Ըստ նրա մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանի՝ շատ փող ունենալու համար
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը երեկ հայտարարեց, որ ոմանք չարախոսում եւ նախանձում են Գագիկ Ծառուկյանին. «Ուղղակի զարմանում եմ, միգուցե խանդն է, չարությունը կամ նախանձը, որ ոմանց մոտ այդպիսի գնահատականների են արժանանում պարոն Ծառուկյանի արտասահմանյան այցելությունները: Եթե մարդ կարող է անձնական կապերն օգտագործել ի շահ երկրի, ի շահ ժողովրդի, հայկական արտադրատեսակների համար նոր սպառման շուկաներ փնտրել, ներգրավել ներդրումներ, պետք է ողջունել, խրախուսել եւ ոչ թե չարախոսել: Այնպես որ, Գագիկ Ծառուկյանը ոչ մեկին եւ ոչինչ ապացուցելու խնդիր չունի եւ շարունակելու է այդ ոլորտում իր աշխատանքները»,- երեկ ներկայացնելով օրեր շարունակ հեռուստաէկրաններից չիջնող բելառուս գործարարների հայաստանյան այցի մանրամասները՝ ասաց, ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը: Պարոն Գալստյանը չպատասխանեց հարցին՝ իսկ ովքե՞ր են նախանձում կամ չարախոսում Գագիկ Ծառուկյանին. «Չարության եւ նախանձի վերաբերյալ դժվարանում եմ պատասխանել, թե կոնկրետ որ շերտերից է գալիս»: Լրագրողի հարցին՝ բա որ չգիտեք՝ որտեղից է գալիս, ինչպե՞ս եք ասում, թե նախանձ կա, մամուլի խոսնակը կիսաժպիտ պատասխանեց. «Գիտեք ինչ կա, արձագանքից է գալիս, դա մարդկանց որոշակի վերաբերմունքից է գալիս, լրագրողները անընդհատ այդ հարցը ուղղում են՝ ո՞ւմ է ներկայացնում պարոն Ծառուկյանը, արդյոք անձնական իմիջի՞ խնդիր է լուծում եւ այլն: Ամեն դեպքում կան հրապարակումներ եւ որոշակի արձագանքներ, որոնք միայն դրա արտահայտությունն են»: «Առավոտը» հարցրեց՝ իսկ ինչի՞ համար պետք է նախանձեն Գագիկ Ծառուկյանին: Մինչ մամուլի խոսնակը կպատասխաներ, լրագրողներն աշխուժացան, իսկ մամուլի խոսնակը լրջորեն ասաց. «Այդ հարցի պատասխանը դժվարանում եմ տալ»: Մեկը տեղից նկատեց. «Շատ փող ունի»: «Այո, կարծում եմ՝ նախանձի բավարար առիթ է»,- իր հերթին արձագանքեց մամուլի խոսնակը:
Խաչիկ Գալստյանը հերքեց տեղեկությունները, որ ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի կուսակցությունն է. «ԲՀԿ-ն վաղուց ապացուցել է, որ ինքնուրույն քաղաքական ուժ է եւ ոչ մի կապ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ չունի: Եթե Ռոբերտ Քոչարյանը որոշի մտնել ակտիվ քաղաքականություն, դա իր խնդիրն է, ԲՀԿ-ն վաղուց որդեգրել է ինքնուրույն քաղաքական ուղեծիր, եւ մեր որոշման ընդունման կենտրոնը ԲՀԿ քաղխորհուրդն է՝ նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ»:
Խորհրդարանի ամառային վերջին արտահերթ նիստում ԲՀԿ-ն «դեմ» քվեարկեց մի վարկային համաձայնագրի, որին ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը կողմ քվեարկեցին, իսկ կառավարությունը բավարար չներկայացրեց, թե հատկապես ինչի վրա է պատրաստվում ծախսել այդ գումարը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու էր ԲՀԿ-ն դեմ: «Մեր կուսակցության պատգամավորները «դեմ» են քվեարկել, քանի որ կառավարության ներկայացրած փաթեթում բավարար չափով նշված չեն եղել, թե այդ վարկի հիմնական բյուջետային տողերը որտեղ են ծախսվելու, եւ այդ հիմնավորումները չստանալով՝ մեր պատգամավորները «դեմ» են քվեարկել»,- ասաց ԲՀԿ խոսնակը: