Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐ, ՎԱՐՍԵՐ ՀԱՐԴԱՐԵԼԸ ՄԻ ՇՓՈԹԵՔ ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Հուլիս 11,2009 00:00

Ասում է վարսահարդարն ու խնդրում չպահանջել քիթը փոքրացնող սանրվածքներ

Մոդայիկ երեւալու համար բավական չէ հետեւել ամսագրերին, ֆիրմային հագուստներին ու կոշիկներին: Լիարժեք մոդայիկ կերպար ձեռք բերելու համար անհրաժեշտ է նաեւ ունենալ մոդայիկ սանրվածք: Չնայած վարսահարդարները կարծում են, որ չպետք է «վազել» մոդայիկ սանրվածքների հետեւից, պարզապես պետք է այնպես անել, որ մազերի սանրվածքը, գույնը սազեն դեմքին: Իսկ թե ինչպիսի սանրվածքներն են այս տարի մոդայիկ, ինչ են վարսահարդարներից «պահանջում» հայուհիները, փորձեցինք պարզել վարսահարդար Հայկ Խանոյանից:

Պարզվում է, շուրջ տասը տարի Հայաստանում ամառային, հարմար եւ մոդայիկ են համարվում կարճ սանրվածքները՝ հիմնականում ուսերին չհասնող չափսը (կառե). այս կարծիքին է հայ վարսավիրների մեծամասնությունը: Մանրամասնելով կարճ սանրվածքները, վարսահարդար Հայկ Խանոյանը պարզաբանեց. «Հայ աղջիկների մեծամասնությունը կառեն պատկերացնում է ուսերին թափվող չափսով, բայց իրականում այդ սանրվածքը ուսերին չհասնող՝ օդի մեջ խաղացող չափսն է»: Նրա խոսքով, մշտապես նախընտրելի է, որ կառե կտրվածքի առջեւի մասը լինի երկար ու սուր: Ավելի համարձակ աղջիկների համար այս ամառ մոդայիկ է մազերի հետին մասում կարճ կտրվածքը, իսկ դիմային մասերը՝ երկար: Մոդայիկ սանրվածքի մյուս տեսակն էլ բոլոր կողմերի՝ երկար ու կարճ համադրությամբ կտրվածքն է: Այս տարի մոդայիկ է նաեւ կառեի բեմական տարբերակը՝ մի կողմը լրիվ կարճ, գրեթե սափրած, իսկ մյուս կողմը՝ բավականին երկար: Հայկը իր աշխատանքային պրակտիկայում արձանագրել է երիտասարդության համարձակության միտումներ: «Հայ աղջիկների մեծամասնությունը մեծ ցանկություն ունի մոդայիկ սանրվածքներ ունենալ, բայց նրանց պակասում է համարձակությունը: Կան փոքրամասնություն կազմող աղջիկներ, որոնք իսկապես ընդունում են վարսահարդարների առաջարկած մոդայիկ էքստրեմալ սանրվածքները ու կարեւորը, որ հետո չեն փոշմանում դրա համար»,- ասաց Հայկը: Հաճախորդների համարձակությունը վարակիչ է եւ նոր սանրվածքների մղելու ուժ է հաղորդում: Հայկը հիշում է, թե ինչպես վերջերս մի հաճախորդի՝ կոնքերին հասնող մազերից ստացան տարբեր սանրվածքների համադրությամբ նորաձեւ ու էքսկլյուզիվ կարճ կտրվածք:

Ինչ վերաբերում է մազերի այս տարվա գույնին, ապա, Հայկի խոսքով, արդեն երկու տարի շարունակ մոդայիկ են մազերի բնական գույները՝ հատկապես բաց շագանակագույնը, բայց դրան հակառակ՝ հաճախորդները նախընտրում են միջին պղնձագույն ու բաց երանգները, որոնք մոդայիկ էին շուրջ յոթ տարի առաջ: Վարսահարդարի փոխանցմամբ, երկար մազեր ունեցող ու նախընտրող աղջիկների համար այս տարի մոդայիկ են առանց շերտերի ու առանց չոլկայի կտրվածքները: «Հայ աղջիկները հիմնականում նախընտրում են պահպանողական՝ երկար սանրվածքները, նրանց դժվար է հրապուրել կարճ սանրվածքներով»,- ասում է Հայկը: Նա նաեւ նշեց, որ շատ կարեւոր է ոչ միայն դեմքին համապատասխան սանրվածքի, այլեւ երանգավորման ձեւը: Վարսահարդարը նկատել է, որ Հայաստանում լայն դեմք ունեցողները մազերի ներքեւի հատվածը՝ մուգ, իսկ վերին մասը՝ բաց են երանգավորում, մինչդեռ սա սազական է նիհար դեմք ունեցողներին: «Վարսահարդարությունը պլաստիկ վիրահատություն չէ, շատ հաճախորդներ գալիս են ու պահանջում մեծ քիթը փոքրացնող սանրվածքներ, այս դեպքերում առաջարկում ենք մեղմացնող ճոխ սանրվածքները»,- ասաց Հայկը: Նա հատկապես զարմանում է, որ հաճախորդների մեծամասնությունը նախընտրում է այնպիսի սանրվածք ու մազերի երանգավորում, որն իրեն բացարձակապես չի սազում: Ըստ նրա. «Օրինակ, նախընտրում են սառը, բաց երանգներ, մինչդեռ հայերի մեծամասնությունը թուխ մաշկ ունի ու բացարձակ սազական չէ գունային այդ համադրությունը»: Վարսահարդար Հայկը մեզ հետ զրույցն ավարտեց հայ աղջիկներին ուղղված կոչով՝ մազերի հետ կապված՝ ավելի համարձակ լինել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել