Երեկ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես ասված է.
Երեք նախագահների (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) հայտարարությունը չի բացահայտում բուն (նորացված) փաստաթուղթը, որը պետք է դրվի լուծման հիմքում, ուստի Հայ ազգային կոնգրեսը իր վերջնական գնահատականը թողնում է ապագային, երբ պարզ կդառնան փաստաթղթի էությունը բացահայտող մանրամասները:
2. Միեւնույն ժամանակ, նշված հայտարարության պարունակած տեղեկությունները՝ զուգակցված պաշտոնական այլ հայտարարությունների ընձեռած տեղեկատվությանը (որոնք չեն հերքվել Հայաստանի իշխանությունների կողմից), լուրջ մտահոգության տեղիք են տալիս: Մասնավորապես պարզ է դառնում, որ՝
1. այլեւս չի քննարկվում Ղարաբաղի կարգավիճակի հարցը, եւ ըստ էության ֆիկցիա է դառնում վարչախմբի կողմից ավելի քան 10 տարի թմբկահարված փաթեթային լուծումը.
2. ըստ էության, օրակարգից հանվել է հանրաքվեի դրույթը. այն փոխարինվել է ավելի անորոշ ձեւակերպումներով.
3. անհստակ ու անբավարար լուծում է տրվում Հայաստան-Լեռնային Ղարաբաղ ցամաքային կապի՝ Լաչինի միջանցքի կարգավիճակի սահմանման հարցին.
4. եթե նախկինում խոսվում էր միայն վերադարձվող տարածքներ փախստականների վերադարձի մասին, այժմ արդեն խոսվում է նաեւ նրանց վերադարձի մասին բուն Լեռնային Ղարաբաղ.
5. կարգավորման հրապարակված սկզբունքներում ոչ մի խոսք չկա շրջափակումների վերացման մասին.
6. ղարաբաղյան կարգավորման գործընթացը սրընթաց հանգուցալուծման է գնում եւ՝ ամենեւին ոչ հայանպաստ ելքով։ Երկրի ներսում սեփական ժողովրդի հետ հաշտության հասնելու, ազգային համախմբման մթնոլորտ հաստատելու փոխարեն, ինչի շնորհիվ հնարավոր կլիներ անհամեմատ ուժեղացնել Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում, Սերժ Սարգսյանի վարչախումբը գերադասում է ոչ համարժեք զիջումների գնալ, ինչը հավասարազոր է ազգային դավաճանության։
Ճակատագրական ու վտանգավոր այս գործընթացը կանխելու եւ Սերժ Սարգսյանին բախտորոշ փաստաթուղթ ստորագրել թույլ չտալու մեկ ձեւ կա. ՀՀ-ի եւ Ղարաբաղի բնակչության, բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի համատեղ ջանքերով պահանջել Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը, անցկացնել արտահերթ նախագահական, ապա նաեւ խորհրդարանական ընտրություններ, ձեւավորել ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն, որը հնարավորություն կունենա միջազգային հանրության առջեւ լիարժեքորեն պաշտպանել հայ ժողովրդի ազգային շահերը: