Երեկ «Առավոտի» խմբագրություն այցելած Վոլոդյա Աբրահամյանը, խիստ մտահոգված լինելով շրջակա միջավայրի պահպանության հարցերով, ասաց. «Խախտելով էկոլոգիայի պահպանման նորմերը, այսօր հանրապետությունում գործող մի շարք ստվերային եւ բաց գործող արտադրական գործարաններ ու ֆաբրիկաներ, կենցաղային սպասարկման եւ ավտոլվացման կետեր, ոսկերչական սրահներ, քիմիական արտադրություն ունեցող օբյեկտներ՝ օդի, ջրի եւ հողի մեջ են լցնում հսկայական քանակության թունաքիմիկատներ, որոնք հիվանդաբեր եւ մահացու են դառնում մարդկության եւ կենդանական աշխարհի համար: Առաջարկում եմ վերականգնել էկոլոգիական անձնագրերի ներդրման ընդհատված գործընթացը բոլոր օբյեկտներում, որտեղ օգտագործվում եւ արտադրվում են թունավոր միացություններ: Ներդնել անվնաս տեխնոլոգիաներ գալվանաքիմիական ծածկույթների արտադրություններում, կենտրոնացնել բոլոր ավտոլվացման եւ լվացման կետերը, ոսկերչական սրահները: Այս միջոցառումը կբերի տնտեսական մեծ խնայողությունների, հողատարածքների ռացիոնալ օգտագործմանը եւ արտանետվող ջրերի կենտրոնական կամ տեղական մաքրազերծմանը: Ուժեղացնել պետական վերահսկողություն՝ էկոլոգիայի այդ կարգի խախտումների նկատմամբ եւ այն որակավորել հանցագործություն՝ ուղղված ժողովրդի դեմ»: