Այսպես ՀՀ ոստիկանապետի տեղակալ, 2008թ. մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակի «օպերացիան» գլխավորած Սաշիկ Աֆյանը պատասխանեց այն հարցին, թե ինչու արյդ գործողությունը տեղի ունեցավ հենց վաղ առավոտյան ու ոչ թե, օրինակ՝ կեսօրին:
Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ նախագահի կարգադրությամբ անցյալ տարի «Մարտի 1»-ի իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով ձեւավորված եւ ընդամենը վերջերս լուծարված Փորձագետների փաստահավաք խումբը, իսկ ավելի ճիշտ՝ նրա ղեկավար, ՀՀ ՄԻ պաշտպանի ներկայացուցիչ Վահե Ստեփանյանը, Խմբի մի քանի ամսյա գործունեության արդյունքները՝ 2000 էջանոց փաստաթղթերով հանդերձ, փոխանցել էր ՀՀ ԱԺ համանուն հանձնաժողովին: Երեկ այդ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հնարավորություն տվեց «Առավոտի» թղթակցին մասնակցել «փաստահավաքի» կողմից հանձնաժողովին փոխանցված նյութերից մեկի ուսումնասիրությանը: Խոսքը տվյալ դեպքում 2009թ. ապրիլին ՀՀ ոստիկանապետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանի՝ Խմբի ներկայացուցիչների հետ հարցազրույցի տեսագրության մասին է: Առաջին տպավորությունը այդ տեսանյութը դիտելուց հետո այն էր, որ 2008թ. մարտի 1-ի լուսաբացին Ազատության հրապարակում տեղի ունեցած, ոստիկանության ու իշխանությունների մատուցմամբ՝ տեղազննության, իսկ ընդդիմության համոզմամբ՝ խաղաղ հանրահավաքը ցրելու օպերացիան գլխավորած օպերատիվ շտաբի պետ պարոն Աֆյանը ո՛չ այն ժամանակ է տիրապետել իրավիճակին, ո՛չ էլ այդ իրադարձություններից մեկ տարի անց: Կամ՝ տիրապետել է այնքանով, որքանով դա անհրաժեշտ է եղել ոչ թե Ազատության հրապարակում զենք-զինամթերք լինելու մասին օպերատիվ տվյալներ իրացնելու, այլ հենց հանրահավաքը ցրելու գործողություններ իրականացնելու մակարդակով:
Նախ՝ Վ. Ստեփանյանն էր փորձել Սաշիկ Աֆյանից ճշտել, թե ինչպես է կուտակվել Ազատության հրապարակում զենք-զինամթերք լինելու մասին օպերատիվ տեղեկությունը, նաեւ մասնավորեցրել էր, թե՝ Խմբի տրամադրության տակ առկա եւ ԱԱԾ-ի կողմից 2008թ. փետրվարի 28-ին ոստիկանությանը տրամադրած տեղեկանքում գրված է, որ հրապարակում «պատրաստվում են զենք ու զինամթերք բաժանել»: Նույն օրը ոստիկանության մի քանի ծառայություններ եւս նման տեղեկություններ էին փոխանցել, եւ ենթադրվել է, որ հաջորդ օրվանից՝ փետրվարի 29-ից, այդ տեղեկությունները պետք է ճշտվեին: «Ո՞նց ստացվեց, որ մեկ օրում տարբեր ծառայություններից նման տեղեկություն ստացաք»,- Վ. Ստեփանյանի այս հարցադրումը Աֆյանը խմբագրել էր այնպես, ինչպես ինքն էր ցանկացել՝ խոսքը ոչ թե պատրաստվելու, այլ՝ զենք-զինամթերք կուտակելու մասին է եղել, իսկ նման տեղեկություն ստացվել էր նաեւ Երեւան քաղաքի վարչությունից: Ըստ Աֆյանի, այդ տեղեկությունները «հավաստի» են եղել, բայց թե՝ որքա՞ն զենք-զինամթերք կամ ո՞ւմ կողմից, ինչպե՞ս է այն հրապարակ բերվել՝ օպերատիվ շտաբը մինչեւ Ազատության հրապարակ մեկնելը չի ճշտել, այսօր էլ դրա պատասխանը ՀՔԾ-ն չունի: «Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել»,- Աֆյանը բավարարվել էր սրանով: Այդ դեպքում օպերատիվ շտաբն ինչո՞ւ էր ձեւավորվել: Փոխոստիկանապետի ասելով՝ որ «ստուգենք, տեղազննենք, տեսնենք՝ նման բան կա՞: Եթե իմանայինք, կոնկրետ բերողին տեղում կկալանավորեինք»: Խմբում «Ժառանգության» ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն էր փորձել ճշտել՝ բայց զենք-զինամթերքը կոնկրետ մարդ պիտի բերեր, եթե այդ կոնկրետությունը դուք չունեիք, բա դուք ի՞նչ գիտեիք: «Մենք որոշեցինք գնանք-ստուգենք»,- լակոնիկ ոճով նետել էր Աֆյանը: Ինչպես խորհրդարանական հանձնաժողովում, Փաստահավաք խմբում էլ նա ոչ մի կերպ չէր ընդունել, որ Ազատության հրապարակում ոստիկանությունը գործողությունները սկսել է մինչեւ օրենքով սահմանված ժամկետը՝ ժամը 7-ը, ու պնդել էր, թե հրաման տվողն ինքն է եղել ու հրամանը տվել է 7-ին կամ 7:05-ին: Նա նաեւ հայտարարել է, թե մինչեւ հրապարակ մտնելը ոստիկանները նախապես բարձրախոսներով, այն էլ՝ երկու անգամ, ինչը արդեն նորություն էր, զգուշացրել են հրապարակում եղած մարդկանց, որ իրենք մտադիր են տեղազննություն կատարել:
Խմբում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանի հարցադրմանը, թե՝ կա՞ արդյոք ապացույց, տեսագրություն, որը կփաստի Աֆյանի հավաստիացումը, վերջինս անընդհատ պնդում էր, թե նկարահանումներ եղել են, այն էլ՝ երեք տեսախցիկներով, բայց ինքը կոնկրետ այդ տեսագրության մեջ այդ պահը անձամբ չի տեսել: Ի դեպ, նման կադրեր մինչ օրս էլ ոչ ոք չի տեսել: Աֆյանի խոսքերից պարզվեց նաեւ, որ օպերատիվ շտաբի կողմից գործողության մեջ ներգրավված երեք «կամերաներից» եւ ոչ մեկը չի արձանագրել նաեւ այն, ինչի մասին ՀՀ ոստիկանապետի տեղակալը հայտարարել էր ե՛ւ ԱԺ հանձնաժողովում, ե՛ւ Փաստահավաք խմբում՝ «մենք նորմալ մոտեցել ենք, ուզել ենք մտնել տեղազննություն կատարելու, ցուցարարները մինչեւ մեր մտնելը իմացել էին, որ գնալու ենք, նստարանները պոկել էին, բերել էին, բարիկադներ էին կառուցել: Մի քանի 100 հոգի միանգամից հարձակվեցին»: Ինչո՞ւ որպես օպերատիվ շտաբի պետ ինքը չի փորձել ճշտել՝ կա՞ն նաեւ այդ կադրերը, որոնք ոչ ոք չի տեսել, թե՞ ոչ, կամ ինչո՞ւ չկան: Աֆյանի ասելով, ինքը դա չի կարեւորել, իրեն պետք չի եղել ճշտել, իսկ եթե խմբի անդամներին պետք է՝ թող ճշտեն:
ԱԱԾ-ում դեռ փետրվարի 23-ին էր քրգործ հարուցվել ՀՀ ՔՕ 300 հոդվածով՝ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու հատկանիշներով: Ինչո՞ւ էին այդ տեղեկությունները ուղարկվում ոստիկանություն, երբ կար մարմին, որը իրավասու էր նաեւ գործողությունները ձեռնարկել՝ կանխելու համար զենք-զինամթերքի փոխադրումը, կուտակումը եւ այլն: Պարզվեց՝ Աֆյանը չէր էլ իմացել, որ ԱԱԾ-ում հարուցված գործ է եղել: Ասաց նաեւ, թե օպերատիվ շտաբում չի էլ քննարկվել, թե ինչո՞ւ է ԱԱԾ-ն իր ունեցած օպերատիվ տեղեկությունը փոխանցում ոստիկանությանը, չի քննարկվել նաեւ, թե զենք-զինամթերքի կուտակման ինչպիսի՞ մասշտաբների մասին է խոսքը: «Եթե նման ինֆորմացիա լիներ էլ, իրենք ինձ չէին ասի, դա գաղտնի ինֆորմացիա է»,- արդարացել էր Աֆյանը: Նա չէր կարողացել նաեւ ողջամտության սահմաններում հիմնավորել Ազատության հրապարակում իր գլխավորած օպերացիայի, իր որոշումների իրավաչափ ու օրինաչափ լինելը: «Ես՝ որպես շտաբի պետ, հիմնավորելու խնդիր չունեմ: Մենք ստացել ենք ինֆորմացիա, եւ դա պետք էր ճշտել՝ կա՞, թե՞ չկա»:
Ինչո՞ւ որոշեցիք դա անել վաղ առավոտյան, ոչ թե ասենք՝ կեսօրին: Ըստ Աֆյանի, «ուղղակի էդ ժամին հարմար էր: Շտաբը տենց ա որոշել: Էդ ժամին ժողովուրդ չկար, ուզում էինք հանգիստ անել»:
Խմբի ներկայացուցիչների հաջորդ հարցն այս էր եղել՝ ինչո՞ւ իրավապահները, օպերատիվ շտաբը մինչեւ Ազատության հրապարակում տեղազննություն անելը չի փորձել կանխել զենք-զինամթերքը, իբր, հրապարակ բերելը, երբ օպերատիվ շտաբում գործում էին այլ ծառայությունների ղեկավարներ եւս: «Դա օպերատիվ մասն էր ճշտողը: Չենք իմացել»: Բա որ չեք իմացել՝ ո՞ւր էիք գնացել: Ու թեեւ Աֆյանը դիմադրել էր, բայց Ա. Քոչարյանն, այնուամենայնիվ, արձանագրել էր՝ իրավիճակին չեք տիրապետել:
Փաստահավաք խմբում կոալիցիայի ներկայացուցիչ Ռոբերտ Ավագյանի՝ Աֆյանին ուղղված հատուկենտ հարցերից մեկն այս էր եղել՝ երբ ձեր գործակալը տեղեկություն է փոխանցել, որ հրապարակում զենք-զինամթերք կա, ապա պիտի նշեր, թե ո՞ր վրանում կամ ո՞ր թփի տակ է, որտե՞ղ են դրանք պահված: «Նման բան չի եղել: Ընդհանուր ինֆորմացիա է եղել»,- կարճ ու կոնկրետ պատասխանել էր Աֆյանը:
Շարունակելի