Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐԸ ԽԻՍՏ ԼԱՎԱՏԵՍ Է

Հուլիս 11,2009 00:00

«Հայաստանում այս տարի արձանագրվել են տնտեսության կայունացման միտումներ»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նրա խոսքով, աճել է հարկերի հավաքագրման մակարդակը, եթե մայիսին այն կազմել է 38 մլրդ դրամ, ապա հունիսին գերազանցել է 43 մլրդ դրամը: Այս ամսվա 10 օրերի տվյալներով էլ արձանագրվել է աճ՝ նախորդ ամսվա ծավալից: Նախարարի խոսքով, ամսական կտրվածքով ավելացել է նաեւ տրանսֆերտների քանակը եւ որոշակի աշխուժություն է նկատվում արտաքին առեւտրի ծավալներում: Անդրադառնալով մեր պետության արտաքին պարտքին՝ նախարարը նշեց, որ արդեն մուտքագրվել է ռուսական վարկը, բացի այդ, առաջիկայում, եթե ԱԺ-ն հավանության արժանացնի ԱՄՀ-ի կողմից լրացուցիչ վարկերի տրամադրումը, ապա Հայաստանը կարող է ստանալ՝ շուրջ $305 մլն վարկ: Բացի այդ, ստորագրվել է նաեւ ՀԲ-ի հետ $60 մլն վարկային համաձայնագիր, որը վավերացման փուլում է, իսկ առաջիկայում կստորագրվի նաեւ Ասիական զարգացման բանկի հետ $80 մլն վարկային համաձայնագիր: Արդյունքում Հայաստանը կունենա մոտ $1 մլրդ դոլարի լրացուցիչ բյուջետային ռեսուրս: Կանխելով արտաքին պարտքի մարման վերաբերյալ լրագրողների հարցերը, Տ. Դավթյանն ասաց. «Միանգամից ասեմ, չենք անցնում ընդունված ռիսկայնության մակարդակը: Նույնիսկ ներառելով նախատեսված ամբողջ վարկային ռեսուրսները, կառավարության արտաքին ընդհանուր պարտքը առաջիկա 10 տարիներին ՀՆԱ-ի նկատմամբ կկազմի շուրջ 30%»: Նախարարը կանխատեսեց, որ արդեն հաջորդ տարվա սկզբից ակնկալվում է շուրջ 1,5% տնտեսության աճ:

Բյուջետային աշխատողների աշխատավարձերի կրճատման վերաբերյալ հարցին էլ պատասխանեց. «Մենք 100%-ով կատարում ենք բյուջեում նախատեսված ծախսերը, այսօրվա դրությամբ չբավարարված հայտ չունենք ու չենք էլ ունենա, այդ ահազանգերը անհիմն են, իսկ որոշակի ուշացումները տեխնիկական թերություններ են: Սոցիալական վճարումների, թոշակների եւ աշխատավարձերի խնդիրներ չեն լինելու»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել