Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

10 օրում շտկվեցին

Հուլիս 11,2009 00:00

Մարզպետներին հրապարակավ «պախարակելուց» հետո, տարածքային կառավարման նախարարությունը մտադիր է նույնը անել պարտք ունեցող քաղաքացիների հետ:

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հուլիսի 8-ին հերթական անգամ հանդիպել է ՀՀ մարզպետներին: Ի տարբերություն հունիսի 30-ի կոլեգիայի նիստի՝ այս անգամ ավելի շատ դրական գնահատականներ են եղել:

Արարատի եւ Արմավիրի մարզպետներին հողի հարկի հավաքման ցածր ցուցանիշներ ապահովելու համար հունիսի 30-ին «2» նշանակելուց հետո՝ մոտ 10 օր անց, ամփոփելով սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները, արձանագրվել է, որ «սեփական եկամուտները հավաքագրվել են 66,4%-ով, աճն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կազմել է 21,6%: Հողի հարկը հավաքագրվել է 64,5%-ով, աճը՝ 43,1%, գույքահարկը՝ 62,3%-ով, աճը՝ 38,4%: Վեց ամսվա կտրվածքով Արմավիրի եւ Արարատի մարզերում իրավիճակը շտկվել է»: Մարզպետներին հրապարակավ կարգի հրավիրելու ճանապարհով արդյունքի հասած նախարարությունը մտադիր է նույնն անել հողի հարկ չվճարող քաղաքացիների հետ՝ անհրաժեշտության դեպքում մամուլում հրապարակել առավել մեծ պարտքեր ունեցողների անունները:

Թեեւ ոռոգման ջրի վարձավճարներն այս տարվա առաջին կիսամյակում 30%-ով ավելի են հավաքվել, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում, առանձին տեղերում լուրջ թերացումներ կան: Դրանք շտկելու համար մարզպետները երկու ամիս ունեն, եթե իրավիճակը չշտկվի՝ խիստ միջոցներ կձեռնարկվեն: Դատելով հողի հարկի փորձից, ցանկալի արդյունքը կապահովվի, եթե մի երկու մարզպետ «2» ստանա:

Պարզվում է, որ քաղաքացիները ոչ միայն իրենց հողի եւ ջրի հարկը չեն վճարում, այլեւ մտնում են էլեկտրաանվտանգության գոտիները, ապօրինի շինություններ կառուցում, խախտում անվտանգության տարրական կանոնները, շահագործելով էլեկտրաենթակայանների շրջակայքի հողատարածքները՝ վտանգ են ստեղծում իրենց իսկ կյանքի համար: Եվ քանի որ սրանք եզակի դեպքեր չեն, ուստի խնդիրը մեկ օրում չի լուծվի: Արմեն Գեւորգյանը առաջարկել է առաջին հերթին կանխել ապօրինի շինությունների կառուցումը, սառեցնել ընթացող աշխատանքները, այնուհետեւ ճանապարհներ գտնել խնդրի համապարփակ լուծման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել