TNS ընկերության կողմից անցկացրած հարցումների արդյունքում՝ ֆրանսիացիները ճանաչվել են որպես ամենաանտանելի զբոսաշրջիկներ: Հարցումն անց է կացվել 27 երկրների 40 հազար հյուրանոցներում: Ի թիվս այլ չափանիշների՝ հարցման մասնակիցները պատասխանել են հյուրերի առատաձեռնության, մաքրասիրության, բարեկրթության եւ հագնվելու ճաշակի մասին հարցերին:
Ֆրանսիացի զբոսաշրջիկները, որոնք զբաղեցրել են վերջին տեղը, բնութագրվել են որպես փնթի, անտակտ, ժլատ եւ գումարած դրան՝ հյուրնկալող երկրի լեզուն սովորելու որեւէ ցանկություն չունեցող: Ռեյտինգը գլխավորել են ճապոնացի զբոսաշրջիկները: Հյուրանոցների աշխատակիցների խոսքերով՝ նրանք հանդարտ են, կոկիկ եւ համեստ:
Նույն հատկություններով են աչքի ընկնում կանադացիները, սակայն վերջիններս հակված են հաճախ բողոքել, եթե սպասարկման մեջ ինչ-որ բան իրենց դուր չի գալիս: Ամերիկացիներին բնութագրել են որպես առատաձեռն եւ օտար լեզուն սովորելու պատրաստակամ, սակայն նրանք, հարցվողների կարծիքով, աղմկոտ են, թափթփված եւ անճաշակ:
Ցուցակի վերջում, ֆրանսիացիների մոտ են հայտնվել իսպանացիներն ու հույները: