«Առավոտի» նախորդ համարում «Գործուղում՝ ուրիշի գրպանի հաշվին» նյութում նշել էինք, որ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի, Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանի եւ նախարարի խորհրդականի գործուղումը Պրահա՝ պետբյուջեի վրա արժեցել է 5 մլն 203 հազար դրամ: Երեկ նախարարությունից ճշտեցին, որ թյուրիմացություն է եղել. իրականում ծախսված 5 մլն 203 հազար դրամը վերաբերում է 2009-ի ապրիլի 1-ից առ այսօր բոլոր պաշտոնական այցերին: Ընդ որում, դրանք ոչ թե նախարարության գործուղման ծախս կարելի է համարել, այլ՝ ՀՀ վարչապետի որոշումով իրականացված փոխվարչապետի պաշտոնական այցերի ծախս. «Արմեն Գեւորգյանի բոլոր գործուղումները բխել են պետական անհրաժեշտությունից, հանդիպումների ընթացքում քննարկվել են միջպետական, միջազգային համագործակցության, ինչպես նաեւ մեր երկրի սոցիալական խնդիրների լուծմանը նվիրված հարցեր։ Փոխվարչապետին ուղեկցել է մեկ մարդ, բացի Պրահայի համաժողովից, որին մասնակցել է նաեւ Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը»:
Շարունակելով նախարարությունների գործուղումների թեման, երեկ պարզեցինք, որ վերջին երեք ամիսներին կրթության եւ գիտության նախարարությունն է պետբյուջեից գումար ծախսել գործուղումների վրա՝ 2 միլիոն 555 հազար դրամ՝ արտերկիր կատարած 13 գործուղումների համար: Դրա մեջ չեն մտնում մարզային գործուղումների ծախսերը: