Արվամոլները չպիտի՞ ծառայեն բանակում
ԵԽ նախարարների ներկայացուցիչների հուլիսի 1-ի հանդիպման ժամանակ հաստատվել է պատասխանը բրիտանացի պատվիրակ Մայքլ Հենքոքի հարցապնդմանը, որով նա ահազանգում է Թուրքիայում արվամոլների եւ լեսբուհիների իրավունքների ոտնահարման կապակցությամբ: Մայքլ Հենքոքը, որի վերաբերյալ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակներից ոմանք ակնարկներ են անում, թե նա թուրքամետ է՝ այս հարցապնդման մեջ նշել էր, որ Թուրքիայի օրենքների ոչ հստակությունը, մասնավորապես՝ «հանրային բարոյականության դեմ ուղղված հանցագործություններ» ձեւակերպումը, օգտագործվում է միասեռականներին հետապնդելու համար: Բրիտանացի պատվիրակը նշել էր նաեւ, որ Թուրքիայում որոշ լեսբուհիներ ու բիսեքսուալ կանայք ենթարկվում են բռնությունների, արվամոլ տղամարդկանց բանակում հարկադիր բուժման են ենթարկում եւ այլն: Եվ նա ԵԽ նախարարների կոմիտեին հարցրել էր, թե ի՞նչ միջոցներ են մտադիր ձեռնարկել, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկիր Թուրքիան դադարեցնի բռնություններն ու խտրականությունը սեռական կողմնորոշումների պատճառով:
Նկատենք, որ Եվրոպայի խորհուրդը Թուրքիայի նկատմամբ դադարեցրել է մոնիտորինգը, եւ այս երկիրը գտնվում է հետմոնիտորինգային երկխոսության փուլում: ԵԽ նախարարների կոմիտեն Մայքլ Հենքոքի հարցադրմանն ի պատասխան հիշեցրել է, որ Եվրոպայի խորհուրդը եվրոպական բոլոր հասարակություններին հանդուրժողական եւ ոչ խտրական վերաբերմունքի կոչ է արել, եւ սեռական կողմնորոշման հիման վրա խտրականությունն անհամատեղելի է այս ուղերձի հետ: Նաեւ հիշեցված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռները, որոնցով սեռական կողմնորոշման առնչությամբ ցանկացած խտրականություն համարվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում: ԵԽ նախարարների կոմիտեն նաեւ հայտնել է, թե այժմ պատրաստվում է երաշխավորություն, որն արտացոլում է ՄԻԵԴ վճռով ամրագրված նախադեպը՝ ըստ որի, արվամոլները չպիտի ծառայեն զինված ուժերում:
ԵԽԽՎ ամեն նստաշրջանի ժամանակ բազմ աթիվ են լինում այս թեմաներով հարցապնդումները: Ասենք, ամառային նստաշրջանի ընթացքում շրջանառության մեջ դրվեցին Դանիայի պատվիրակ Մոջենս Ժենսենի հարցապնդումները, որոնք վերաբերում են արվամոլների իրավունքներին Ռուսաստանում եւ Լատվիայում: Ռուսաստանի կապակցությամբ նա փորձել է պարզել՝ արդյոք ԵԽ նախարարների կոմիտեն արձագանքելո՞ւ է 2009-ի մայիսի 17-ին Լոմոնոսովի անվան համալսարանում կատարվածին, երբ ՌԴ իշխանություններն արգելել էին արվամոլների կազմակերպած ցույցն ընդդեմ խտրականության ու անհանդուրժողականության, եւ ՕՄՕՆ-ը դաժան ծեծի էր ենթարկել ցուցարարներին ու ձերբակալել 40 հոգու: Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը պնդել էր, թե ոստիկանության հատուկ ջոկատը գործել է իրավիճակին համարժեք՝ օրենքի շրջանակներում, իսկ ավելի վաղ արվամոլների շքերթները բնութագրել իբրեւ «սատանայի գործ» ու հայտարարել, թե «արվամոլները նման են զանգվածային ոչնչացման զենքի»: Հիմա դանիացի պատվիրակը հետաքրքրվում է, թե արդյոք ԵԽ նախարարների կոմիտեն դիմելո՞ւ է ՌԴ կառավարությանը՝ դատապարտելով եվրոպական կոնվենցիայի նման խախտումը, եւ հարցնելով, թե արդյոք համաձա՞յն են Լուժկովի այդ հայտարարություններին, եւ ինչպե՞ս են մտադիր երաշխավորել, որ այդ կոնվենցիան կհարգվի Ռուսաստանում եւ խտրականություն ու բռնություն չի կիրառվի արվամոլների հանդեպ: Համանման հարցեր Մոջենս Ժենսենն առաջարկել է ուղղել Լատվիայի կառավարությանը՝ Ռիգայի քաղաքապետարանի կողմից արվամոլների «Բալթյան հպարտության շքերթը» մայիսի 14-ին արգելելու կապակցությամբ:
Թե ինչ կպատասխանի ԵԽ նախարարների կոմիտեն այս հարցապնդումներին՝ պարզ կդառնա ավելի ուշ: Իսկ այս նստաշրջանում շրջանառվում էր Մոնակոյում սեռական կողմնորոշումների պատճառով խտրականության վերաբերյալ պատասխանը, որն էլ հաստատվել է ԵԽ նախարարների ներկայացուցիչների մայիսի 20-ի հանդիպման ժամանակ: Պատասխանն էլի նույն կարծրատիպով է կազմված՝ բոլոր մարդկանց իրավունքները հավասար են, եւ ցանկացած անհանդուրժողական վերաբերմունք արվամոլների հանդեպ հակասում է ԵԽ սկզբունքներին: