Ծաղիկներ, փուչիկներ, մանուկներ ու ժպիտներ. երեկ այս տրամադրությամբ մեկնարկեց հայոց լեզվի եւ գրականության համահայկական օլիմպիադան եւ հայագիտական գիտելիքների մրցույթը, որը կազմակերպում է ՀՀ ԿԳՆ-ն՝ երկամյա պարբերականությամբ: Այս տարի 12 երկրներից Հայաստան ժամանած 133 աշակերտները օլիմպիադային կմասնակցեն Ծաղկաձորում:
Արդեն ավանդական դարձած օլիմպիադան առաջին անգամ կազմակերպվել է 2003-ին, որին մասնակցել է 4 երկրի 29 աշակերտ: Այնուհետեւ տարեցտարի մասնակիցների թիվն աճել է: Օլիմպիադայի նպատակն է արտերկրում բնակվող հայ երիտասարդների շրջանում խրախուսել հայոց լեզվի, գրականության, պատմության եւ մշակույթի իմացությունը, նպաստել միասնական կրթական չափորոշիչների ներդրմանը, Սփյուռքի հայ կրթօջախներին ուսումնական գրականությամբ աջակցելու գործին:
Օլիմպիադայի աշխատանքային լեզուն հայերենն է, օլիմպիադան կամփոփվի հայոց լեզվի գրավոր եւ հայ գրականության բանավոր մրցույթների արդյունքներով: Իսկ հայագիտական գիտելիքների մրցույթին, որն ընդգրկում է հայոց պատմությանը եւ մշակույթին վերաբերող հարցեր, կարող են մասնակցել նաեւ ոչ հայախոս պատանիներ՝ իրենց նախընտրած լեզուներով:
Օլիմպիադայի մեկնարկը երեկ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տրվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքի ընթերցումով: Այնուհետեւ հնչեց ՀՀ օրհներգը, որին հաջորդեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ողջույնի խոսքը. «Հայագիտությունն այսօր կառավարության ծրագրերի առաջնահերթություններից է, եւ այն սկզբունքները, որոնք ընկած են կառավարության ծրագրի հիմքում, ենթադրում են, որ մենք ուշադրություն պիտի դարձնենք հայկական ինքնության հարցերին: Կարեւոր է, որ երիտասարդ տարիքից կարողանաք ձեր մեջ այս թեմաների շուրջ հետաքրքրություն սերմանել: Մի կողմից այս օլիմպիադան նպատակ ունի ուշադրություն հրավիրել հայոց լեզվի եւ գրականության վրա, որ հայոց լեզվի իմացությունը տարածվի աշխարհով մեկ, հատկապես այն երկրներում, որտեղ ունենք հայկական գաղթօջախներ, մյուս կողմից շահագրգռված ենք, որ մեր երիտասարդները մայրենի լեզվին տիրապետեն ավելի լավ: Ցավոք, հաճախ ականատես ենք լինում նրան, որ հայ երիտասարդներն ավելի լավ տիրապետում են օտար, քան հայոց լեզվին եւ դա կառավարության կարեւորագույն խնդիրներից է»:
Օլիմպիադային մասնակցելու են եկել ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Էստոնիայից, Իրանից, Լիբանանից եւ այլ երկրներից հայ աշակերտներ: «Առավոտը» զրուցեց նրանցից մի քանիսի հետ: Օրինակ՝ ԼՂՀ թիվ 5 դպրոցի աշակերտուհի Դիանա Ավանեսյանն ասաց. «Կարծում ենք՝ կկարողանանք գրավել առաջնային տեղեր, կուզենք ունենալ նոր ծանոթներ, ընկերանալ բոլորի հետ: Ինչ վերաբերում է Արցախում հայոց լեզվի եւ գրականության դասավանդմանը, ապա այն բավարար կգնահատեմ»: Թբիլիսիի թիվ 131 դպրոցի աշակերտուհի Լիլիթ Դունամալյանն էլ նշեց. «Երկրորդ անգամ եմ մասնակցում օլիմպիադային, այն մեծ հետաքրքրություն է առաջացնում հայերի մասին գիտելիքներ ստանալու առումով: Մեր դպրոցում հայոց պատմություն չենք անցնում, բայց հաճախում ենք հայկական դպրոց, որտեղ բոլոր առարկաները դասավանդվում են հայերեն»: Կրասնոդարի կիրակնօրյա դպրոցի աշակերտուհի Գոհար Ալավերդյանն էլ ասաց. «Մենք ընկերներով շփվում ենք հայերեն, ընտանիքում հայերեն ենք խոսում, մի խոսքով՝ պահպանում ենք հայի նկարագիրը»: Հետաքրքրվեցինք՝ հայ գրականություն կարդո՞ւմ են: Գոհարն ասաց. «Կարդում ենք Թումանյանի ստեղծագործություններից, այլ բանաստեղծություններ»: Իսկ Կրասնոդարի թիվ 34,35 դպրոցի, «Սոդրուժեստվո» մանկական մշակութային կենտրոնի ուսուցչուհի Կարինե Եսայանն ասաց. «Կրասնոդարում ունենք կիրակնօրյա դպրոց, մշակույթի պալատում բացվել են հայոց լեզվի դասընթացներ: Որպեսզի կարողանանք ակտիվ մասնակցել օլիմպիադային, նախ մեզ մոտ ենք օլիմպիադա կազմակերպել եւ ընտրել լավագույն աշակերտներին: Իհարկե, հայալեզու գրականության հետ կապված խնդիրներ ունենք, որոնք փորձում ենք լուծել բարերարների միջոցով»: