Արտասահմանյան կապիտալով «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկության» պոչամբարը նախկինում կառուցված էր Սեւանա լճի մոտ: Վերջին տարիներին, երբ Սեւանա լճով անհանգստացած բնապահպանները մեծ աղմուկ բարձրացրին՝ ահազանգելով, որ այդ գործարանը մեծ վնաս է պատճառում մեր լճին, գործարանատերերը ստիպված եղան նոր պոչամբար կառուցել Արարատում: Բիզնեսի առումով դա բոլորովին ձեռնտու չէ, քանի որ գործարանին պատկանող Սոտքի հանքավայրը Գեղարքունիքի մարզում է, եւ այնտեղից հանքանյութը Արարատ տանելն ավելորդ ծախսեր է պահանջում: Ուստի ընկերությունը հիմա էլ ամեն կերպ փորձում է համոզել մեր կառավարությանն ու նորից պոչամբարը տանել Սեւանին մոտ:
Երեկ հրավիրած ասուլիսում հանրապետության նախագահին առընթեր Սեւանի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանն այս առնչությամբ հայտարարեց. «Արարատի ոսկու գործարանի պոչամբարը Սեւան չի վերադառնա: Ես ձեզ հավատացնում եմ, որ այն Սեւանի ավազան չի տեղափոխվելու: Դա հանձնաժողովի միանշանակ կարծիքն է, որովհետեւ «Սեւանի մասին» օրենքի 10-րդ հոդվածով Սեւանի ավազանում հանքարդյունաբերության օբյեկտների կառուցումն արգելված է»: Ըստ Վ. Մովսիսյանի՝ 2031 թվականին նախատեսվում է Սեւանի ջրի ծավալն ավելացնել 8 մլրդ խմ-ով եւ լճի մակարդակը հասցնել 1903,5 մետրի: Պետբյուջեից Սեւանի համար այս տարի նախատեսված է ծախսել 1,5 մլրդ դրամ: Բայց եթե Սեւանի մակարդակը հասնի նախատեսված ցուցանիշին, ապա, հանձնաժողովի հաշվարկներով, ջրի տակ կմնան 2770 հա անտառ, 2,2 կմ նոր ճանապարհ, 18 կմ էլեկտրահաղորդման համակարգեր, 19 կմ գազատարներ, 1690 ափամերձ անօրինական շինություններ եւ 66 օրինական կառույցներ: Վ. Մովսիսյանի տեղեկացմամբ, անօրինական օբյեկտները պետք է քանդվեն առանց փոխհատուցման, իսկ օրինական շինությունների համար կառավարությունը կփոխհատուցի: