցին, էնտեղ նույնպես հայտնաբերվել էին բազմաթիվ խախտումներ, նույնպես էնտեղ տրվել էին հանձնարարականներ, եւ ես եկա, փորձեցի, որ չնախատեսված այց լինի, բայց, փաստորեն, նրանց նախապես տեղեկացրել էին իմ այցելության մասին, համենայնդեպս՝ կատարվել են որոշակի աշխատանքներ, եւ զգացի, որ էական տարբերություն կա»:
Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին, թե ԲՀԿ-ական նախարարը պատրաստվո՞ւմ է փոխել ծերանոցի դաշնակցական տնօրեն Արսեն Պետրոսյանին: Նախարարն ասաց, որ ցանկացած հիմնարկում կլինի փոփոխություն, եթե իր այցերի ընթացքում համոզվի, որ այդ տնօրենը չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին: «Եթե որեւէ մեկը լավ է աշխատում, պետության տրամադրած միջոցները նպատակային է օգտագործում, ես ի՞նչ իրավունք ունեմ էդ մարդուն անհանգստացնելու, ես էսօր նախարար եմ, վաղը նախարար չեմ: Եթե ձեզ կոնկրետ հետաքրքրում է ծերանոցի տնօրենը, ուրեմն՝ հանուն ճշմարտության ասեմ. քանի որ ես կողմ չեմ ավելորդ վարչարարությանը, ես կողմ եմ չափավոր վարչարարությանը, այս պահի դրությամբ վիճակը այնպիսին չէ, որ տնօրենին ազատեմ, ինքը ստացավ հանձնարարականներ, եւ ես շատ կարճ ժամանակ անց, հավանաբար դա կլինի մեկ ամսից, այցելելու եմ, եթե իմ տված հանձնարարկանները կատարված լինեն, ապա ինչո՞ւ պետք է տնօրենն ազատվի աշխատանիքից: Ինձ համար, հարգելիներս, որեւէ նշանակություն չունի պաշտոնյայի կուսակցական պատկանելությունը, քաղաքական հայացքները, ճաշակը, ինձ համար կարեւորը մեկն է, որ էդ տնօրենը ծառայի հիմնարկին: Որ տնօրենը չի ծառայում, անգամ եթե լինի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերից, էդ տնօրենը շատ շուտ ազատվելու է պաշտոնից»,- հավաստիացրեց նախարարը: Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե ինչո՞վ կբացատրի այն հանգամանքը, որ հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, այցելելով Գյումրիի «Հույս» մանկատուն՝ գովել է մանկատան վիճակը, իսկ 2 օր անց տնօրենից աշխատանքից ազատվելու դիմում պահանջել: «Նախքան իմ այցը էստեղ՝ հունիսի 1-ին, ես էստեղ խումբ էի ուղարկել, որոնք բացահայտել էին տարբեր խախտումներ, հիմա ես պատշաճ չեմ համարում, հիմա իմ ձեռքի տակ կա մի քանի ապացույց, որ գրվել են երեխաների, հատկապես աղջիկների կողմից, թե էստեղ իրականացվել են բարոյական նորմերի եւ գործող օրենսդրության կոպիտ խախտումներ: Ես բոլոր գրավոր ապացույցներն ունեմ, ես մասնագիտությամբ իրավաբան եմ եւ երբեք չեմ անելու էնպես, որ որեւէ պաշտոնյա, թե տեղական, թե Երեւանում նստող, մտածի, թե ես գործում եմ ապօրինաբար: Եթե ինքը էդքան օրինապաշտ է եւ գտնում է, որ իր հրամանը արձակվել է օրենսդրության խախտումներով, ինքը հնարավորություն ունի իր հրամանը վիճարկել դատական կարգով, ես էլ հնարավորություն ունեմ, ի դեպ՝ նաեւ ցանկություն, նրա գործունեությունը հանձնել պետական մարմինների ուշադրությանը, որովհետեւ ինքը կատարել է այնպիսի խախտումներ, որ հարուցում է քրեական օրենսդրության զայրույթը»,- ասաց նախարարը՝ հասկացնելով, որ եթե Ռուբեն Մարկոսյանը դիմի դատարան, ինքը կդիմի դատախազություն:
Այնուհետեւ Գ. Պետրոսյանը հստակեցրեց, որ ինքը մտադիր է դիմել Շիրակի մարզի դատախազություն՝ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ:
«Առավոտը» նախարարից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են ծայրահեղ աղքատության մեջ հայտնված մարդկանց զրկում նպաստից, ինչո՞ւ են այս նպատակի համար ստեղծված հանձնաժողովները վատ աշխատում: «Դուք մի բան իմացեք, էսօր լրացրել է իմ պաշտոնավարության 2 ամիսը: Ես ուղարկելու եմ հանձնաժողով՝ նաեւ այս հարցով, որ երբեք իրական կարիքավորը դուրս չմնա, եւ ֆինանսապես ապահովված այն մարդը, որը բակում ունի շքեղ մեքենա, հանկարծ նա չընդգրկվի: Խոստանում եմ հայտնաբերելու դեպքում, էն պաշտոնյաները, ովքեր թույլ են տվել դա, ովքեր մասնակցել, կազմակերպել են էդ կեղծիքները, նրանք նույնպես հայտնվելու են պետության իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում»,- վստահեցրեց նախարարը:
Նախարարության ստուգումների արդյունքում սեփական դիմումի համաձայն ազատվել է նաեւ Կապանի գիշերօթիկ դպրոցի տնօրենը: Վերջինս նախարարից խնդրել է իր հարցը չդարձնել իրավապահ մարմինների ուշադրության առարկա եւ ինքնակամ դիմում է ներկայացրել: