«Glass world company» ընկերության աշխատակիցները պնդում են, որ իրենք դեռ մարտ ամսվա աշխատավարձը չեն ստացել:
Օրերս «Glass world company» գործարանի մի խումբ աշխատակիցներ դիմել են «Առավոտի» խմբագրություն՝ բողոքով, որ իրենց գործարանատերն աշխատավարձը վճարելու հետ կապված անընդհատ խնդիրներ է ստեղծում: Աշխատակիցների պատմելով՝ հունվար-փետրվար ամիսների աշխատավարձը ստացել են 3 ամիս ուշացումով, իսկ հիմա էլ 300-ից ավելի աշխատողների չեն վճարում մարտ ամսվա աշխատավարձը. «Երբ դիմում ենք Աշխատանքի պետական տեսչություն, պատասխանում են, որ պետք է մեր անուններով դիմում գրենք, որպեսզի ընթացք տան, իսկ այդ դեպքում, հասկանալի պատճառներով, մեզ սպառնում է աշխատանքից հեռացում: Մի քանի անգամ դիմել ենք տնօրինությանը, սակայն մեզ շշպռել-ուղարկել են, ասում են՝ փող չկա, չեք ուզում էս պայմաններով աշխատել՝ դիմում գրեք-ազատվեք»:
Նշենք, որ «Glass world company»-ն ապակե տարաներ ու շշեր է արտադրում «Castel», «Jermuk group», «Artfood», «Tamara fruit» եւ այլ հայտնի ընկերությունների համար, եւ, աշխատակիցների հավաստիացմամբ, հատկապես վերջին ամիսներին ավելի շատ արտադրանք է վաճառել ու ավելի մեծ շահույթ է ստացել, քան երբեւէ, ուստի փող չլինելու մասին ընկերության ղեկավարության բացատրությունն աշխատակիցներն անհիմն են համարում:
Այս առնչությամբ ընկերության գլխավոր տնօրեն Բաբկեն Սեդրակյանն «Առավոտին» պարզաբանեց, որ «դրանք հերյուրանքներ են, մենք աշխատավարձը միշտ բարեխղճորեն տվել ենք ու երբեւէ խնդիրներ չենք ստեղծել աշխատողների համար»: Երբ հիշեցրինք, որ ընդամենը մի քանի ամիս առաջ է Աշխատանքի պետական տեսչությունը փորձել տուգանել գործարանին՝ հունվար-փետրվար ամիսների աշխատավարձերն ուշացնելու համար, պարոն Սեդրակյանը պատասխանեց. «Նման բան չի եղել, տեսչությունը պարզապես ստուգումներ է կատարել մեր գործարանում, բայց տուգանքի մասին խոսք չի եղել»: Ավելի ուշ պարոն Սեդրակյանն իր աշխատակիցներից ճշտումներ անելուց հետո պարզաբանեց, որ «իսկապես, մի 10-15 հոգի աշխատավարձ չեն ստացել, այն էլ՝ հարգելի պատճառներով. նրանք հավանաբար արձակուրդի մեջ են եղել: Ես հիմա պատրաստվում եմ կրճատումներ անել ընկերությունում ու ենթադրում եմ, որ ձեզ դիմել են հենց կրճատման տակ գտնվողները, որոնք պարզապես ուզում են վատություն անել ու փնովել մեր գործարանը»:
«Glass world company»-ի աշխատակիցները վստահեցնում են, որ գործարանի ղեկավարներն աշխատավարձը ժամանակին տալիս են միայն վարչական մասի աշխատակիցներին, որովհետեւ նրանց մեծ մասը գործարանատիրոջ բարեկամ-ծանոթներն են. «Մարդը լավ է արել, իր գործարանում իր հարազատներին է գործի ընդունել, բայց խնդիրն այն է, որ մեր եւ նրանց միջեւ ջոկողություն են անընդհատ դնում, կարծես մենք, որ արտադրամասում ենք աշխատում, մարդ չենք: Մենք մեր քրտինքով վաստակած գումարներն ենք ուզում, որքա՞ն կարելի է անընդհատ դրա համար մեզ քաշքշուկների մեջ գցել»:
Մինչդեռ «Առավոտի» խմբագրություն եկած գործարանի կոմերցիոն գծով տնօրեն Հակոբ Ազատյանն ու գլխավոր հաշվապահ Նատալյա Դալլաքյանը կտրականապես հերքեցին, որ «Glass world company»-ի վարչական մասում իրենց շեֆի բարեկամներն են աշխատում. «Կան բարեկամներ, բայց՝ ընդամենը 1-2 հոգի: Մեզ մոտ առաջինը տալիս ենք հենց արտադրամասի բանվորների աշխատավարձը, վերջում՝ վարչական ապարատի աշխատակիցներինը»: Նրանք նաեւ պնդեցին, որ իրենց գործարանում աշխատավարձի հետ կապված որեւէ պրոբլեմ չկա եւ չի էլ եղել, մարտ ամսվա աշխատավարձն էլ տվել են ապրիլին: Մեր հարցին՝ աշխատակիցներն ի՞նչ շահ պետք է ունենային իրենց հոգսը թողնել, գալ խմբագրություն, նամակներ գրել, ստորագրություններ հավաքել, եթե աշխատավարձը ժամանակին ստացել են՝ Ն. Դալլաքյանը պատասխանեց. «Որովհետեւ բոլոր ընկերություններում գոյություն ունեն աշխատանքից հեռացվածներ, ծույլեր ու չարախոսներ»:
Գործարանից եկած պատվիրակությունը խոստացավ մեզ տանել իրենց գործարան ու տրամադրել այնպիսի փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ բոլոր 320 աշխատակիցներն էլ մարտ ամսվա աշխատավարձը ժամանակին ստացել են: Այդ փաստաթղթերին կանդրադառնանք առաջիկայում:
Հ. Գ. Երեկ աշխատակիցները մեզ տեղեկացրին, որ գործարանի ղեկավարները, «Առավոտին» պարզաբանումներ տալուց անմիջապես հետո, հավաքել են բոլոր աշխատակիցներին ու պարտք մնացած աշխատավարձերը տվել: