Ինչպես արդեն նշել էինք, անցած շաբաթ Շիրակի մարզային հարկային տեսչությունը, ստուգումներ անցկացնելով խոշոր հարկատուների ցուցակում գտնվող «Սուպերմարկետ» ՍՊԸ-ի խանութների ցանցում ու ցինկապատ թիթեղի արտադրամասում, գործարար Հովհաննիսյանների ընտանիքին տուգանել էր 43 860 600 դրամով: Այս փաստից վրդովված ու վիրավորված՝ Հովհաննիսյանների ընտանիքը վաճառքի էր հանել խանութների ցանցը՝ որոշելով երկիրը լքել: Սակայն երեկ Մկրտիչ ու Խաչատուր Հովհաննիսյանները «Առավոտին» հայտնեցին, որ մինչ հարկայինի գործողությունները դատարանում վիճարկելը, իրենք դիմել են Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին՝ ակտը չեղյալ համարելու խնդրանքով: Գործարար եղբայրները նախ լրացուցիչ մանրամասներ ու փաստարկներ են ներկայացրել Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռոբերտ Քոչարյանին, այնուհետեւ նրանց անձամբ լսել է կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանը՝ խոստանալով չեղյալ համարել Շիրակի մարզի հարկային տեսչության կողմից կազմված ակտը: Գործարար եղբայրների ասելով, պարոն Խաչատրյանը իրենց ընդառաջելիս հաշվի է առել Շիրակի մարզում առկա գործազրկության վիճակը: «Ինձ իրոք հիացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի աջակցությունն ու մոտեցումը, այս դիրքորոշմամբ նա իրոք տեր կանգնեց այն ընտանիքներին, որոնք գործազուրկ դառնալու վտանգի տակ էին»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Սուպերմարկետ» ՍՊԸ-ի տնօրեն Մկրտիչ Հովհաննիսյանը: