Լրահոս
Օրվա լրահոսը

Դուստրեր եւ բռնակալ հայրեր

Հուլիս 11,2009 00:00

Ասում են՝ ծնողները եւ հատկապես հայրերը առանձնահատուկ խանդով են վերաբերվում իրենց դուստրերի հաջողություններին: Առավել եւս, եթե զավակները հասարակ աղջիկներ չեն, այլ թենիսի աստղեր, որոնց վաստակած գումարները ծնողներին անաղքատ ծերություն է ապահովում: Արտասահմանյան լրատվամիջոցները, ուսումնասիրելով նմանատիպ ընտանիքների ներքին խոհանոցը, պարզել են, որ առաջին մեծության աստղ թենիսիստուհիներից շատերի հայրերը վճռորոշ դերակատարություն են ունեցել նրանց կայացման գործում եւ այժմ էլ շարունակում են առաջին ջութակի դեր կատարել, ճիշտ է, որոշ դեպքերում՝ որպես բռնակալ:

ՎԻՆՈՒՍ ԵՎ ՍԵՐԵՆԱ ՈՒԻԼՅԱՄՍ

\"\"Սերենա եւ Վինուս Ուիլյամս քույրերի ապագան պլանավորված է եղել դեռ նրանց ծնվելուց առաջ: Ռիչարդ Ուիլյամսի ընտանիքում երեք աղջիկ էր մեծանում, երբ նա մի անգամ հեռուստացույցով տեսավ ինչ-որ մրցաշարում թենիսիստուհիների պարգեւատրման արարողությունը, որի գումարը $40 հազար էր: Եվ թխամորթ բանվորը որոշեց իր դուստրերին էլ թենիսիստուհի դարձնել: Սակայն եղածների համար արդեն ուշ էր, իսկ կինը չէր ցանկանում կրկին մայրանալ: Եվ Ռիչարդը թաքուն նրա՝ հղիանալու դեմ հաբերը փոխարինում էր վիտամիններով: Այդպես, 1980 թվականին լույս աշխարհ եկավ Վինուսը, եւս մեկ տարի անց՝ Սերենան: Մոռանալով իր երեք ավագ դուստրերին՝ հայրն ամբողջ ուշադրությունը բեւեռեց ապագա չեմպիոնուհիների վրա եւ, սկսած 10 տարեկանից, երկու քույրիկներն ապահովում են իրենց բոլոր բարեկամներին:

Այսօր 67-ամյա Ռիչարդ Ուիլյամսն աշխարհի ամենանախանձելի փեսացուներից է: Նա բաժանվել է կնոջից՝ նրա հետ կիսելով $330 միլիոնը, եւ սիրախաղերի մեջ է Վինուսի հասակակից մի աղջկա հետ:

ՄԵՐԻ ՊԻՐՍ

Ֆրանսիական թենիսի աստղ Մերի Պիրսի հայրը միակն է աշխարհում, որին ցմահ արգելված է հաճախել WTA-ի մրցումներ: Նախկին քրեական եւ հոգեբուժական հիվանդանոցի հաճախորդ Ջիմմի Պիրսը ծեծում էր աղջկան, արգելում կարճ շրջազգեստ կրել, շփվել հասակակիցների հետ: Մրցաշարերի ժամանակ տրիբունայից դստերը «ոգեւորում» էր՝ «Սպանիր այդ շան քածին»: Իսկ մի անգամ էլ՝ 1993 թվականին, «Ռոլան Գարոսի» ժամանակ Ջիմմին տրիբունայում նոկաուտի է ենթարկել Շտեֆի Գրաֆի հորը: Ի վերջո, Մերին հորն ազատել է իր մարզչի պաշտոնից եւ խզել նրա հետ բոլոր կապերը:

ՄԱՐԻԱ ՇԱՐԱՊՈՎԱ

\"\"Ուիմբլդոնի նախկին չեմպիոնուհի Մարիա Շարապովան իր կարիերայի համար պարտական է հորը՝ ժամանակին Սոչիում որպես տաքսու վարորդ աշխատող Յուրի Շարապովին, որը տարիներ առաջ որոշեց թողնել ամեն ինչ եւ դստեր հետ մեկնել Ամերիկա: Այժմ Յուրի Շարապովն ամբողջությամբ տնօրինում է Մարիայի անձնական կյանքը եւ բանկային հաշիվները: Նա դստեր խաղերի ժամանակ պարտադիր տրիբունայում է եւ բարձրաձայն հայհոյանքներ է տեղում Մարիայի մրցակցուհիների հասցեին:

 

ԵԼԵՆԱ ԴՈԿԻՉ

\"\"Թենիսի աշխարհում սերբ Դամիր Դոկիչին «խելագար հայր» են կոչում: Մարզելով դստերը՝ Ելենային, նախկին բռնցքամարտիկը, սովորության համաձայն, հաճախ է բռունցքներին ազատություն տվել: Աշխարհի չորրորդ ռակետը 2002 թվականին փախել է ընտանիքից՝ որպեսզի բռնակալ հորն այլեւս չտեսնի: Սակայն նրանից պրծնելն այդքան հեշտ չի եղել: Դամիրը հարբած վիճակում հայտնվում էր տրիբունաներում, քաշքշուկներ սարքում, լրագրողների ծեծում: Հոր այդպիսի պահվածքից հոգնած՝ Ելենան նրան վճարել է $1 միլիոն, միայն թե նա հեռու մնա իրենից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել