Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հուլիս 11,2009 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք ութերորդ

Գլուխ տասնհինգերորդ

 ՓԱԽՈՒՍՏ

 Եվ Վահանը ժպտալով Ջավախյանին ասաց՝ «որ հաղթեն էլ՝ էլի Ալիկը գրքերդ չի կարդա», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «խի՞ չի կարդա», եւ Վահանը ժպտալով ասաց՝ «որ հաղթեն՝ ինքն էլի մինիստր կդառնա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ուզում ես ասես՝ մինիստրնին գիրք չեն կարդո՞ւմ», եւ Վահանը պատասխանեց ու ասաց՝ «մինիստրները գիրք կարդալու ժամանակ չունեն», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Ալիկին հարցրեց՝ «էլի մինիստր ես դառնալո՞ւ, ադա», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «ամեն ինչ վուլգարացնում եք», եւ Ջավախյանը Վահանին ասաց՝ «քու ասածից ստացվում ա, որ մինիստրնին մենակ բերդի մեջ են գիրք կարդում», եւ ես ժպտալով ասացի՝ «մեկ էլ՝ թոշակի անցնելուց հետո», եւ Ջավախյանն ասաց՝ «մեր Արզումանյան ախպերը թոշակի տարիքից շատ ա հեռու», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «ամենաերիտասարդ թոշակառուն դառնալու մտադրություն չունեմ», եւ Ջավախյանն ասաց՝ «Աստված ոչ անի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մեր գրքերը կսպասեն», եւ ես Ալիկին ասացի՝ «քեզ ահագին հոգնացրինք», եւ Ալիկն ասաց՝ «իրոք՝ շատ հոգնած եմ», եւ Ջավախյանը ժպտալով Ալիկին հարցրեց՝ «քանի ամիս նստեցիր՝ չհանգստացա՞ր», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «ազատության մեջ մի օրում էլի հոգնում ես», եւ Ջավախյանն ասաց՝ «երեւի մեր էս զրիցից հոգնեցիր», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «ընդհակառակը. էս զրիցից ահագին թեթեւացա», եւ Ջավախյանը հարցրեց՝ «խի ծանրացած էի՞ր», եւ Ալիկը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «շա՜տ», եւ Ջավախյանն ասաց՝ «մարդ ամեն ինչին պիտի մի քիչ թեթեւ նայի», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «չի ստացվում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «քաղաքական գործիչներդ շատ դիմացկուն եք», եւ Ալիկը հարցրեց՝ «ո՞նց ենք դիմացկուն», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես որ օրվա մեջ մի քանի ժամ ապրուստիս ու անձնականիս ուղղությամբ մտածում եմ՝ գլուխս ահագին ուռում ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «դուք որ օրերով համ ձեր անձնականի վրա եք մտածում, համ էլ՝ ազգի շահերի ուղղությամբ, ձեր գլուխները ո՞նց են դիմանում», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «ձեռ ե՞ս առնում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ «ով որ ձեռ ա առնում՝ գետինը մտնի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «թե սխալ եմ արտահայտվում՝ ներողամիտ էղի», եւ ես ժպտալով ասացի՝ «Ալիկը շատ ներողամիտ ա», եւ Ալիկը ժպտալով ինձ հարցրեց՝ «ինչո՞վ եմ ներողամիտ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «նստածդ վախտ քո պաշտպանության համար էրկու հատ երթ ա էղել, բայց ոչ մեկին չենք մասնակցել», եւ Ալիկը ժպտալով ինձ հարցրեց՝ «ասածդ ի՞նչ ա», եւ ես ասացի՝ «ասածս էն ա, որ էդքանից հետո մեզնից առանձնապես նեղացած չես ու հետներս ըսենց ասում ու խոսում ես», եւ Ջավախյանն ինձ ասաց՝ «կարող ա Արզումանյանը չգիտի, որ էդ երթերին չեք մասնակցել», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «էդ երկու երթերի տեսագրություններն էլ մանրամասն նայել եմ», եւ ես ասացի՝ «ուրեմն, նկատած կըլնես, որ էդ երթերին մենք չենք մասնակցել», եւ Ջավախյանն ինձ ասաց՝ «խի՞ ես սաղիս անունից խոսում, ադա՛. ես էդ ցույցերից մեկին լավ էլ մասնակցել եմ», եւ Ալիկը զարմացած նայեց Ջավախյանին ու զարմացած հարցրեց՝ «հաստա՞տ», եւ Ջավախյանն ասաց՝ «բաղնիսից տուն էի գալի, մին էլ տեհա՝ կառավարության շենքի դեմ ժողովուրդ ա հավաքված», եւ Ալիկը Ջավախյանին ընդհատելով հարցրեց՝ «ասում ես՝ բաղնիքից էի՞ր գալիս», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «հա», եւ Ալիկը զարմացած հարցրեց՝ «տանը բաղնիք չունե՞ք», եւ Ջավախյանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «որ առավոտից իրիկուն բանում եմ՝ ո՞նց կարող ա բաղնիս չունենամ», եւ Ալիկը հարցրեց՝ «բա խի՞ էիր բաղնիք գնացել», եւ Ջավախյանը քահ-քահ ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «մեր էդ ոսկու բազարն առաջվա բաղնիսի շենքի մեջ ա գտնվում» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «շաբաթ ու կիրակի օրերը վերնիսաժ եմ գործ անում, մնացած օրերը՝ բաղնիսի էդ ոսկու բազարում», եւ Վահանը ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «ասում ես՝ Ալիկի պաշտպանության երթին մասնակցել ե՞ս», եւ Ջավախյանն ասաց՝ «երթ չէր» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մի քառասուն հոգի պլակատներով ու լոզունգներով կառավարության շենքի մոտ կայնած էին, ու որ տեսա, ես էլ ինձանի անկախ ոտս մի քանի րոպե կախ քցեցի», եւ Ալիկը ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «ի՞նչ լոզունգներ էին», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «վրեքը քո ու Սեֆիլյանի անումներն էին գրած» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էրկու հոգու անումներ էլ էին գրած, բայց էդ էրկուսի անումները չեմ հիշում», եւ Ալիկն ասաց՝ «Մալխասյան Վարդանի ու Բաբաջանյան Արմանի անուններն են էղել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «երեւի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդ էրկուսինը չեմ հիշում», եւ Վահանը ժպտալով Ջավախյանին ասաց՝ «փաստորեն, մեջներիցս մենակ դու ես Ալիկի պաշտպանության միտինգին մասնակցել», եւ Ալիկը ժպտալով Վահանին ասաց՝ «քո փոխարեն ա մասնակցել», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «իմ մասնակցելը լրիվ պատահականություն ա էղել, Արզումանյան ջան», եւ ես Ալիկին ասացի՝ «ինձ թվում էր՝ նեղացած կըլնես, որ էդ երթերին չենք մասնակցել», եւ Ալիկը ներողամտորեն ժպտալով ասաց՝ «գրող մարդ եք. երթերի ու միտինգների ժամանակ չունեք», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «լավ ա, որ չես նեղացել», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես մարդկանց առաջ մեծ պահանջներ դնելու սովորություն չունեմ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «էդ շատ լավ հատկություն ա», եւ Ալիկը ներողամտորեն ժպտալով ասաց՝ «ես մարդկանց վրա մուննաթ գալու սովորություն չունեմ», եւ Ջավախյանն ասաց՝ «էդ էլ ա շատ լավ հատկություն» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մարդ կա՝ հետդ ընենց մուննաթով ա խոսում՝ ոնց որ իրան պարտք ըլնես», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «ես էդ մարդկանցից չեմ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դրա համար էլ հետդ էսքան երկար նստեցինք, Արզումանյան ջան», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «ես էլ երկար նստեցի», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «դու ուրիշ տեղ էլ ես նստել», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «ձեզ հետ ավելի հաճելի էր»:

Մինչ Ալիկի ու մեր էս զրույցը հիշելով ու չհիշելով գրում էի, ահագին ժամանակ անցավ, ու արդեն ոչ միայն Ծաղկաձորից եմ վերադարձել, այլեւ արդեն հին տարին էլ եմ ճամփել, բայց էս սկսված տարում ոչ մի կերպ չեմ կարողանում վերադառնալ մշտական ռեժիմիս, որովհետեւ ինչքան էլ փորձեցի ճողոպրել ներքաղաքական կյանքից ու քաղաքականությունից, էս 2008-ից ու հատկապես էս 2008-ի փետրվարից սկսած՝ քաղաքականությունն ինձանով ու ինձպեսներով արդեն միանգամայն լրջորեն է սկսել զբաղվել, բայց էս անգամ ոնց որ ինձանով ավելի է զբաղվում, քան՝ ուրիշներով, եւ չնայած էս պահի դրությամբ քաղաքականությունից տուժածները չափազանց շատ են, այդուհանդերձ, ես ինձ ավելի տուժած եմ համարում՝ ոչ միայն էն պատճառով, որ քաղաքականության բացասական անդրադարձները յուրաքանչյուրս հատկապես իր վրա է ուժեղ զգում, այլեւ էն պատճառով, որ, ի տարբերություն ինձ, քաղաքականությունից մյուս տուժածներն իրենց տուժած չեն համարում եւ եթե համարում էլ են, դրանից ոչ թե իրենց խեղճությունն է բազմապատկվում, այլ՝ հպարտությունը, եւ չնայած ընտրարշավի ամբողջ ընթացքում հանրահավաքներին չմասնակցեցի, եւ չնայած փետրվարյան նախընտրական եւ հետընտրական ընդամենը մի քանի հանրահավաքներին մասնակցեցի, այդուհանդերձ, չմասնակցելով հանդերձ, ուղնուծուծով քաղաքականության մեջ էի ու հիմի էլ եմ, որովհետեւ, փետրվարից սկսած, երբ Առաջինի սկսած շարժմանը միացան Ջհանգիրյանն ու այլ ազդեցիկներ, ես հասկացա, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան՝ ես եմ կարծել ու պատկերացրել, եւ էդ բանը հասկանալով ու տեսնելով՝ փետրվարի կեսից էս կողմ ոչ միայն որեւէ բառ չգրեցի, այլեւ նախկին գրածներս էլ դադարեցրի «Առավոտում» տպագրել, որովհետեւ հատկապես է՛դ պահի նախկին գրածներս անհամեմատ թեթեւ օրերի համար էին, եւ չնայած էդ օրերին մարդկանց հետ չափազանց քիչ էի շփվում, այդուհանդերձ, ուղնուծուծով կյանքի ու քաղաքականության մեջ էի, եւ միայն հիմա եմ հասկանում, որ էդ երկուսուկես ամսվանն, այնուամենայնիվ, կյանք էր, եւ չնայած նախկինում էլ ու հիմա էլ իմ կյանքն էս ճերմակ թղթերից էդքան մեծ հեռավորության վրա չեմ պատկերացրել ու չեմ պատկերացնում, այդուհանդերձ, լինելիքը եղավ, ու հիմա հավատս չի գալիս, որ 2008 թվականի փետրվարի կեսերից՝ ընդհուպ ապրիլի վերջերն, այնուամենայնիվ, ապրել եմ, ընդ որում՝ միանգամայն նորմալ մարդկային կյանքով եմ ապրել՝ էս ճերմակ թղթերից ու գրավոր զեղումներից որոշակի հեռավորության վրա, բայց հետագա կյանքն ու մասնավորապես էդ երկուսուկես ամսվանն ինձ համոզեցին ու ապացուցեցին, որ սովորական ու նորմալ մարդկային կյանքով ապրելը հակացուցված է ինձ, որովհետեւ չնայած փետրվարի կեսերից սկսած՝ հանրահավաքներին կողքանց մասնակցում էի, այդուհանդերձ, ի տարբերություն Առաջինի ու շատերի, շուրջօրյա նստացույցերից կանոնավոր բացակա էի. այսինքն, շուրջ երկուսուկես ամիս մարդկային նորմալ կյանքով ապրելով՝ այնուամենայնիվ, բուն կյանքի լիարժեք մասնակիցը չէի, եւ դա ոչ միայն պահպանողական հակումներովս էր պայմանավորված, այլեւ՝ կրկնված թոքաբորբովս ու վերստին բարձրացած շաքարովս, եւ երբ մարտի մեկին ահավորը կատարվեց ու տեղի ունեցավ, ես ահավոր տաքության մեջ էի, եւ չնայած էդ տաքությունս արդեն մի շաբաթ շարունակվում էր, ես տանը չնստելով ու չպառկելով՝ հանրահավաքներին կանոնավոր մասնակցում ու քաղաքում անիմաստ ֆռֆռում էի, եւ երբ գիշերվա կողմ Քոչարյանի արտակարգ դրությունն ազդարարվեց, ես ամենաահավորը կանխազգալով՝ տնից դուրս թռա ու դեպի Ֆրանսիայի դեսպանատուն ընթացա վազելով, որովհետեւ ճանապարհին ոչ երթուղային հանդիպեց ու ոչ էլ տաքսի, եւ տաքության ու քրտինքի մեջ Շիլաչու բուքմեյքերականի մոտով անցնելով՝ լուսամուտից ներս նայեցի ու տեսա՝ տղերքը հանգիստ ֆուտբոլ ու բասկետբոլ էին նայում, եւ դրսից ներս նայելով ու տղերքին խաղային տրամադրության մեջ տեսնելով՝ մտածեցի՝ ամեն ինչ լավ է, եւ էդ բանը հաճելիորեն ու երկար մտածելով՝ արդեն հասնում էի «Ռոսիա» եւ «Ռոսիա» չհասած՝ ականջիս կրակոցներ ու աղաղակներ հասան, եւ երբ քայլերս ավելի արագացրի, նոր կրակոցներ ու աղաղակներ լսվեցին, ու էդ պահին արդեն Առեւտրի տան մոտերքում էի, եւ խաչմերուկի մարմնավաճառների խուճապը տեսնելով՝ հասկացա, որ ահավորն արդեն սկսվել է, ու խուճապահար կրկեսի կողմ վազեցի, բայց կրկեսից էն կողմ չանցա, որովհետեւ փախչողներն ու աղաղակողները դեպի ինձ էին վազում, եւ աղաղակող կանանցից մեկն ինձ վրա գոռաց՝ «էն կողմ մի գնացեք՝ կրակում են», եւ ուրիշ այլ փախչողներ էլ կային, բայց կային նաեւ ռիսկովներ, ընդ որում՝ նաեւ կանայք ու աղջիկներ, որ ինձ պես ուշացումով հայտնվել, բայց փախչողների հորդորներին ուշադրություն չէին դարձնում եւ ուշադրություն չդարձնելով՝ համարձակորեն ու վճռականորեն շարժվում էին դեպի Սունդուկյանի թատրոնի ու Ֆրանսիայի դեսպանատան կողմը, եւ կրկեսի մոտից նայելով՝ պարզ տեսնում էի, որ մնացողներն ու չփախչողները շա՜տ-շա՜տ են, եւ դա չափազանց հստակ էր երեւում, որովհետեւ Սունդուկյանի թատրոնից անդին՝ դեսպանատանն ու քաղաքապետարանին հարող տարածքը չարագուշակորեն լուսավոր էր, ու էդ մեծ լույսի մեջ մնացողներն ու չփախչողները չափազանց հստակ էին երեւում, ու Սունդուկյանի կողմից դեպի մեզ խուճապահար վազողներ էլ կային, մինչդեռ դեպի լույսը շարժվողներն անհամեմատ հանգիստ էին դեպի լույսն ընթանում, եւ դեպի մեզ վազողների մեջ զինվորական ու ոստիկանական համազգեստով ջահելներ էլ տեսա ու սկզբում կարծեցի՝ փախչողներին են հետապնդում, եւ մի քանի րոպե քարացած կանգնած էի ու չէի կարողանում կողմնորոշվել՝ փախչողների՞ն միանամ, թե՝ ընդհակառակը, եւ երբ դեպի ինձ վազողների մեջ ոստիկանական ու զինվորական համազգեստով մարդիկ տեսա ու կարծեցի՝ փախչողներին են հետապնդում, ինքս էլ դեպի «Ռոսիա» շրջվելով՝ սկսեցի քայլերս արագացնել, ու էդ ժամանակ գմփգմփոցներն ավելի ուժգնացան, եւ երբ Առեւտրի տան մատույցներում շրջվեցի ու վերստին համազգեստավորներին տեսա, կողքովս փախչող երկու երիտասարդներից մեկն ինձ ժպտալով ասաց՝ «մի՛ վախեցի, հոպար. իրանք էլ մեր պես վախից են փախնում», եւ երբ ոտս կախ գցելով համոզվեցի, որ համազգեստավոր էդ մի քանիսն իրենց իսկ ճակատագրից են փախչում, արդեն ուշ էր. շաքարս արդեն կտրուկ բարձրացել էր, եւ գլխապտույտս էլ էր սկսվել, եւ քայլերս շարունակելով՝ զգում էի, որ տաքությունս էլ է ահավոր բարձրացել, ու էդ վիճակում որոշ ժամանակ «Ռոսիայի» մոտերքում քարացած մնալով՝ ոչ մի կերպ չէի պատկերացնում՝ որ կողմ պիտի գնամ, բայց շուտով կողմնորոշվելով՝ դեպի Շիլաչի շարժվեցի եւ Շիլաչու բուքմեյքերական հասնելով՝ լուսամուտից ներս նայեցի ու տեսա, որ տղերքն ամեն ինչից բեխաբար՝ իրենց խաղերն են շարունակում, բայց ներս չմտա, որովհետեւ էնտեղ էլ արդեն անելիք չունեի, եւ տաքության, գլխապտույտի ու ամոթի ուղեկցությամբ փախուստս շարունակելով՝ ճանապարհին հիշեցի, որ երկու հազար չորսի ապրիլի տասներկուսին էլ էսպես խուճապահար փախա մահակավորներից ու ջրցաններից, եւ հիմա էդ փախուստս հիշելով՝ մի ավելորդ անգամ համոզվեցի, որ ինձ վիճակված չէ իմ երկրի մտավորականն ու լիարժեք քաղաքացին լինել՝ մանավանդ էդ պահի իմ բարձրացած տաքությամբ ու բարձրացած շաքարով, բայց, հիշում եմ, իմ էդ աննախադեպ տաքության ու շաքարի մեջ մտածելս կարծես ստացվում էր, եւ Շիլաչու կամրջի մոտերքում մտածելով հասկացա, որ ես էլ էդ զինվորների պես իմ իսկ ճակատագրից եմ փախչում եւ ոչ թե՝ մահից, որովհետեւ մահից փախչողը նախ պիտի կյանքից չփախչի, մինչդեռ էդ նախընտրական ու հետընտրական շրջաններում անելիքս ոչ մի կերպ չհայտնաբերելով՝ ձեր ու մանավանդ իմ կյանքից իսպառ բացակայում էի, եւ արդեն տասնհինգ օր կլիներ՝ ոչ գրում էի ու ոչ էլ բուքմեյքերական էի գնում, ոչ էլ հանրահավաքներին էի մարդավարի մասնակցում, ավելի ճիշտ՝ չէին թողնում մարդավարի մասնակցեմ, որովհետեւ հենց ներկայանում էի Ազատության հրապարակի շուրջօրյա հանրահավաքներին, ծանոթներս ու անծանոթներն ինձ պարտադրում էին հարթակից ելույթ ունենալ, մինչդեռ դա բացառվում էր, որովհետեւ եթե ելույթ ունենայի՝ պիտի խաղաղության եւ հաշտության կոչեր անեի ու վերջնականապես խայտառակվեի, եւ երբ արդեն Ջհանգիրյանն ու երկրապահներն էլ Լեւոնին միացան, եւ երբ արդեն վերջնականապես համոզվեցի, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է՝ քան ինձ էր թվում, եւ երբ աջուձախ անհանգստությունս հայտնում էի, մարդիկ ինձ խղճահարությամբ էին նայում եւ լավագույն դեպքերում ինձ ասում էին՝ «հանգստացի. ոչ մի բան էլ չի ըլնի», բայց ես ոչ մի կերպ չէի խաղաղվում, որովհետեւ ինձ հույս տվողները հեղափոխականներն ու հակահեղափոխականներն էին, որոնց փոխադարձ ատելությունից էին վախս ու անհանգստությունս էդքան առաջացել, եւ առաջին հերթին իրենց էդ փոխադարձ, բուռն ու անմնացորդ ատելությունից էի էդքան սարսափած, որովհետեւ երբ մարդ արարածն անձամբ քեզ է ատում, դրանում առանձնապես սարսափելի բան չկա, քանի որ էդ վիճակից, այնուամենայնիվ, ելք կա եւ էդ վիճակից ելքն առաջին հերթին էն է, որ դու միշտ էլ կարող ես քեզ ատողից կողմ քաշվել եւ քեզ չատողների մեջ բարեկամ ու հաղորդակից փնտրել, եւ, էս մեկից բացի, հաջորդ տարբերակն էլ կա, եւ էս երկրորդը կիրառելի է մանավանդ էն դեպքում, երբ քեզ ատողին առանձնապես չես ատում. էս դեպքում արդեն կարող ես քեզ ատողի հանդեպ իսկական քրիստոնյային վայել վերաբերմունք հանդես բերել եւ, ուրեմն, քեզ ատողին սիրել, ու էս դեպքում արդեն քեզ ատողը վերջնականապես կզինաթափվի. այսինքն, ասածս էն է, որ երբ քեզ են ատում, հնարավոր բազմաթիվ ելքերը կան ու կան, բայց երբ մարդիկ սկսում են ի խորոց սրտի ու միանգամայն անկեղծ իրար ատել, էս դեպքում արդեն որեւէ քրիստոնեություն ու քրիստոնեամտություն քեզ չի կարող փրկել, որովհետեւ երբ իրար սրտանց ու անկեղծորեն ատողներին փորձում ես հաշտեցնել, երկուսն էլ հանկարծակի սթափվելով ու լրջանալով՝ իրավիճակն ըստ արժանվույն գնահատում եւ երկուստեք ու միաժամանակ սկսում են անձամբ քեզ ատել, եւ էս դեպքերում արդեն ուզում ես գլուխդ առնել ու փախչել աշխարհից դուրս ու աշխարհից անդին մի տեղ, ու ինձ հետ հենց էդ տարբերակը պատահեց, ու ես՝ որ արդեն ամեն ինչից փախչելու հարուստ փորձ ունեմ, էս անգամ գլուխս առա ու փախա Լաչին՝ ուսուցչության, որովհետեւ երկրորդ թոքաբորբիցս ու շաքարիցս հետո բժիշկն ասաց, որ իմ միակ դեղը մաքուր օդն է, ու ես առիթից օգտվելով փախա Լաչին՝ ուսուցչության, բայց էդ փախուստս մտահղացա ապրիլի քսանին ու իրականացրի հաջորդ օրն առավոտյան, մինչդեռ մարտի մեկի գիշերը փախչելու տեղ չունեի ու չափազանց բարձր տաքությամբ վերադառնում էի տուն, ավելի ճիշտ՝ սրտատրոփ ու սրտապատառ վազում էի տուն, ընդ որում՝ ոչ թե զոհվելուց կամ խփվելուց էի վախենում, այլ՝ բնական մահիցս, ընդ որում՝ բնականն էլ առանձնապես սարսափելի չէր լինի՝ եթե կատարվեր ու տեղի ունենար տան պայմաններում, ու էս տարօրինակ մտքերը գլխիս մեջ շարունակվեցին տուն հասնելուցս հետո էլ, երբ ռուսական սայթերն արդեն զոհերի թիվն էին հաղորդում, եւ արտակարգ դրության պայմաններում գլխիս մեջ արդեն արտակարգ ու տարօրինակ մտքեր ու պատկերներ էին պտտվում, եւ զոհերի 8 թիվը սայթից սայթ էր տեղափոխվում ու անընդհատ սպառնում էր աճել, ու ես հասկանալով հանդերձ, որ քաղաքում դժվար թե որեւէ մեկը քնած լինի, վախենում էի որեւէ մեկին զանգել, որպեսզի զոհերի իրական թիվը չիմանայի, բայց մեր համակարգիչն արդեն կար, եւ աղջիկներս արդեն որոշ չափով գլուխ էին հանում, եւ բոլոր սայթերը գուժում էին, եւ զոհերի թվի աճի տենդենցն ակնհայտ էր, եւ աղջիկներս արթուն էին ու էդ ահավոր առիթով իրենց համակարգչային իմացությունն էին նորից ու նորից փորձարկում, եւ բոլորս արթուն վիճակում սարսափահար իրար էինք նայում ու երբեմն-երբեմն խոսում էլ էինք եւ երբեմն-երբեմն խոսելով՝ արտակարգ ու արտառոց մտքեր էինք արտաբերում, եւ չնայած երկրորդ թոքաբորբս ու շաքարս անձամբ ինձ էին պաշարել, այդուհանդերձ, աղջիկներս ու կինս էլ էին արտակարգ ու արտառոց մտքեր արտահայտում, ու էդ արտառոցներից ամենաարտառոցը կապված էր շրջանառվող 8 թվի հետ, եւ կինս առաջինը մտահղացավ, որ էդ 8-ը չափազանց կրկնվող է, եւ բոլորով սկսեցինք ամենուր էդ 8 թիվը փնտրել, եւ կինս անմիջապես հիշեց, որ Լեւոնն 98-ին էր հրաժարական տվել, եւ բոլորս միասին ու գրեթե միաժամանակ գլխի ընկանք, որ էս ամենը կատարվում ու տեղի է ունենում 2008 թվականին, եւ ահավոր տաքության մեջ մտածելով՝ հիշեցի, որ հոկտեմբերի 27-ի զոհերի թիվն էլ էր 8, ու էդ պահին կինս ջերմաչափը դեմ արեց, եւ չնայած զգում ու հասկանում էի, որ էդ պահին տաքություն չափելն ահավոր էգոիզմ է, չառարկեցի եւ ջերմաչափը դրի թեւիս տակ եւ մի քանի վայրկյան անց հանեցի, եւ սնդիկի սյունն ուղիղ 38-ի վրա էր, եւ կինս 38-ը տեսնելով՝ սովորականի պես չասաց, որ ջերմաչափը մի քիչ էլ թեւիս տակ պահեմ, որովհետեւ երկուսս էլ հասկանում էինք, որ եթե մի քիչ էլ պահեի՝ հաստատ քառասունից էլ կանցներ, ու էդ պահին երկուսս էլ իմ վիճակից չխոսեցինք, որովհետեւ երկուսս էլ հասկանում էինք, որ էդ պահին ուրիշներն անհամեմատ ծանր վիճակում են, եւ, ըստ ամենայնի, Ֆրանսիայի դեսպանատան մատույցներում հակամարտությունը շարունակվում էր, եւ քաղաքապետարանի շրջակայքի չարագուշակորեն լուսավորված երկինքը մեր շուշաբանդի լուսամուտից հստակ երեւում էր, եւ չնայած տասնհինգ օր որեւէ տող չէի գրել, նախկին գրածներս թափթփված էին գրասեղանիս վրա, եւ կինս, չիմանալով ինչ անել ու ինչ խոսել, սկսեց գրասեղանիս վրա թափթփված էջերս իրար գլխի հավաքել եւ առաջին էջին հասնելով՝ հանկարծ սարսափած ինձ նայեց, եւ երբ հարցական նայեցի իրեն, ինքն էդ առաջին էջն ինձ ցույց տվեց, եւ էդ առաջին էջի ճակատին իմ իսկ ձեռագրով գրված էր՝ Հայկական ժամանակ, գիրք 8, եւ երբ կնոջս հարցրի՝ «էդ ինչի՞ ես ցույց տալի», կինս սարսափահար ու կարկամած ասաց՝ «ութ» եւ կմկմալով ավելացրեց՝ «էս էլ ա ութ», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչն ա ութ», եւ կինս սարսափահար պատասխանեց ու ասաց՝ «ութերորդ գիրքդ ես կիսատ թողել», եւ փոքր աղջիկս ասաց՝ «մի քիչ առաջ «Եվրոնյուզով» ասեցին, որ Իրաքում էլ են 8 հոգի զոհվել», եւ մեծս սարսափած ավելացրեց՝ «Պաղեստինում էլ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «Աստված տա՝ մերն ութից չանցնի», բայց դադարած ու շուրջ տասնհինգ օր չշարունակված վեպիս էդ առաջին էջի ճակատի գրին նայելով ու վերստին կարդալով՝ Հայկական ժամանակ, գիրք 8, ես ուշացումով ցնցվեցի, եւ էդ պահին կինս ասաց՝ «որ ջերմաչափը մի քիչ էլ պահեիր՝ հաստատ երեսունութից կանցներ» եւ ես ժպտալով ավելացրի՝ «երեսունութի մեջ էլ 8 կա», եւ կինս մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ մի քիչ պահեիր՝ երեւի քառասունից էլ անցներ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ես միշտ էլ ասում էի, որ Լեւոնն իշխանության ա վերադառնալու», եւ ես հարցրի՝ «էս իշխանության վերադառնալ ե՞ս հաշվում», եւ կինս մի քիչ մտածեց ու ասաց՝ «դե կտեսնես», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «Աստված տա՝ էդ ութ զոհերը չավելանան» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «Աստված տա՝ էդ ութն էլ սուտ ըլնեն», եւ փոքրս ասաց՝ «էդ ութը բոլոր սայթերի մեջ արդեն կան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել