Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉՀԵՐՁՎԱԾ ԴԻԱԿԸ ՎՆԱՍՈՒՄ Է ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԸ

Հուլիս 11,2009 00:00

\"\"Մասնագետները կոչ են անում մարդկանց՝ իրենց մահացած հարազատներին հերձման հանձնել բժիշկներին, այլ ոչ թե տնային պայմաններում աշխատող դիահերձողի:

Նախկինում մարդիկ չէին ցանկանում իրենց մահացած հարազատին հերձել: Եթե տանը մարդ էր մահանում, կանչում էին տարածքում դիակ մշակելու գործով հայտնի մարդու, որն էլ հենց մահացածի տանը դիակը ախտահանում էր, բայց չէր հերձում: Այժմ հերձումը, կարելի է ասել, պարտադիր է, սակայն հատկապես մարզերում դա կազմակերպվում է տնային պայմաններում, քանի որ բնակիչները միջոցներ չունեն դիահերձարան տանելու: Բժիշկ մասնագետների ներկայացմամբ, այդ հանգամանքը շատ վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ: Նախ այն վայրում, որտեղ կատարվում է հերձումը, երկար ժամանակ տհաճ հոտ է գալիս, բացի այդ, բժշկական նորմալ հերձում չկատարելու դեպքում՝ դիակը կարող է դառնալ վտանգավոր ինֆեկցիաների բռնկումների պատճառ: Այս մասին մեզ ասաց հանրապետության գլխավոր պաթոլոգ-անատոմ (մահվան պատճառը բացահայտող մասնագետ) Գարիկ Աղաբեկյանը: Նրա խոսքերով, մահացածը կարող է, ասենք, տուբերկուլյոզով հիվանդ լինել. «Իսկ այդպիսի դիակ տան մեջ պահելը, առավել եւս մշակելը, վտանգավոր կարող է լինել։ Շատ հնարավոր է՝ այդ տանը երեխաներ էլ լինեն։ Տան մեջ ինչքան էլ չարչարվես, չես կարող սանիտարական նորմերը պահպանել։ Դրա համար էլ պետք է դիակի օրգանները հանվեն, մշակվեն, նորից տեղադրվեն, որպեսզի ոչ մի վարակ չտարածվի։ Տանը դիակի մշակումն ու հերձումը արգելվում է նաեւ ՀՀ օրենսդրությամբ: Բացի մասնագետներից, ոչ ոք այլեւս իրավունք չունի հերձում անելու, դա քրեական գործ է: Ոչ բժշկական պայմաններում հերձումներ անելու դեպքում չի բացահայտվում մարդու մահվան բուն պատճառը: Հնարավոր է, որ մարդ ինսուլտ է ստացել, սակայն առկա է եղել նաեւ թոքաբորբ, որից զարգացել է սրտանոթային անբավարարություն: Իսկ անօրինական հերձումների պատճառով չես կարող իմանալ, թե ինչից է մահացել տվյալ մարդը: Վատ է նաեւ այն, որ վիճակագրություն չես կարող ներկայացնել, թե որ հիվանդությունն է զարգացել, որը՝ անկում ապրել»:

Բացի տնային պայմաններում հերձումներ անելուց, Գ. Աղաբեկյանին անհանգստացնում է նաեւ այն, որ հանրապետության ողջ տարածքում իրենց ոլորտում քաոսային եւ անկազմակերպ վիճակ է տիրում. «Մահացած երեխաների, այդ թվում՝ մեռելածինների եւ ընկերքների դիակները չեն հերձվում հատկապես մարզերում, որը նույնպես վտանգավոր է: Օրինակ, ներարգանդային վիճակում երեխան կարող էր ինֆեկցիա ունենալ ու դրա պատճառով մահանալ, իսկ նրան այդպես տանեն եւ թաղեն, այդպիսով վարակելով նաեւ հողը։ Դա տեղանքի ուժեղ վարակվածության կբերի, նույնիսկ այն դեպքում, եթե երեխան հիվանդ չլինի: Անձրեւ գալու դեպքում էլ հողի պարունակությունը ջրի հետ խառնվում է ու տարածվում։ Երեւանում էլ մի քանի անգամ նման բան եղել է»։ Նա մեզ հետ զրույցում ձեռնպահ մնաց բերել մասնավոր օրինակներ, միայն ասաց, որ այդ հանգամանքը շատ վտանգավոր է:

Մարզերում արվող հերձումների ժամանակ մահացածի հետ թաղվում են նաեւ նրա ներքին օրգանները: Սակայն «օրինական» հերձման պարագայում, պարոն Աղաբեկյանն ասաց, որ մահացածի ամեն օրգանից վերցվում են կտորներ, որոնք արխիվացվում են 5-ամյա ժամկետով, որպեսզի անհրաժեշտության դեպքում կրկին ուսումնասիրություններ կատարեն եւ հարկ չլինի արտաշիրիմում անելու։ Մնացածը մանրացվում է, կտրատվում է, մշակվում եւ դրվում մահացողի մեջ, որից հետո են դիակը հանձնում հողին. «Սա նույնպես ճիշտ չէ: Դրանք անհրաժեշտ է, որ հանվեն ու այրվեն, սակայն մենք դիակիզարան չունենք: Այսքան ժամանակ խոսվում է, բայց չի կառուցվում։ Իսկ այսօր դա արդեն շատ մեծ անհրաժեշտություն է»։

Մեզ հետաքրքրեց նաեւ այն, թե ինչ հոգեկան ապրումներ է ունենում մահացած մարդկանց մարմինների վրա աշխատելիս հենց ինքը՝ մասնագետը: Պարոն Աղաբեկյանի ներկայացմամբ, դա մասնագիտություն է, եւ ինքը նորմալ է վերաբերվում իր աշխատանքին. «Ի սկզբանե իմ մասնագիտությունը եղել է դատական բժիշկ, հետագայում եմ ես որոշել դառնալ պաթանատոմ։ Մենք հերձում ենք մարմնի բոլոր մասերն ունեցող մարդկանց, իսկ դատական բժիշկները կարող են աշխատել 1 ոտք եւ կես ձեռք ունեցող դիակի վրա, կամ ընդամենը մարդու գլխի։ Այդ ամենը տեսնելով՝ ես ավելի հանգիստ եմ աշխատում այն դիակի վրա, որն ունի 2 ոտք եւ 2 ձեռք»։ Նա ասաց, որ երեխա հերձելիս, որքան էլ իր մասնագիտությունն է, այնուամենայնիվ, ապրումներ է ունենում:

Մեր այն դիտարկմանը, թե տարածված կարծիք կա, որ դիակների հետ աշխատող մարդիկ քիչ են ապրում, մասնագետն ասաց. «Դա չեմ կարող ասել։ Ընդհանրապես, Հայաստանում մահացությունը երիտասարդացել է։ Եթե նախկինում մահացության շեմը համարվում էր 70 եւ անց տարիքը, ապա հիմա շատ մահեր ենք ունենում՝ 40-60 տարեկան մարդկանց: Դա, ինձ թվում է, ավելի շատ կապված է սոցիալական վիճակի, նյարդային ապրումների, ինչպես նաեւ մթնոլորտի տատանումների հետ: Պաթանատոմի կյանքը կարճանում է ոչ թե նրանից, որ նա դիակ շատ է տեսնում, այլ, որ նա իր աշխատանքի համար ստանում է 45 հազար դրամ։ Մեր աշխատանքը վտանգավոր է մեր առողջության համար, թունավոր նյութեր շատ ենք շնչում՝ թե՛ դիակի հոտը եւ թե՛ նրանց մշակելու նյութերը, ուստի մենք ավելի շուտ ենք գնում թոշակի»։

Հաշվի առնելով այս ոլորտի թերությունները, Գարիկ Աղաբեկյանը առողջապահության նախարարին ներկայացրել է «Պաթոլոգիա-անատոմիական ծառայության բարելավման եւ պաթոլոգիայի գիտագործնական կենտրոնի ստեղծման ծրագիր»: Այդ ծրագրով բժիշկը ոլորտի պատասխանատուներին առաջարկում է մի շարք հարցերի լուծում:

Այդ մասին կներկայացվի «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել