Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 11,2009 00:00

Հունաստանի դեսպանը հայերին չի մոռանա, եւ ոչ միայն

\"\"Ախթալայի քաղաքապետը հանրապետական Վազգեն Խաչիկյանի հանրապետական եղբայր Հայկազ Խաչիկյանն է: Հանրապետականը 2008 թվականին նախագահական ընտրապայքարի մեջ մտավ «Առաջ Հայաստան» կարգախոսով: Եվ տաս մարդու կյանք խլած ընտրություններից մեկուկես տարի անց էլ Ախթալայի մշակույթի տան ճակատից դեռ չի հանվել «Առաջ Հայաստան» կարգախոսն ու Սերժ Սարգսյանի մեծադիր լուսանկարը: Ու այդպես էլ Ախթալան հուլիսի 9-ին ընդունեց Հայաստանում Հունաստանի դեսպան Իոաննիս Կորինֆիոսին, ում Ախթալայի ավագանին համայնքի պատվավոր քաղաքացու կոչում է տվել:

Օտարերկրյա դիվանագետների պատշաճ ընդունելությունը ոչ միայն պետական ու պաշտոնական արարողակարգ է, այլ նաեւ ազգային արժանապատվության խնդիր, ընդունելութան ընթացքում պետք է որ դրսեւորվեն մեր ազգային մշակույթն ու վարվեցողությունը: Սակայն, պարզվում է, ընդունելության պատշաճ արարողակարգից անտեղյակ են տեղական ինքնակառավարման մարմինների շատ ղեկավարներ: Օրինակ, վերջերս Ալավերդիում օտարերկրյա դիվանագետներից մեկի պատվին տրված ճաշին հրավիրված Լոռու մարզի համայնքապետերից մեկը, մոռանալով, որ դիվանագետը պաշտոնական հյուր է, ինքնամոռաց պատմում էր իր նախկին կոլեգաներից մեկի՝ խաշի նկատմամբ ունեցած մեծ ախորժակի մասին:

Իսկ Հունաստանի դեսպանը պատվավոր կոչումը ստանալու համար Ախթալա էր եկել կնոջ եւ աղջկա հետ: Ախթալայի քաղաքապետարանը, թվում էր, ամեն ինչ արել էր օտարերկրյա դիվանագետին հավուր պատշաճի ընդունելու համար: Ախթալեցիները քաղաքի հրապարակում աղուհացով դիմավորեցին Հունաստանի դեսպանին: Դեսպանը ծաղկեպսակ դրեց հայ- հունական բարեկամությունը խորհրդանշող հուշակոթողին, քաղաքի մշակույթի պալատում սկսվեց պատվավոր կոչումը հանձնելու պաշտոնական արարողությունը, որը վարում էր Ալավերդու մշակույթի պալատի աշխատակից Զավեն Օհանյանը, ում Ալավերդիում Զավոս են կոչում: Հենց Զավեն Օհանյանն էլ մի շարք «անհարմարություններ» մատուցեց: Ախթալայի «Մեթըլ Փրինս» ընկերության գլխավոր տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանին երկու անգամ ներկայացրեց Սերոբ Տեր-Պետրոսյան: Սերոբ Տեր-Պողոսյանը, մոռանալով պատվարժան հյուրի ներկայությունը, ողջ ձայնով գոռաց. «Քեզի կըսեմ ազգանունս ճիշտ ըսե»:

Հետո նույն Զավեն Օհանյանը ասաց՝ «խոսքը տալիս եմ Ախթալու քաղաքապետ Հայկազ Խաչիկյանին»: Ախթալայի փոխարեն՝ Ախթալու: Զավենի անհեթեթ սխալների վրա լեփլեցուն դահլիճը ծափահարում ու ծիծաղում էր: Թարգմանչի օգնությամբ դեսպանին պարզ դարձան ծիծաղի ու աղմուկի պատճառները: Եվ դեռ ավելին՝ քաղաքապետ Հայկազ Խաչիկյանից Ախթալայի պատվավոր քաղաքացու կոչումը ստանալուց հետո իր շնորհակալական խոսքում դեսպանն ասաց. «Ձեզ վատ մի զգացեք, որովհետեւ ոչ միայն Ձեր ազգանունն էր սխալ արտասանվում, այլ նաեւ իմ ազգանունը, բայց ամենակարեւորը դա չէ, կարեւորն այն է, որ Ախթալան Հայաստանի այն վայրերից է, որ մեզ համար շատ կարեւորություն ունի: Ամենահին վայրն է, որտեղ հույները հիմնավորվեցին, սկսեցին աշխատել եւ ապրել: Եվ դա մեզ համար մեծ պատիվ է: Ինչպես նշեց քաղաքապետը, հայերը երբեք չեն մոռանում այն ամենը, ինչ արել են հույները Հայաստանի համար: Մենք էլ երբեք չենք մոռանում, որ հայերը դարեր շարունակ օգնել են հույներին: Մենք գիտենք, որ ախթալեցիները մեզ չեն մոռանում, թող ախթալեցիները համոզված լինեն, որ մենք էլ երբեք իրենց չենք մոռանա»:

Դեսպանի ելույթի հաղորդած ջերմությունը, թվում էր, կպահպանվի դահլիճում, սակայն դրան հաջորդած համերգի ժամանակ էլ Զավեն Օհանյանը սկսեց նոր անհեթեթություններ՝ ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովին պատվիրեց իր ջերմ շնորհակալությունը հայտնել մի հեռուստաընկերության: Դահլիճը անկառավարելի էր դառնում, դեսպանին ուղեկցող անձինք նրան դուրս բերեցին դահլիճից: Դեսպանը հեռացավ, բայց, իր խոստմանը համաձայն, հաստատ հիշելու է հայերին: Եվ ոչ միայն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել