Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ»

Հուլիս 14,2009 00:00

\"\"Այսպես են բնութագրում ընդդիմադիրները համանախագահ երկրների նախագահների առաջարկները

«Աննախադեպ եւ վտանգավոր». այսպես է բնութագրում Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՌԴ նախագահների՝ ԼՂՀ հարցի կարգավորման վերաբերյալ արված համատեղ հայտարարությունը: Սակայն՝ «Մեղքը ես չեմ վերագրում օտարներին, ի մասնավորի՝ այս եռյակի նախագահներին, սա քոչարյանասերժական իշխանությունների երկար տարիների ապիկար գործունեության արդյունքն է: Այս հայտարարությունը մի քանի օրվա կամ ամսվա աշխատանքի արդյունք չէ, այլ տարիների սխալ ընթացքի հետեւանք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ժ. Սեֆիլյանը: Իսկ թե որո՞նք են վտանգները՝ «Արցախի հարցի նման բարձր մակարդակով արծարծումն աննախադեպ է: Մեզ մտահոգում է նաեւ բանակցային գործընթացի արագությունը: Միայն այս երկու հանգամանքները պետք է զգաստացնեն բոլորիս»:

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն «Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով հայտարարությունը՝ ասաց, որ մադրիդյան սկզբունքների հրապարակման հետ կապված իրենց մոտ մի քանի հարցեր են առաջացել. «Այսքան ժամանակ Հայաստանի իշխանությունները ներկայացնում էին, որ իրենք բանակցային գործընթացում ներկայացնում են նաեւ Ղարաբաղի իշխանությունների շահերը եւ տեսակետը: Երբ ՀՀ նախորդ նախագահը բանավոր համաձայնվում էր մադրիդյան սկզբունքներին, իսկ գործող նախագահը մայնդորֆյան հռչակագիրը ստորագրելով՝ նաեւ գրավոր համաձայնություն տվեց մադրիդյան սկզբունքներին, արդյոք այդ ամենը համաձայնեցվա՞ծ էր Ղարաբաղի իշխանությունների հետ: Եթե՝ այո, ապա հարց է առաջանում՝ Ղարաբաղի իշխանություններն, ընդհանրապես, ինչպիսի՞ն են տեսնում խնդրի հետագա լուծումը, մասնավորաբար՝ Ղարաբաղի հետագա անվտանգության ապահովումը, եթե համաձայնվել են հարակից՝ ազատագրված տարածքներն Ադրբեջանին հանձնելու հետ»: Մեր զրուցակցի կարծիքով, Հայաստանի գործող իշխանությունների հույսը, հավանաբար, այն է, որ մի շարք անգամների նման Բաքուն դարձյալ կմերժի վերջնական համաձայնությունների վերաբերյալ այս առաջարկները: Այս դեպքում «չի բացառվում, որ նման անհեռատես դիրքորոշման արդյունքում Հայաստանը ծուղակը կընկնի, քանի որ բացառված չէ, որ Ալիեւն այս անգամ կհամաձայնվի, ու մենք փաստի առաջ կկանգնենք»,- կարծում է «Ժառանգության» մամուլի խոսնակը:

«Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» նախաձեռնության նախկին քարտուղար Արմեն Աղայանն էլ մեկնաբանելով նշյալ հայտարարությունը՝ նույնպես փաստեց, որ մադրիդյան սկզբունքների հրապարակումը տրամաբանական արդյունքն էր Հայաստանի քաղաքական վերնախավի բոլոր տարիների «փոխզիջումների» քաղաքականության եւ հատկապես վերջին շրջանում Սերժ Սարգսյանի եւ նրա վարչախմբի «հավակնոտ նախաձեռնողականության»: Անդրադառնալով օրեր առաջ արված հայտարարությանը, որ կառաջարկվի մադրիդյան սկզբունքների թարմացված տարբերակ, մեր զրուցակիցը նկատում է, որ «հրապարակված սկզբունքները նորություն չէին, դրանք տարբեր ձեւերով վաղուց արդեն հանրության սեփականությունն էին, նորությունը, թերեւս, դրանց պաշտոնական հրապարակումն էր»: Ինչ վերաբերում է բուն սկզբունքներին՝ «Դրանց բոլոր կետերը՝ առանձին-առանձին եւ ամբողջությամբ, մերժելի են հայ ժողովրդի կողմից, վնասում են հայ ժողովրդի շահերն ու իրավունքները՝ անկախ նրանից, որ իշխող կուսակցությունը եւ ՀՀ արտգործնախարարը փորձում են դրանք դրական մեկնաբանել՝ սկսած հետաձգված հանրաքվեից, վերջացրած փոխստականների կամ ներքին տեղահանվածների վերադարձին վերաբերող կետով եւ խաղաղապահ առաքելությամբ, որը, ենթադրաբար, պետք է փոխարինի մեր անվտանգության իրական երաշխիքներին՝ ի դեմս ազատագրված տարածքների»: Նա չի բացառում, որ Ադրբեջանի եւ ՀՀ նախագահների մոսկովյան հանդիպման ժամանակ վերջնական համաձայնություն ձեռք կբերվի, ուստի «ամենաանմեղ» փաստաթղթի ստորագրումն անգամ մեծ սպառնալիք է համարում՝ այն առումով, որ հետագա ամենաազգային իշխանությունն անգամ մեծ դժվարություններ է ունենալու այդ խոստում-զիջումներից հրաժարվելու: «Հայաստանի քաղաքական վերնախավը, ցավոք, այս տարիների ընթացքում այդպես էլ չհասկացավ, որ տարածքային զիջումները ուղղակիորեն սպառնում են ինչպես Արցախի գոյությանը, այնպես էլ Հայաստանին, նրա արեւելյան սահմանների անվտանգությանը, քաղաքական, ռազմավարական, տնտեսական, ժողովրդագրական հեռանկարին»,- ասում է Արմեն Աղայանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել