Վահանավանքը դեռ միջնադարում էր կղմինդրածածկ՝ պնդում է Վահանավանքի համալիրի վերականգնման նախագծերի հեղինակ-ճարտարապետը:
ՀՀ ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահի՝ վերջին օրերի սենսացիոն բնույթի բացահայտումները, որոնց հեղինակը, հղում անելով իր գլխավորած հանձնաժողովի անդամների՝ ինչ-որ անանուն մասնագետների եզրակացություններին, խիստ քննադատության է ենթարկել ճարտարապետական հուշարձանների վերականգնման ոլորտում տեղի ունեցող գործընթացները, հասարակության լայն շրջաններում մեծ արձագանք են ստացել:
Խոսք է գնում վերականգնողական աշխատանքները սխալ մեթոդներով ու հուշարձանին անհարիր շինանյութերով իրականացնելու հետեւանքով պատմաճարտարապետական հուշարձանները, ՎՊ նախագահի խոսքերով, «այլանդակելու» աղաղակող փաստերի մասին:
«Այլանդակված» հուշարձանների շարքում նշվում է նաեւ Վահանավանքի ճարտարապետական համալիրը: Միջնադարյան հուշարձանների վերականգնման մեթոդների վերաբերյալ իրենց մակերեւութային իմացությունների շրջանակներում դատողություններ անող մարդիկ անթույլատրելի են համարում հուշարձանի վերականգնումը տարբեր տիպի (տրավերտին եւ բազալտ) քարատեսակներով: Սարկազմի հասնող տոնով նշվում է, որ 10-րդ դարի հուշարձանը ծածկվել է կղմինդրով, այն էլ՝ կարմիր, ինչը եվրոռեմոնտին է բնորոշ:
Այո, պատմական հուշարձանների նկատմամբ իրականացվող ցանկացած գործողություն պետք է վերահսկվի պետական մակարդակով: Հայկական ճարտարապետական հուշարձանները մեր ազգի մշակութային ժառանգությունն են եւ դրանց ճակատագրին անտարբեր ու անհաղորդակից չպետք է մնա եւ ոչ մի հայ: Սակայն, մինչ ինկոգնիտո, ոչ բանիմաց մարդկանցից հանձնաժողովներ կազմելը ու դիլետանտական բնույթի հայտարարություններ անելը, ճիշտ կլիներ նախապես հարցը քննարկել եւ պարզաբանումներ ստանալ վերականգնողական աշխատանքները անմիջականորեն իրականացնող «մեղավորներից»՝ նախագծողից, վերականգնողից կամ այդ ոլորտում փորձ ունեցող որեւէ մեկից, ինչը զարմանալիորեն չի արվել: Առավել վատ է, երբ չհիմնավորված, անձնական ճաշակի ու ենթադրությունների վրա հիմնված մեղադրանքներ են հնչում պետական գերագույն մարմինը ներկայացնող պաշտոնյայի կողմից, որովհետեւ դրանք որպես աներկբա ճշմարտություն, արժանահավատորեն մատուցվելով, թյուրիմացության մեջ են գցում հանրությանը եւ հանիրավի վարկաբեկում ոլորտում երկարամյա անբասիր գործունեությամբ բարի համբավ վաստակած մասնագետներին եւ անվանի գիտնականներին:
Որպես Վահանավանքի համալիրի վերականգնման նախագծերի հեղինակ-ճարտարապետ, որը շուրջ 35 տարի աշխատում է հուշարձանների վերականգնման բնագավառում եւ 1980-ականներից զբաղվել է հուշարձանախմբի մնացորդների եւ պեղումներից ի հայտ եկած ճարտարապետական բեկորների ուսումնասիրությամբ ու վերակազմության նախագծերի մշակմամբ, տարակուսանքս եմ հայտնում նման վարվելակերպի նկատմամբ: Վահանավանքի վերականգնման նախագծերը ըստ հարկի գիտամեթոդական հիմնավորմամբ ներկայացվել, քննարկվել եւ հավանության են արժանացել հայկական ճարտարապետական հուշարձանների ուսումնասիրությամբ զբաղվող կարկառուն գիտնականների մասնակցությամբ կայացած գիտամեթոդական խորհուրդներում: Հատկապես երկար քննարկումներ են տեղի ունեցել՝ կապված Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերականգնման, մասնավորապես՝ շարվածքի նյութերին եւ ձեւին առնչվող հարցերի շուրջ: Բանն այն է, որ եկեղեցին ի սկզբանե (911թ.) կառուցված է եղել սպիտակ, ծակոտկեն կրաքարով: Շուրջ 1,5 դարի ընթացքում այն, առնվազն երկու անգամ, 10-րդ դարի կեսերին եկեղեցուն կից գավթի ու սրահի կառուցման եւ 1046 թվին՝ հուշարձանախմբի վերականգնման ժամանակ վերակառուցվել է մոտակա տարածքներում առկա քարհանքերից կտրված-բերված կարմրավուն կարծր քարով: Վերջին վերակառուցումը ընդգրկել է մինչեւ հորիզոնական քիվագոտու նիշը պահպանված հին քարերից վեր եղած ծավալը՝ խաչթեւերի ճակտոնները, լուսամուտաբացվածքների եզրաքարերը եւ, արդեն իսկ այդ ժամանակ, եկեղեցու շարվածքում առաջացել է շինաքարի տիպի եւ գույնի տարբերություն:
Վանքի գործունեության դադարումը (վերջին գրավոր տեղեկությունները վերաբերում են 14-րդ դարին), ամենայն հավանականությամբ, համալիրի կործանման հետեւանքն է, որի ժամանակն ու պատճառները հայտնի չեն: Դարերի ընթացքում հողի հաստ շերտը, ծածկելով եկեղեցու ավերակների ստորին մասերը, պահպանել է նախաստեղծ շինության մասունքները: Այլ է եղել վերգետնյա մասում հայտնված պատերի ճակատագիրը: Երեսապատերի սպիտակ քարերը, համեմատաբար փոքր չափեր ունենալու եւ թեթեւ լինելու պատճառով, շարունակաբար կեղեքվել են պատերից եւ տարվել ու, որպես շինաքար, օգտագործվել են մոտակա բնակավայրերում: Ըստ վկայությունների, դրանցով է կառուցվել նաեւ ֆրանսիացի պղնձարդյունաբերողների կողմից 19-րդ դարում հիմնված հիդրոէլեկտրակայանը: Հետեւանքը եղել է այն, որ մեր օրերում հողի մակերեւույթից վեր՝ ցցված մնացել էին պատերի քարազերծված կրաբետոնե միջուկները: Դրանց վրա պահպանված էին շարվածքի քարերի չափերի վերաբերյալ տեղեկույթ պարունակող խոռոչներ եւ սպիտակ կրաքարով երեսպատված առանձին հատվածներ: Խաչթեւերի եռանկյունաձեւ ճակտոնները եւ հորիզոնական քիվից վեր եղած ծավալը ամբողջովին կառուցվել են տեղական հանքի քարերով, որոնց հսկա չափերը, կարծրության պատճառով դժվարամշակելի լինելը, հարթ պատի շարվածքի համար ոչ պիտանի պրոֆիլավոր ձեւերը փրկել են դրանք սպիտակ կրաքարերի ճակատագրին արժանանալուց:
Քննարկումների արդյունքում որոշում էր կայացվել եկեղեցու վերականգնումը իրականացնել կրաբետոնե երեսպատազերծ միջուկները կրկին, հնի օրինակով, մինչ հորիզոնական քիվատակը՝ սպիտակ կրաքարով երեսպատմամբ: Նույնիսկ այն ժամանակ Վահանավանքի վերականգնման պատվիրատու հանդիսացող պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության ընկերության մասնագետի եւ Կապանի քաղխորհրդի գործկոմի ներկայացուցիչների հետ համատեղ հետախուզում կատարվեց եւ սպիտակ քարի հանքաշերտ հայտնաբերվեց այն ժամանակ դեռեւս թրքաբնակ Գիրաթաղ գյուղում: Սակայն, ազգային խնդիրներով պայմանավորված, այնտեղից քարի արդյունահանումը չիրականացվեց եւ որոշվեց քարը բերել Արարատի տրավերտինի հանքավայրից, ինչն էլ իրականացվեց:
Ինչ վերաբերում է կառույցների տանիքները կղմինդրով վերականգնելուն. տարածքի պեղման արդյունքում հայտնաբերված կղմինդրե տարրերի բազմաթիվ բեկորները, ինչպես նաեւ հուշարձանների քիվաքարերի մշակման կղմինդրածածկին հատուկ ձեւերը հաստատապես վկայում են հուշարձանների կղմինդրածածկ լինելը: Ավելին, համալիրի ողջ տարածքում չի հայտնաբերվել քարե ծածկասալի եւ ոչ մի բեկոր: Համալիրի հարավ-արեւմտյան անկյունում գտնվող կրկնահարկ եկեղեցու քարե սալերով վերականգնված ծածկույթը զուրկ է որեւէ գիտական հիմնավորումից, իրականացված է բոլորովին նոր քարերով եւ չի կարող նախատիպ համարվել համալիրի կառույցների համար:
Համալիրի կղմինդրածածկույթի տարրերի վերականգնման համար հիմք են հանդիսացել տարածքում հայտնաբերված, ինչպես նաեւ միջնադարյան Հայաստանում լայն կիրառում ստացած կղմինդրե տարրերի ձեւերն ու չափերը: Վահանավանքի համար հատուկ նախագծված եւ գիպսով պատրաստված մոդելներով ձուլվել են թուջե կաղապարներ, որոնցով պատրաստվել են ներկայումս վերականգնված ծածկերի կղմինդրատարրերը: Կղմինդրների համար որպես հումք է հանդիսացել բնական կավահողը, որը թրծվելուց հետո կարմրագույն երանգ է ստանում եւ տարիների ընթացքում արեւահարվելով՝ ավելի մգանում, սակայն կարմրաերանգ է մնում: Միջնադարյան կառույցներում օգտագործված այլ գույների կղմինդրներ հայտնի չեն:
Վերականգնող ճարտարապետի տարիների նվիրական, հսկայածավալ աշխատանքը, որի արդյունքում հառնել է ավերակների մեջ խոնարհված համալիրի անկրկնելի կերպարը՝ չինովնիկի մեկ արտահայտությամբ կարող է հավասարվել զրոյի:
Մեղմ ասած՝ ցավալի է: