«Հիփոթեքային ազգային ընկերությունն» արդեն սկսել է իր գործունեությունը: Հուլիսի 10-ին ընկերությունը առաջին համաձայնագիրը ստորագրել է «Հայբիզնեսբանկի» հետ: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այս առիթով նշեց, որ նոր հիփոթեքային կազմակերպության շնորհիվ Հայաստանի հիփոթեքային շուկայում կնվազեն վարկավորման տոկոսադրույքները, «ինչը նշանակում է, որ բնակարանի կարիք ունեցող մեր հասարակությունը կարող է դիմել առեւտրային բանկերին եւ ավելի մատչելի պայմաններով ու ցածր տոկոսադրույքներով բնակարանի գնման համար վարկ ստանալ»: Կազմակերպությունը բանկերին երկարաժամկետ վարկային միջոցներ կտրամադրի, իսկ բանկերն էլ իրենց հերթին վերաֆինանսավորման միջոցով հիփոթեքային վարկեր կտրամադրեն:
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը կկազմի 9%, իսկ տրամադրվող գումարը պետք է լինի 10 մլն դրամից ոչ ավելի: