Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ անկախ կարգավիճակը՝ կասկածի տա՞կ

Հուլիս 14,2009 00:00

Կետ առ կետ երեկ մեկնաբանել է ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը

1. Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը. «ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող որեւէ տարածքի հանձնումը Ադրբեջանին առաջին հերթին նշանակելու է խախտում ԼՂՀ հիմնական օրենքի՝ Սահմանադրության, որում ամրագրված են տվյալ տարածքները: Երկրորդ՝ ազատագրված տարածքների անգամ մի մասից ԼՂՀ պաշտպանության բանակի ուժերի դուրսբերումը  կխախտի ԼՂՀ ռազմական եւ պարենային անվտանգությունը»:

2. Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի տրամադրում՝ անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքների ապահովմամբ. «Այս սկզբունքն իրականում ԼՂՀ ինքնիշխանությունը սահմանափակելու՝  կասկածի տակ դնելով նրա անկախ կարգավիճակը եւ պետությանը սեփական անվտանգության համակարգից զրկելու փորձ է նշանակում: Անվտանգության իրական ապահովում կարող է լինել ԼՂՀ անկախության ճանաչումը, ինչը Արցախին նոր հնարավորություններ կընձեռեր սեփական անվտանգությունը պաշտպանելու համար, այդ թվում՝ քաղաքական-դիվանագիտական միջոցներով»:

3. Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք. «ԼՂՀ եւ Հայաստանի միջեւ ցամաքային կապը հաստատվել է 1992-ի մայիսին եւ ընդարձակվել է 1993թ. մարտական գործողությունների ընթացքում: Ուղղակի միամտություն կլիներ ԼՂՀ եւ Հայաստանի միջեւ ներկայիս լիարժեք ցամաքային կապը  սահմանափակել խոցելի «միջանցքով»:

4. Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում՝ իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով. «ԼՂՀ իրավական կարգավիճակն արդեն որոշված է իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության հիման վրա՝ 1991թ.  դեկտեմբերի 10-ին, եւ հաստատված մեկ այլ՝ ԼՂՀ Սահմանադրության ընդունման հանրաքվեով՝ 2006թ. դեկտեմբերի 10-ին: Բացի այդ, ԼՂՀ ժողովուրդը 8 անգամ անուղղակիորեն արտահայտել է անկախ պետականությանն իր հավատարմությունը համապետական՝ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում՝ քվեարկելով քաղաքական կուսակցությունների եւ առանձին թեկնածուների  ծրագրերի օգտին, որոնցում նշվել է ԼՂՀ միջազգային ճանաչման եւ պետականության ամրապնդման անհրաժեշտությունը: Այսպիսով, վերջին 18 տարիներին ԼՂՀ քաղաքացիները 10 անգամ արտահայտվել են ԼՂՀ անկախ կարգավիճակի օգտին»:

5. Բոլոր ներքին տեղահանված անձանց եւ փախստականների՝ իրենց նախկին մշտական բնակության վայրերը վերադառնալու իրավունքի ապահովում. «Սույն սկզբունքը բոլոր երեք կողմերի միջեւ կարող է քննարկվել Ադրբեջանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումից հետո: Դրական հանգամանք կարելի է համարել «բոլոր» բառի օգտագործումը, այլ ոչ միայն ադրբեջանցի փախստականներին նկատի ունենալը: Չնայած անհասկանալի է, թե ով եւ ինչ ձեւով կարող է ապահովել իրավունքներն ու երաշխավորել անվտանգությունը հարյուր հազարավոր այն մարդկանց, որոնք կարող են հայտնվել հակառակ կողմի տարածքում»:  

6. Անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն. «Մեզ առաջարկվում է ռազմական անվտանգության սեփական համակարգը փոխարինել «կապույտ սաղավարտների» անարդյունավետ մեխանիզմով: ԼՂՀ տարածքում օտար զինված ուժերի հնարավոր տեղաբաշխումը՝ թող որ անգամ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների դրոշի ներքո, անմիջապես կտրուկ կսահմանափակի հանրապետության ինքնիշխանությունը։ Այն հանգամանքը, որ ԼՂՀ ինքնիշխանությունը դեռեւս չի ճանաչվել միջազգային հանրության կողմից եւ, ըստ այդմ էլ, երկիրը ներկայացված չէ վերոնշյալ կառույցներում, կարող է հանգեցնել նրան, որ Ղարաբաղը չի ունենա այդ ուժերի վրա ազդելու միջազգային իրավունքով երաշխավորված որեւիցե լծակ։ Այս պայմաններում խաղաղապահ ուժերի հնարավոր տեղաբաշխումը արմատապես կհակասի մեր ազգային շահերին: ԼՂՀ-ն չի կարող սահմանափակել իր ինքնիշխանությունը՝ չստանալով համապարփակ միջազգային իրավաբանական ճանաչում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել