Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կիսախարխուլ «գազելներից» պրծում չկա

Հուլիս 11,2009 00:00

\"\"Նկարում պատկերված կիսաքանդ նստելատեղը թիվ 75 երթուղային մեքենաներից մեկինն է: Բացի այն, որ նստելատեղը ամբողջովին պատռված էր, ընթացքի ժամանակ էլ այնպես էր ճոճվում, որ ուղեւորները գերադասում էին կանգնած երթեւեկել: Սակայն ոտքի վրա երթեւեկելն էլ փրկություն չէր. երթուղայինի հատակն այնքան մաշված էր, որ ասֆալտը երեւում էր: Այդ երթուղայինի 14 նստելատեղերից գրեթե 10-ը կիսախարխուլ վիճակում էր: «Առավոտը» բազմաթիվ անգամ անդրադարձել է Երեւանի երթուղային տաքսիների մի մասի անմխիթար վիճակին: Մասնավորապես, «Առավոտի» (08.04.09) «Հասարակական տրանսպորտից օգտվելը ռիսկային է» հրապարակումով անդրադարձել էինք 29, 75, 34, 86 եւ 100 երթուղային գծերի որոշ մեքենաների: «Երեւանտրանս» ընկերության տնօրեն Յուրա Գալստյանը «Առավոտին» վստահեցրել էր, որ իրենց տեսուչները մեքենաները պարբերաբար ստուգում են, եւ եթե հայտնաբերվի, որ, ասենք, նստարանները ձեւափոխված են կամ ապակիները պոկված ու ջարդված, պետք է դրանց շահագործելու թույլտվություն չտրվի: Սակայն օրերս ականատես լինելով 120, 75 եւ 74 երթուղային տաքսիների մաշված վիճակին, կարելի է ենթադրել, որ «Երեւանտրանսի» տեսուչները կամ ընդհանրապես չեն զննում, կամ էլ մեքենաների թերությունների վրա աչք են փակում: Պարոն Գալստյանը նաեւ վստահեցրել էր. «Ես այս պաշտոնում նոր եմ, այսուհետեւ խիստ վերահսկելու ենք մեքենաները»:

«Առավոտը» փորձեց պարոն Գալստյանից հետաքրքրվել՝ իր տնօրինության այս 3 ամիսների ընթացքում ինչպե՞ս է վերահսկել, որ նման կիսախարխուլ մեքենաները գիծ դուրս չգան: Մեզ հետ զրույցում «Երեւանտրանսի» տնօրենն ասաց. «2700 մեքենա կա, մի քիչ բարդ է այդքանը ստուգել, հնարավոր է՝ մի բան էլ չեն նկատել: Բայց ամեն առավոտ ստուգում ենք ու զեկույց ենք պատրաստում, թե որ մեքենան էր անսարք ու որին են գծից հանել»: Մեր այն դիտարկմանը, որ ամեն օր նոր կիսաքանդ մեքենաներ են հայտնվում գծերում, պարոն Գալստյանն ասաց. «Նոր մրցույթից առաջ սովորաբար թարմացնում են մեքենաները: Շուտով պետք է մրցույթ հայտարարվի, արդեն երթուղայինի ցանցն ու ժամանակացույցը պատրաստ են, որը պետք է ավագանին հաստատի: Ամեն ինչ պատրաստ է, կմախքը կա, մնում է հաստատվի: Բացի այդ, մոտ 70 նոր «գազելներ» են բերել, գազի բալոններն են փոխում, ու շուտով այն գծերը, որոնք կուզեն թարմացնել՝ կարող են դրանք ձեռք բերել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել