Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չունես «տանիք»՝ չես ունենա տանիք

Հուլիս 11,2009 00:00

\"\"Անձրեւից տուժած քաղաքացին հայտնվել է բնակարանը կորցնելու վտանգի առաջ

Հուլիսի 5-ին հորդառատ անձրեւը մասամբ ավերեց Երեւանի Լենինգրադյան 6 շենքի տանիքը, ամբողջությամբ ջրածածկ եղավ վերջին՝ 5-րդ հարկում գտնվող Կարեն եւ Գայանե Ցականյանների թիվ 58 բնակարանը: Անցել է վեց օր, սակայն պատկան կառույցները չեն շտապում պատշաճ արձագանքել տեղի ունեցածին: Սա այն դեպքում, երբ վնասվել է ոչ միայն տանիքի մետաղյա ծածկը, այլ նաեւ օդա-ծխատար խողովակը: Ավելին՝ մետաղյա ծածկը, որ քամուց շուռ է եկել եւ «պառկել» հակառակ կողմի վրա, այդ վիճակում էլ մնացել է եւ նոր քամին շատ լավ հնարավորություն ունի օդ բարձրացնել ողջ տանիքը: Իսկ շենքը հենց փողոցի վրա է՝ բանուկ խաչմերուկում:

Ցականյան ամուսինները գիտնականներ են, մեզ հետ զրույցում ասացին, որ չեն հասկանում իրենց նկատմամբ անտարբերությունը. «Օրենքով սահմանված բոլոր հարկերը վճարում ենք, ո՞ւր են գնում այդ հարկերը: Դեպքից հետո դիմեցինք թաղապետարան, ասացին՝ արձանագրությունն ու նկարներն ուղարկել ենք քաղաքապետարան: Քաղաքապետարանից ասացին, որ պատասխանը կստանանք 30 օրվա ընթացքում՝ մինչեւ օգոստոսի 9-ը: Բայց 30 օրում այս անձրեւների պարագայում մեր բնակարանից բան չի մնա»: Երեւանի քաղաքապետին ուղղված նամակում տուժածները գրել են, որ իրենց վնասը կրկնապատկվել է «որոշ անբարեխիղճ պետական այրերի անտարբերության հետեւանքով»: Մինչդեռ քաղաքապետարանը շարունակել է նույն անտարբերությունը:

«Համատիրությունը փորձում է օգնել, բայց նրա ֆինանսական միջոցները սուղ են: Արտակարգ իրավիճակների նախարարություն դիմեցինք: Եկան ուշացումով: Եկան մի երկու քար հանեցին եւ՝ վերջ: Ծռված մետաղյա զանգվածին, վնասված սյուներին անգամ ձեռք չտվեցին, ասացին՝ մի երկու քար է, կգանք կհանենք, բայց մենք տանիք սարքող չենք: Խոսում էին «մուննաթով», արհամարհական տոնով»,- պատմում են Ցականյանները:

Դեպքից տուժել են նաեւ ներքեւի հարկերի բնակիչները՝ նրանց տունն էլ է ջուր լցվել, վնասվել է գույքը: Ցականյանները վստահ են, որ եթե պատկան կառույցները ահազանգին ժամանակին արձագանքեին, ներքեւի հարկերը չէին տուժի: «Ո՞վ պետք է սրա համար պատասխան տա: Դեռ պետք է 30 օր էլ սպասե՞նք»,- հարցնում են տուժած քաղաքացիները:

«Թեթեւ քամուց եւ անձրեւից ահավոր աղմուկ է առաջանում եւ տպավորություն է, որ ամեն ինչ փուլ է գալու: Ամբողջ գիշեր արթուն ենք մնում: Արդեն մեկ շաբաթ է՝ աշխատանքի չենք գնում: Երեխային ուղարկել ենք հարազատների մոտ, որ խոնավությունից չհիվանդանա: Բյուրոկրատիայի ձեռքում պատանդ ենք: Բնակարանի 50 տոկոսը ավերվել է: Մի անգամ էլ անձրեւ՝ եւ մենք կզրկվենք բնակարանից»,- ահազանգում են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից մոռացված ՀՀ քաղաքացիները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել