Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԼԻԵՎԸ Ի ՎԵՐՋՈ ՊԵՏՔ Է ԳԱ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ»

Հուլիս 14,2009 00:00

Վստահ է ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը

– Ձեր կարծիքով՝ որքա՞ն է բարձր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ՕԳԳ-ն Արցախի հարցի լուծման գործընթացում:

– Կոնկրետ չեմ կարող նրանց ՕԳԳ-ն ճշգրիտ ասել, բայց այսօր ցանկացած կազմակերպության, անհատի, պետական իշխանության՝ հանձին ԱԳՆ-ի, օգտակար գործողության չափանիշը այս հարցում պատերազմի չվերսկսելու արդյունքի մեջ է երեւալու: Ոչ մեկը չի կարող Նոստրադամուս լինել եւ գուշակություններ անել։ Ինձ համար, կոնկրետ, որպես մարդ, որպես քաղաքացի եւ ղարաբաղցի, ամենակարեւորն այն է, որպեսզի պատերազմական գործողությունները չվերսկսվեն:

– ԵԱՀԿ համանախագահները Երեւանում հայտարարեցին, որ Ադրբեջանի նախագահի հայտարարություններում շեշտադրման փոփոխություն կա, եւ նա այլեւս, ընդ որում՝ իբր իրենց ցուցումով, ռազմատենչ հայտարարություններ չի անում, այլ խոսում է Ղարաբաղի ժողովրդի անվտանգության մասին: Բայց մենք շատ լավ գիտենք, թե ինչ են երբեմն հայտարարում ադրբեջանցիները եւ ինչ է կատարվում իրականում:

– Իրականությունը հենց դա է, որ Ալիեւը ի վերջո պետք է գա ճշմարտությանը: Նրա ռազմաշունչ հայտարարությունները ադրբեջանական ժողովրդի մոտ ստեղծել են սուտ պատրանք, թե Ադրբեջանը պատրաստ է ուժի միջոցով գրավել Ղարաբաղը: Սակայն սա ռեալ չէ, դա շատ լավ հասկանում է Ալիեւը, հասկանում է նրանց բանակի հրամանատարությունը, եւ հիմա ինքը սկսել է մտածել՝ այ մարդ, էսքան ես խաբեցի, բայց մենք իրականում այդպիսի ռազմական ուժ չունենք, որ ռազմական ճանապարհով այդ հարցը լուծենք։ Այսօր, իմ խորին համոզմամբ, Իլհամ Ալիեւը շատ բարդ իրավիճակի մեջ է, եւ նա պետք է կամաց-կամաց իր իսկ շահերից ելնելով այդ ռազմակոչ հայտարարությունները փոխարինի ռեալ մարտավարությամբ, որն ավելի ընկալելի կլինի եւ միջազգային հասարակության համար, եւ իր ժողովրդի։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է նշանակում ժողովրդի մոտ անպարտելիության գաղափարախոսություն արմատավորել, երբ իրականում չունես այդ հնարավորությունները:

– ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը երկու օր առաջ բավականին կոշտ հակահարված տվեց Ադրբեջանի նախագահին եւ հայտարարեց. «Մեկ անգամ Ադրբեջանն արդեն պատերազմ սանձազերծել է։ Ու տրամաբանական կլիներ, եթե այսօրվա չափից ավելի ռազմատենչ Ալիեւը հարցներ ինքն իր երեկվա եսին, թե որտե՞ղ էր ինքը թաքնված այն տարիներին, երբ իր հասակակիցներին, որպես թնդանոթային միս, ուղարկում էին ռազմաճակատ։ Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները հավաստում են փոխզիջումների իրենց անպատրաստ լինելը»:

– Դա բոլորովին էլ կոշտ չէր, դա ռեալ պատասխան էր: Բոլորի համար, սկսած համանախագահներից, Օբամայից մինչեւ բոլոր միջազգային կազմակերպությունները, բոլորի համար պարզ է, որ Ադրբեջանը եթե կարողանար ռազմական ճանապարհով տիրել Արցախին, վաղուց դա արած կլիներ։ Բայց, ի վերջո, դրանք հո ոչխա՞ր չեն, էդ ժողովուրդը եւ իր նախագահը հասկանում են, որ հիմա եթե ռազմական գործողություններ լինեն, արդեն կլասիկ պատերազմական վիճակ է լինելու, որը իր հետ բերելու է մարդկային ահռելի զոհեր, տնտեսության ահռելի քայքայում: Իլհամ Ալիեւի հայտարարությունները եւ կոնկրետ իրավիճակը համարժեք չեն: Այդ հայտարարությունները կարող է միայն աննորմալ մարդն անել: Արդեն բոլորն էլ հասկացել են, որ հոխորտանքը ոչնչի չի բերում: Մի պարտված երկիր երբեք այդպես չի հոխորտա: Պատերազմի ժամանակ, եթե հաշվենք հարյուրը մեկի, ուժերի հարաբերակցությունը եղել է հարյուրը՝ տասի, իսկ այսօր ուժերի հարաբերակցությունը հավասար է: Եթե ավելի վատ իրավիճակում մենք հաղթել ենք, ինչպե՞ս Ադրբեջանը կարող է մտքովն անցկացնել ռազմական ճանապարհով լուծել հարցը: Չի լինի, եւ իրենք դա շատ լավ հասկանում են:

– Այն քայլերը, որ այսօր իրականացնում են Հայաստանի իշխանությունները, դուք բավարար ակտիվ համարո՞ւմ եք հարցը խաղաղ եւ Արցախի ու Հայաստանի համար շահեկան լուծելու համար:

– Ես ապշում եմ, երբ այդ գնահատականները հանդիպում են մամուլում: Այսօր պատերազմ գոյություն չունի, կա Ղարաբաղի Հանրապետությունը՝ անկախության իր բոլոր խորհրդանիշներով, եւ այսօր Արցախին կոնկրետ որեւէ բան չի սպառնում: Հայաստանը չի կարող արտաքին քաղաքականության ակտիվությամբ կամ պասիվությամբ լուծել Ղարաբաղի հարցը: Հայաստանը իր արտաքին քաղաքականության մեջ անում է այն բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնք համահունչ են այսօրվա իրավիճակին: Այն մարդիկ, որոնք ինչ-որ բաներ են պահանջում իշխանություններից, իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են ուզում: Նրանք ոչ հարցին են կարգին ծանոթ, ոչ իրականությանն են ծանոթ, մենակ ասում են, որ Էդուարդ Նալբանդյանը կամ Սերժ Սարգսյանը կարող են այս հարցը լուծել, բայց ինչ-որ լավ չեն անում: Ես սրան կտրականապես դեմ եմ, ով էլ լինի ՀՀ նախագահի կամ ԱԳ նախարարի տեղը, ճիշտ նույն քայլերը կաներ, եւ դրանից ավելի կամ պակաս քայլեր չէր անի: Ղարաբաղը այն հարցը չի, որ որեւէ մեկը փորձի իր սխեմաներով լուծել: Դա համաժողովրդական հարց է եւ համաժողովրդական ճանապարհով էլ լուծվելու է:

– Դուք ի՞նչ եք մտածում ժողովրդական դիվանագիտության մասին, ադրբեջանցիների եւ հայերի շփումների մասին, դա ի՞նչ կարող է տալ մեզ:

– Ես պարզապես զարմացած եմ, որ ոմանց մտքովն անցավ ծաղրել ժողովրդական դիվանագիտությունը: Ով Արմեն Սմբատյանին չի սիրում, ասում է՝ ժողովրդական դիվանագիտությունը հեչ բան է, ով որ Փոլադին չի սիրում, ասում է՝ դա հեչ բան է: Բայց այդպես գրողները ուղղակի ծանոթ չեն ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների պատմությանը: Պատմության ընթացքում շատ հարցեր լուծվել են հենց ժողովրդական դիվանագիտության շնորհիվ: Ես գտնում եմ, որ սա շատ ճշգրիտ քայլ է, ֆորմատները պետք է փոխել, ավելի ընդգրկուն դարձնել: Անտրամաբանական է, որ խաղաղ կարգավորմանը կողմ անձինք եւս քննադատում են ժողովրդական դիվանագիտությունը, մինչդեռ սա խաղաղ կարգավորման բաղկացուցիչ մասերից մեկն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել