Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐԸ ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԻՆ ՀԻԱՍԹԱՓԵՑՐԵՑ

Հուլիս 11,2009 00:00

\"\"Ըստ գյուղնախարարի՝ կարկտահարության հետեւանքով 1,5 մլրդ դրամ վնաս կրած գյուղերին փոխհատուցում չի նախատեսվում:

Երեկ Շիրակի մարզում կայացավ ամենաերկարատեւ ու, թերեւս, ամենահոգնեցուցիչ մարզխորհրդի նիստը. որոշ գյուղապետեր նիստի կեսից արդեն ննջում էին: Այն տեւեց մոտ 4 ժամ, որի ընթացքում մշտական, «շաբլոն» դարձած խնդիրներից զատ, քննարկվեցին նաեւ անտառտնտեսությանը, սննդի անվտանգությանը, սահմանամերձ տարածքներից անասնագողությանը վերաբերող հարցեր: Այս անգամ մարզխորհրդի նիստին հյուընկալվել էր գյուղատնտեսության նորանշանակ նախարար, ՕԵԿ-ական Գերասիմ Ալավերդյանը՝ իր գերատեսչության բոլոր ղեկավարների հետ: Ինչպես միշտ, նիստը սկսվեց հանրապետական փոխմարզպետ Միքայել Վարդանյանի՝ մարզի սանիտարահիգիենիկ վիճակի մասին զեկույցով: Պարզվեց, որ Շիրակի մարզի դիվանագիտական նշանակություն ունեցող 2 կառույցներ՝ «Շիրակ» օդանավակայանն ու Գյումրիում գտնվող ռուսական հյուպատոսարանը խեղդված են աղբի մեջ: Մինչ Ազատանի գյուղապետ Վարդան Իկլիկյանը հաշվարկներ էր կատարում, թե ինչքան գումար է անհրաժեշտ օդակայան տանող 2000 խմ աղբը տեղափոխելու համար, Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը իր հերթին վատ էր զգում, որ պաշտոնյաներին Գյումրիի Մուշ- 2 թաղամաս ուղեկցել հնարավոր չէ, քանի որ ստիպված են անցնել աղբախեղդ արված ռուսական հյուպատոսարանի կողքով: Իսկ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես հայտնի է, Մուշ-2 թաղամաս են այցելում «Գլենդել Հիլզի» կողմից իրականացվող բնակարանաշինության ընթացքին ծանոթանալու համար: Օրակարգի 2-րդ խնդիրը համայնքների հանրային իրազեկման միջոցներ ունենալու մասին էր:

Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանը իր խոսքը սկսելուն պես՝ շշպռեց գյուղապետերին: Ըստ Կ. Աբրահամյանի, գյուղապետերից ոմանց տգիտությունը այն աստիճանի է, որ համայնքային ծառայող են աշխատանքի ընդունում՝ առանց մրցույթի ու ատեստացիայի: «Երբ զարմացած հարցրի, թե ինչպե՞ս է ուղիղ հրամանով աշխատանքի ընդունում, գյուղապետն ազնվորեն ասաց, որ ինքը համայնքային ծառայողի մասին օրենքից բացարձակապես անտեղյակ է: Այդպես բազմաթիվ գրություններ ենք տալիս համայնքների ղեկավարներին, «պապկի» մեջ դնելով ու թեւերի տակ զարկելով՝ վերադառնում են գյուղ, բայց երբ գալիս է այդ գրությունները կատարելու ժամանակը, զարմացած հայտարարում են, որ դրանց մասին առաջին անգամ են լսում: Ի գիտություն բոլորիդ, այսուհետեւ բոլոր գյուղապետերը հաշվետվություն են ներկայացնելու լրագրողներին, մենք ժամանակացույց կսահմանենք»,- ասաց Կ. Աբրահամյանը: Մարզպետը խնդրեց գրավոր տեղեկացնել՝ հարցին վերջնական լուծում տալու համար: Մարզպետարանի ֆինանսական վարչության պետ Հովսեփ Սիմոնյանն էլ, տվյալներ ներկայացնելով սեփական եկամուտների հավաքագրման մասին, տեղեկացրեց, որ նախորդ տարիներից Շիրակի մարզում կուտակված 390 միլիոն դրամ աշխատավարձերի եւ սոցվճարների պարտքերից 173 միլիոնը մարվել է, չնայած որոշ համայնքներ՝ Գյումրին, Այգաբացը, Հովունին, Ողջին, Ծաղկուտը, Փոքր Սեպասարը ընթացիկ պարտքեր են կուտակել՝ 28 միլիոն դրամի չափով: Մարզի նախկին գլխավոր հարկահավաքը՝ մարզպետ Լիդա Նանյանը, նիստի այս հատվածը ուշադրությամբ լսելով, զայրացավ. «Համայնքապետեր կան, որոնց տեղից շարժել հնարավոր չէ, օրինակ՝ Վարդաղբյուրը, հողի հարկի հավաքագրումը այստեղ 0,3% է, գյուղապետն էլ երեւի էսօր հատուկ չի ներկայացել, չնայած մեզ դիմում է գրել՝ տեղեկացնելով, եթե 15 օրվա ընթացքում չկարողանա հավաքագրել, ապա դիմում կտա ու կհեռանա, ինչպես արեց Ախուրիկի նախկին գյուղապետը: Հայկաձորը եւս նույն վիճակում է»: Ապա մարզպետը գյուղապետերին զգուշացրեց, որ 50%-ից ցածր հավաքագրում կատարելու դեպքում կզրկվեն վճարովի հասարակական ծրագրից: Իսկ փայլուն հարկահավաքություն արած 23 գյուղապետեր պատվոգրեր ստացան: Այնուհետեւ ելույթ ունեցավ գյուղնախարարը՝ խոսելով գյուղատնտեսական հիմնախնդիրների մասին: Եվ քանի որ շիրակցիներին ամենաշատ հուզողը կարկտահարությունն ու դրա վնասներն էին, մենք նախարարից հետաքրքրվեցինք, թե կառավարությունը պատրաստվո՞ւմ է փոխհատուցում տալ: «Ի՞նչ փոխհատուցում, ումի՞ց են փոխհատուցում ուզում, փոխհատուցում կարող են ուզել, եթե մարդը ունի պայմանագիր՝ կապված ինչ-որ մի կազմակերպության, երկրի եւ պետության հետ: Ապահովագրական մեխանիզմ երկրում չկա, դրա համար էսօր ոչ թե փոխհատուցում պետք է լինի, այլ՝ աջակցություն, օգնություն գյուղատնտեսական տնտեսություններին: Միայն Շիրակի մարզը չի, մենք էս պահին ամբողջ երկրի վնասը ներկայացրել ենք կառավարությանը, կտեսնենք՝ միջազգային կազմակերպություններից, երկրի բյուջեից կամ դրամաշնորհային ծրագրից կնախատեսվի՞ որեւէ բան: Բնականաբար՝ առաջինը Շիրակը կլինի, քանի որ Շիրակում արհավիրքը ուժեղ էր, Շիրակը ամենից շատ էր վնաս կրել, եթե, կրկնում եմ, ինչ-որ բան նախատեսվի էդ ուղղությամբ»,- ասաց նախարարը:

Նիստի ընթացքում նախարարին զարմացրեց Շիրակի մարզի սննդամթերքի անվտանգության պետի այն պատասխանը, թե մինչեւ հանձնարարական չստանան՝ ստուգումներ չեն իրականացնում: «Դուք մոնիտորինգ չե՞ք անցկացնում, դուք չգիտե՞ք, որ հիմա զեղչերի ակցիաներ են կազմակերպում ժամկետանց սննդամթերքը վաճառելու համար, դուք ունե՞ք հայտնաբերված որեւէ դեպք»,- հարցրեց նախարարը՝ ապշելով շիրակցի պաշտոնյայի այն պատասխանից, թե իրենց հայտնաբերածը կապված է միայն «Մակկոֆեի» հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել