Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուսնական մի ությունը սկզբունքորեն անբաժան է

Հուլիս 11,2009 00:00

\"\"Պսակը իբրեւ մարդկային կյանքի ամենաուրախ ու հիշարժան օր

Պսակն այր ու կնոջ ամուսնական միության խորհուրդն է, քանզի տղամարդու եւ կնոջ միությունը օրհնվում եւ կնքվում է Աստծո անունով. «Աստծո միացրածը մարդը թող չբաժանի» (Մատթ. 19:6): Մարդկային ցեղի մաքուր եւ առողջ աճը, Քրիստոսի եկեղեցու բարգավաճումն ու պայծառությունը կախված են օրինավոր ամուսնության արդյունքից՝ օրինակ ունենալով Քրիստոսի եւ Իր եկեղեցու մեկ մարմին լինելը: Հարկ է, որ ամուսնացողները լինեն իրագործողներն «աճեցե՛ք եւ բազմացե՛ք» աստվածային պատվիրանի՝ կատարելապես գիտակ եւ հավատարիմ իրենց միավորման ուխտին եւ նպատակին: Երկու էակների միությունն ինքնին խորհրդավոր է, եւ եկեղեցին այն դարձրել է իր յոթ խորհուրդներից մեկը՝ հիմնվելով աստվածային պատգամի եւ օրհնության վրա:

Ամուսնության նպատակը որդեծնությունն է: Այր եւ կին, իբրեւ եկեղեցու ճշմարիտ անդամներ, պետք է մաքրակենցաղ լինեն, որպեսզի իրենց միությունն արդյունավետ լինի, տուն, ընտանիք կազմվի, եւ եկեղեցին զորանա նոր ուժերով: Եվ որովհետեւ ամուսնությունը հիմնված է ողջախոհության վրա, այր ու կին պետք է զգուշանան բղջախոհությունից (շնությունից, պիղծ վարմունքից, մեղքից) եւ չապականեն իրենց ամուսնական միության սրբությունը:

Ամուսնական միությունը սկզբունքորեն անբաժան է: Ըստ Ավետարանի՝ ամուսնալուծման օրինական պատճառ կարող են լինել մահը եւ շնությունը: Բայց եկեղեցին վաղ ժամանակներից, նկատի առնելով ամուսնական կյանքում երեւան եկող մի շարք լուրջ պատճառներ, որոնք արգելք են դառնում ամուսնական միությանը, ընդունել է ամուսնալուծությունը՝ միությունն արգելող օրինական պատճառները քննելուց եւ ստուգելուց հետո միայն:

Ամուսնությունը կրկնելի է, երբ ամուսիններից մեկը մահանա կամ երբ օրինական ամուսնալուծության հետեւանքով մեկ կամ մյուս կողմն արտոնված լինի նորից ամուսնանալ: Եթե մարդը կորցնում է կնոջը, եկեղեցական կանոնը թույլատրում է նրան երկրորդ անգամ պսակվել: Ամուսնությունը պետք է խարսխված լինի սիրո ամուր հիմքերի վրա: Տղամարդն ու կինը պետք է հասկանան, որ եկեղեցում տված ուխտից հետո նրանք այլեւս թեւակոխում են իրենց կյանքի մեկ այլ փուլ, որը նաեւ սկիզբ է դառնում մեկ այլ անձի աշխարհ գալուն: Այսօր հարսանիքը կամ պսակադրությունը կարելի է համարել մարդկային կյանքի ամենաուրախ եւ հիշարժան օրերից մեկը: Անձինք նշանադրության միջոցով սկսում են իրենց աջ ձեռքին կրել այն մատանիները, որոնք պսակադրության օրը պետք է դնեն միմյանց ձախ ձեռքին՝ ի նշան միության եւ պահպանության: Յուրաքանչյուր ոք պետք է ձգտի գտնել իր միակին, որպեսզի կարողանա Աստծո պարգեւ կյանքը ապրել սիրելիի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել