Հայ-թուրքական հարաբերություններին եւ ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված համահայկական ֆորումը, որին մասնակցում են 20 երկրների ավելի քան 130 պատվիրակներ, երեկ սկսել է իր աշխատանքը Ստեփանակերտում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) նախագահի հովանու ներքո: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», ֆորումի բացմանը Բակո Սահակյանը նշել է. «Մեր դիրքորոշումը հստակ է եղել եւ անփոփոխ է մնացել. ԼՂՀ անկախությունը կայացած փաստ է եւ քննարկման ենթակա չէ»:
Նախագահն ընդգծել է, որ ղարաբաղյան կողմի համար բացարձակապես հասկանալի չէ եւ անընդունելի է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում ներկայացնելու ցանկացած փորձ: «Դա ոչ միայն արհամարհում է կյանքի եւ պատմության բնականոն զարգացման ներկայիս գործընթացը, այլեւ հակասում է անցյալի ավանդույթներին»,- հայտարարել է Բակո Սահակյանը: Նշելով, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը մշտապես խոսում է ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու իր «իրավունքի» մասին` Բակո Սահակյանն ընդգծել է «հակառակորդի ցանկացած ոտնձգությանը արժանի հակահարված տալու» ԼՂՀ պատրաստակամությունը: Համահայկական ֆորումը, որը կավարտվի վաղը, կազմակերպվել է ՀՅԴ «Հայ Դատի» կողմից` «Փյունիկ» հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ: