ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը երեկ չթաքցրեց, որ մադրիդյան սկզբունքների մասին իրենք քիչ բան գիտեն, բայց եւ ասաց, թե այն, ինչ գիտեն, իրենց բավարարում է. «ԲՀԿ-ն որպես կոալիցիոն գործընկեր՝ ղարաբաղյան հարցի վերաբերյալ ունի իր սկզբունքային դիրքորոշումը: Ես ուղղակի ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել. 2007 թվականից շրջանառվող մադրիդյան սկզբունքների հնչեցված տարբերակը նույնիսկ մենք չգիտենք, նորացված տարբերակի մասին առավել եւս մենք տեղեկություններ չունենք (լրագրողները նկատեցին, որ այն տեղադրված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում – Մ. Ե.), ինտերնետային աղբյուրները մեզ համար հավաստի լինել չեն կարող, մեզ համար սկզբունքային է հետեւյալը, որ ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի, եւ, կարծում եմ, մեր նախագահի բանակցություններն էլ հիմնականում միտված են նպաստելու ԼՂՀ միջազգային ճանաչմանը»: Ի դեպ, ԲՀԿ օրակարգում հրաժարականների մասին խոսք չկա, այդ թվում եւ ԱԳ նախարարի: