Օրերս «Առավոտին» էր դիմել մայրաքաղաքի Արաբկիր համայնքի բնակիչներից մեկը՝ երկար տարիների վաստակավոր շինարար Կառլեն Ղարիբյանը, եւ իր մտահոգությունն էր հայտնում, որ կամաց-կամաց համայնքի կանաչապատ տարածքները վերածվում են բազմաբնակարան շինությունների:
Խնդրի լուծման առնչությամբ ակնկալելով Երեւանի նորընտիր ավագանիների, հատկապես ժողովրդական դերասան Վլադիմիր Մսրյանի եւ ճարտարապետ Հրաչ Պողոսյանի արձագանքը, Կ. Ղարիբյանը նշում է. «Այսօր խոսքը վերաբերում է մասնավորապես Արաբկիր համայնքի Սարալանջային փողոցի սկզբնամասում գտնվող նախկին «Արաբկիր» կահույքի գործարանի տարածքին, որը ներկայումս կարծես թե սեփականազավթված է եւ, ըստ գոյություն ունեցող քաղաքաշինական այլ օրինակների, կվերածվի երկաթբետոնե բազմաբնակարան շինություններով պատված տարածքի: Ձեր կուսակցությունների նախընտրական ծրագրերում նախատեսված է քաղաքի համաչափ զարգացման եւ կանաչապատման խոստումներ, որի համատեքստում ուզում եմ ձեզ հիշեցնել, որ այդ տարածքը շրջապատված է շուրջ 50-60 բնակելի խիտ դասավորված շենքերով, որոնք զուրկ են կանաչ զբոսայգիներից: Իսկ Արաբկիրի շրջանը ընդհանրապես չունի ոչ մի զբոսայգի, չհաշված, այսպես կոչված՝ «Մալականի այգուց», որը ծայրամասային է: Խնդրում եմ անդրադառնաք այս խնդրին եւ հանրապետության գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ քննարկեք՝ արդյոք հնարավոր չէ՞ այդ տարածքը օտարել՝ ի շահ բոլոր երեւանցիների եւ այդտեղ կառուցել մի գեղեցիկ զբոսայգի, որը նվեր կլինի քաղաքի բնակիչներին: Որպես 40-ամյա շինարար, այսօր ահով եւ դողով եմ նայում այդ տարածքին եւ տեսնում եմ, թե ինչ թոզ ու փոշի է բարձրանում այսօր այդտեղից երեկոները եւ տարածվում քաղաքի վրա: Խնդրում եմ մի կողմ թողնել որոշ մարդկանց ախորժակի ագրեսիան, անձնական կիրքն ու շահը, քաղաքական կողմնորոշում կոչվող ազգադավ զգացմունքները եւ սրտացավորեն մոտենալ ու լուծում տալ այս խնդրին»: