Գրանցված ցածր արդյունքները ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը բնական է համարում
Քննություն հանձնողների 66.67%-ը ստացել է «անբավարար». այսպիսի ցուցանիշ է գրանցվել մաթեմատիկայի լրացուցիչ միասնական քննություններից, որի միջին միավորը եղել է 7,9: Նման «ջարդ» ոչ այս, ոչ էլ նախորդ տարիներին չէր եղել:
Իսկ երեկ լրացուցիչ միասնական քննություններ անցկացվեցին հայոց պատմություն եւ քիմիա առարկաներից: «Առավոտը» այցելեց Երեւանի թիվ 20 դպրոցում տեղակայված քննակենտրոն: Մինչ քննության մեկնարկը՝ փոքրիկ հարցախույզ կատարեցինք դպրոցի բակում իրենց երեխաներին սպասող ծնողների շրջանում: Ինչպես միշտ, ծնողները մեզ հետ զրույցում որոշ հարցերի վերաբերյալ իրենց գոհունակությունը հայտնեցին, բայց, իմանալով, որ իրենց հետ լրագրող է խոսում, սկսեցին տեղալ իրենց դժգոհությունները:
Օրինակ՝ ծնող Աշխեն Սիմոնյանը նկատեց. «Թեստային համակարգն ունի բազում դրական կողմեր, բայց, երբ երեխան դասախոսի առջեւ նստած է քննություն հանձնում, դասախոսի համար ավելի հեշտ է լինում ճիշտ գնահատել երեխայի ընդունակությունները, այդպիսով, դասախոսն ավելի հեշտ է կողմնորոշվում: Նշեմ նաեւ, որ թեստերում եղել են որոշ շփոթեցնող հարցադրումներ: Լավ կլիներ, որ հարցերը հստակ լինեին, պարունակեին ընդհանուր հարցադրումներ, ոչ թե թեստ կազմողները հիմնվեին մանր բաների վրա»: Մեկ այլ ծնող՝ Նունե Հակոբյանը, ասաց. «Թող թեստերում ընդգրկված հարցերը հիմնավորված լինեն: Այս տարվա թեստերում կային անկարեւոր հարցեր. օրինակ՝ ո՞ր թվին է հերոսի կոչում ստացել ինչ-որ Չաքմաքյան: Պատասխանատուները հիմնավորում են, որ դասագրքից է, համաձայն ենք, բայց դրանք լուսանցքներում ընդգրկված ինֆորմացիաներից են վերցված, որոնց դպրոցներում կարեւորություն չի տրվում: Իսկ թեստերում եղած սխալները երեխաների մեջ հոգեկան լարվածություն են առաջացնում: Ուստի նախ թող իրենք իրենց թեստերը ստուգեն, իրենց վրա փորձարկեն, հետո երեխաներին առաջարկեն»:
Այնուհետեւ մուտք գործեցինք քննասենյակ: Քննության սկզբում ամեն բան սովորականի պես իր տեղում էր: Զրուցեցինք որոշ դիմորդների հետ: Վարդան Մամիկոնյանն ասաց. «Քանի որ որոշ փաստաթղթեր չէի ներկայացրել, դրա համար էլ ուշացա հայտագրումներից ու ստիպված եմ քննություն հանձնել լրացուցիչ քննության օրը»:
Արգիշտի Հայրապետյանն էլ նշեց. «Հիմնական քննության օրը ստամոքսի հետ կապված առողջական պրոբլեմներ ունեի»: Երբ խնդրեցինք գնահատել թեստային համակարգը, Արգիշտին ասաց. «Զուտ պատմության առումով կողմ եմ այս համակարգին, բայց հայոց լեզուն այս տարի շատ դժվար էր: Ինչ վերաբերում է լրացուցիչ քննության օրը որոշ զեղծարարություններ անելուն, ասեմ, որ ես այդ ամենի հետ գործ չունեմ եւ աշխատելու եմ դրսեւորել իմ գիտելիքները»:
ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում վերլուծեց գրանցված արդյունքները: Լրագրողներին հետաքրքրեց՝ մաթեմատիկայի լրացուցիչ քննության կոտորածն ինչո՞վ է պայմանավորված, փոխնախարարը պատասխանեց. «Բնական երեւույթ է. լրացուցիչ քննության գալիս են բանակից զորացրվածները, նրանք, ովքեր հիմնական փուլի ժամանակ ինչ-ինչ պատճառներով բացակայել են, ովքեր օգտվել են հուշաթղթիկներից եւ այլն: Բնական է, որ արդյունքները պիտի ավելի ցածր լինեին, քան՝ հիմնական քննության ժամանակ: Գրանցված արդյունքները այլ բան էլ են վկայում: Անհանգստանում էին, որ լրացուցիչ քննությանը մասնակցում են այն երեխաները, որոնք պիտի գան ու բարձր ստանան, որ հատուկ կազմակերպված ակցիա է: Բայց բոլոր լրացուցիչ քննություններից, այդ թվում՝ նաեւ մաթեմատիկայից 18.5-ից բարձր միավոր չի գրանցվել: Գնահատականները եւս մեկ անգամ ցույց են տալիս, որ համակարգը աստիճանաբար ավելի օբյեկտիվ պատկեր է արտացոլում»: Փոխնախարարը այսպիսի հետեւություն է անում. «Այս եւ անցյալ տարվա արդյունքներից հետո հասարակությունը կհասկանա, որ լրացուցիչ քննությունը ինչ-որ հարցեր լուծելու միջոց չէ եւ հույսները կկտրեն դրանից, կգան իրենց քննությունը կհանձնեն-կգնան: Եվ լրացուցիչ քննությունը կմնա բանակից զորացրվածների ու արտասահմանից եկածների համար»: «Առավոտը» Մ. Մկրտչյանին փոխանցեց որոշ ծնողների այն դժգոհությունը, թե իրենց թույլ չեն տվել մուտք գործել ԿԳ նախարարություն՝ դժգոհություն հայտնելու: Փոխնախարարը պատասխանեց. «Ամեն հինգշաբթի ես՝ որպես փոխնախարար, ունեմ «բաց դռների օր»: Եվ բոլորը, ովքեր դիմել են, եկել են, նրանց մենք ընդունել ենք: Այդպիսի «բաց դռների օր» ունի նաեւ նախարարը, ստանում ենք նաեւ նամակներ, բողոքները մակագրում ենք ԳԹԿ-ի տնօրենին, որ հարցերը պարզենք, լինում են նաեւ ծնողներ, որոնք անգամ 3 տեղ են նամակ գրում: Մինչեւ այսօր չի եղել մի թուղթ, որ ուշադրության կենտրոնում չլինի: Կարող է լինել մի ծնող, որի մուտքը նախարարություն դժվարացել է, բայց դա չի կարելի երեւույթ համարել»: Հետաքրքրվեցինք՝ գուցե ինֆորմացիայի պակա՞ս կա, ու ծնողները չգիտեն «բաց դռների օրերի» մասին: Փոխնախարարը պատասխանեց. «Միայն մեկ հինգշաբթի չէ, որ չիմանան: Մեկ-երկու ծնող կամ աշակերտ, երբ բողոքում են, խնդիր ունեն լուծելու, փորձում են այդպիսով ինչ-որ արգելքներ հաղթահարել, եւ քանի որ ակտիվ քայլեր են անում, տպավորություն են ստեղծում, թե դա երեւույթ է: Այնինչ, գոհ մարդիկ չեն արտահայտվում, քանի որ համարում են՝ դա արտառոց բան չէ: Պիտի ուրախանանք, որ մեր կյանքում լավ բանը արտառոց չէ: Իսկ քանի որ մեկ-երկու հոգի են դժգոհում, դա նշանակում է, որ վատ բանը մեզ մոտ արտառոց է»: